Ռուսաստանն ապագայում զենքի վաճառքն Ադրբեջանին չի շարունակի նույն ինտենսիվությամբ. Սկակով

«Ռուսաստանը մոտ ապագայում ստիպված կլինի դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակին:

Նա նշեց, որ բանակցային գործընթացից և հակամարտությունից մոտ ապագայում դրական զարգացումներ չի ակնկալում, քանի որ, նրա համոզմամբ, իրական բանակցային գործընթաց չկա: Սկակովի կարծիքով` սահմանին միջադեպերի նման հաճախակիության պայմաններում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամենաքիչը պետք է ձգտեին այնպես անել, որ միջադեպեր չգրանցվեն շփման գծում, բայց, ըստ Սկակովի, ակնհայտ է, որ դա որևէ մեկին անհրաժեշտ չէ, որևէ կողմ դրանով չի զբաղվում և անհանգստացած չէ: «Հասկանալի է, որ Ռուսաստանն այլ խնդիրներով է զբաղված, ամերիկացիների և ՆԱՏՕ-ի համար Լեռնային Ղարաբաղը հեռավոր շրջագիծ է, ակնհայտ է, որ այս պայմաններում պատերազմի վերսկսումը հնարավոր է:

Հասկանալի է նաև այն, որ պատերազմի վերսկսումը Բաքվին ձեռնտու չէ, բայց սկզբունքորեն պատերազմ կարող է սկսվել ոչ Բաքվի ցանկությամբ, այլ ինքնըստինքյան, այսինքն՝ լարվածություն, ապա՝ լուրջ գործողություններ և պատերազմ: Սա է վտանգավոր այս իրավիճակում, և այդ վտանգի զգացողությունը չունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը:

Վերջինս ասաց, որ չէր ասի, թե Ռուսաստանը հետաքրքրված չէ հնարավոր պատերազմը կանխարգելելու գործողություններով: «Պարզապես Ռուսաստանը չի անում այն, ինչ պետք է անի, որպեսզի Ղարաբաղում պատերազմ չլինի: Միանշանակորեն Ռուսաստանը կարող է ակտիվացնել բանակցային գործընթացը և Ադրբեջանին խոչընդոտել: Չեմ բացառում, որ ՌԴ իշխանություններն ունեն վստահություն, որ պատերազմ չի սկսվի, այդ պատճառով էլ չկա վտանգի զգացողություն, դրան հետևող կանխարգելիչ գործողություններ: Թեև նույնը տեղի էր ունենում Հարավային Օսեթիայի դեպքում, մտածում էին, որ պատերազմ չի սկսվի, այնինչ պատերազմ սկսվեց, և այն բավականին լուրջ կորուստների հանգեցրեց»,- մեկնաբանեց Ալեքսանդր Սկակովը:

Անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ անդրադարձին, ասաց, որ նման դիտարկումների պատճառը լարվածությունն է շփման գծում: Սկակովի համոզմամբ` Սերժ Սարգսյանի հայտարարությունը նաև ճնշում է Մոսկվայի նկատմամբ, որպեսզի դադարեցվի Ադրբեջանին զենքի վաճառքը: «Թեև այդ առևտուրը կոմերցիոն բնույթ է կրում, այն ունենում է նաև քաղաքական հետևանքներ, քանի որ Ադրբեջանն այդ զենքն «օգտագործում է» Ռուսաստանի դեմ, և դա Ռուսաստանում արդեն հասկանում են, ուստի զենքի վաճառքը, իմ համոզմամբ, ապագայում չի շարունակվի նույն ինտենսիվությամբ, ինչ նախկինում»,- ասաց Սկակովը:

 

Տեսանյութեր

Լրահոս