Թուրքիայի առաջին ատոմակայանը շահագործման կհանձնվի երկու տարի ուշացումով՝ կապված ՌԴ-ի ֆինանսական դրության հետ

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջին ատոմակայանը շահագործման հանձնելու ժամկետը հետաձգվել է առնվազն երկու տարով: Ավելի վաղ ակնկալվում էր, որ Միջերկրածովյան Աքքույու վայրում կառուցվելիք ատոմակայանը շահագործման կհանձնվի 2020 թվականին:

Սակայն այժմ հայտնի է, որ դա տեղի կունենա 2022 թվականին: Այս մասին են վկայել բրիտանական Reuters լրատվական գործակալության աղբյուրները: Նրանք հիշեցրել են, որ Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը («Ռոսատոմ» ընկերություն), որի դեմ Ղրիմի դեպքերից հետո ԱՄՆ-ն ու ԵՄ-ը սահմանել են պատժամիջոցներ, որոնք բացասաբար են ազդել նրա տնտեսության վրա:

Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական դրության վրա բացասաբար է ազդել նաև նավթի կտրուկ գնանկումը: Ատոմակայանի կառուցումն ու շահագործման հանձնումը մեծապես կարևորվում է Թուրքիայի համար, ով պահանջվող նավթի ու բնական գազի ավելի քան 90 տոկոսը ներկրում է արտերկրից:

Աքքույուի ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ, ընդհանուր՝ 4800 մեգավատտ: Դրա կառուցումը գնահատվում է 20 միլիարդ դոլար: Թուրքիայի երկրորդ ատոմակայանը սևծովյան Սինոպում կառուցելու է ֆրանս-ճապոնական կոնսորցիումը:

Տեսանյութեր

Լրահոս