Զարուհի Փոստանջյանը փրկեց իշխանությանը

Ազգային ժողովը երեկ մերժել է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությունը: Փոստանջյանը դրանով առաջարկում էր, որպեսզի խորհրդարանը հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը դատապարտող և սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու մասին հայտարարություն ընդունի: Նախագիծը մերժվել է իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի ջանքերով. ՀՀԿ-ականներն ուղղակի չեն մասնակցել քվեարկությանը: Խորհրդարանական մյուս ուժերը թեև վերապահումներ են ունեցել հայտարարության նախագծի տեքստի հետ կապված, սակայն կողմ են քվեարկել այն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելուն՝ քննարկումների միջոցով համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

Հասկանալի է, որ խնդիրը ոչ այնքան բուն հայտարարության տեքստն է, որքան փաստը, որ ԱԺ-ում կարող էր Գյումրիի սպանդի ու դրա հետևանքների վերաբերյալ քննարկում ծավալվել: Ակնհայտ է, որ այդ քննարկումների ընթացքում արդարացիորեն հնչելու էին հակառուսական հայտարարություններ, քանի որ գոնե մինչև այս պահը ռուսական կողմի գործողություններն ուղղված են սպանությունը պարտակելուն: Իսկ Հայաստանի իշխանությունը դա չէր կարող թույլ տալ: Առավել ևս՝ անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանում «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո, որը վերածվել էր հակառուսական հայտարարությունների ամբիոնի: Դրանից հետո Պերմյակովի հարցով ԱԺ-ում քննարկումները կարող էին արժանանալ ռուսական կողմի, մեղմ ասած, դժգոհությանը, ինչը, հասկանալի է, Հայաստանի իշխանության համար անթույլատրելի է: Դրա համար էլ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը մերժվեց: Բայց կա նաև հարցի հակառակ կողմը: Ակամայից՝ այս նախաձեռնությամբ ու այն մերժելու հնարավորությամբ, Փոստանջյանն ինչ-որ իմաստով փրկեց նաև իշխանությանը, որը Հայաստանի ու հայ հասարակության համար այդչափ զգայուն հարցի մերժումը ռուսական կողմին կարող է ներկայացնել՝ որպես հավատարմության հերթական դրսևորում:

Հասկանալի է, որ առնվազն մարդկայնորեն բոլոր ՀՀԿ-ականներն էլ կողմ են, որ Պերմյակովն օր առաջ փոխանցվի հայկական կողմին, ինչը, սակայն, իշխանությունը չի կարող անել: Բայց կողմ լինելով մարդկայնորեն՝ նրանք իրականում ընդդիմանում են դրան քաղաքականապես՝ ռուսներին ավելորդ անգամ չնեղացնելու համար: Իսկ դա ռուսները գուցեև հասկանան և համարեն Հայաստանում «Եվրանեսթի» խորհրդաժողովի անցկացման «հաշիվը», որը ՀՀԿ-ն վճարել է՝ չմասնակցելով քվեարկությանը:

Լուսանկարը PanarmenianPhoto-ի

 

Տեսանյութեր

Լրահոս