Խատուտիկը երկարակեցություն է պարգևում
Զարմանալի կենսաբանական հատկություններ ունեցող խատուտիկի հյութը (տես` այստեղ.) հարուստ է հեշտ յուրացվող օրգանական յոդով, կարգավորում է օրգանիզմի թթվա-ալկալային հավասարակշռությունը, արագացնում է ճարպերի այրումը, հեռացնում «վատ» խոլեստերինը, նպաստում երկաթի յուրացմանը, թուլացնում է արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա, լավացնում է մարսողությունը։
Հակաուռուցքային հատկություն
Քաղցկեղածին բջիջների աճը դանդաղեցնելու համար երբեմն խորհուրդ են տալիս օգտագործել կերակրի սոդա, քանի որ ալկալային միջավայրում քաղցկեղածին գոյացությունները տրոհվում են։ Նման ազդեցություն ունի նաև խատուտիկի հյութը։
Ֆրանսիայում խատուտիկը մշակվում է` որպես ուտելի բույս։
Զգուշացում։ Հակացուցված է ստամոքսի և աղիների հիվանդությունների, լուծի դեպքում։
Օրգանիզմը մաքրող
- Կես կգ տերևը 24 ժամ թրմեք թույլ աղաջրում` 400 մլ ջրում լուծեք 1 թ/գ աղ։ Լվացեք սառի ջրի տակ, ցայեք եռջրով, աղացեք, մզեք հյութը։ 1 ճ/գ հյութը լուծեք 200 մլ ջրի մեջ, խմեք օրը 3 անգամ` ուտելուց առաջ։
Խորհուրդ։ Թարմ հյութի պահպանման ժամկետը 24 ժամ է։ Խորհուրդ է տրվում հյութը պահածոյացնել.
- Խառնեք օղու հետ 5։1 հարաբերությամբ։
Օշարակ
Առանձնացրեք խատուտիկի ծաղիկները, կանաչ զանգվածից զտեք հյութը։ Ծաղիկները լցրեք հյութի մեջ, ավելացրեք ջուր` հյութի զանգվածի կեսի չափով, 10 րոպե եռացրեք։
Գոլ եփուկի մեջ լուծեք շաքարավազ (2։3), 1 ժամ եփեք դանդաղ կրակի վրա, քամեք, հումքը մզեք եփուկի մեջ։
Լյարդը մաքրող միջոց
- 200 գ տերևը 1 օր թրմեք աղաջրում, ցայեք եռջրով, աղացեք։ Ավելացրեք 2 ճ/գ արևածաղկի յուղ (ցանկալի է` չզտված) և 40 մլ օղի։ Կերեք 1-2 թ/գ, ընթրիքից 2-3 ժամ հետո։ Պահեք մութ, հով տեղում։
- Գերհոգնածություն, հիպերտոնիա. Մանրացրեք ծաղկազամբյուղները, ոչ խիտ տեղավորեք ապակյա տարայի մեջ, ծավալը լցրեք սառը ջրով, դրեք արևոտ տեղում, 2 օր թրմեք, քամեք, հումքը մզեք։ Թուրմի մեջ լուծեք բժշկական սպիրտ` 20։1 հարաբերությամբ։ Առավոտյան և երեկոյան ընդունեք 4-ական կաթիլ` լեզվի տակ, կատարեք ամեն օր։
- Գեղարարություն. Ծաղկի թուրմով շփեք պիգմենտային բծերը և պեպենները։
Ցելյուլիտի դեպքում տերևից ստացված պատրաստուկներն օգտակար են և՛ ներքին, և՛ արտաքին օգտագործման համար։
- Վիտամինային թեյ. 1 ճ/գ խատուտիկի չոր տերևը 10 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` ուտելուց 30 րոպե առաջ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: