
Այս տարի ՌԴ-ից կապիտալի արտահոսքը չի գերազանցի 90 միլիարդ դոլարը. Սիլուանով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կարծում է, որ ընթացիկ տարում երկրից կապիտալի արտահոսքը չի գերազանցի 90 միլիարդ դոլարը: Սիլուանովը Պետդումայի նիստի ժամանակ հայտարարել է.
«Այս տարի մենք պլանավորում ենք կապիտալի ավելի փոքր արտահոսք՝ մոտ 70-80, սակայն առավելագույնը 90 միլիարդ դոլար»: Սիլուանովը հավելել է, որ ռուսական պետական ընկերություններում աշխատավարձերը պետք է կրճատվեն բյուջետային սեկտորի նման, և որ համապատասխան որոշումներ պետք է ընդունեն տնօրենների խորհուրդները:
Ավելի վաղ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել էր, որ այս տարի կապիտալի արտահոսքը պետք է պակաս լինի 100 միլիարդ դոլարից:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալներով՝ 2014 թվականին երկրից կապիտալի մաքուր արտահոսքն աճել է 2.5 անգամ՝ հասնելով մինչև 151.5 միլիարդ դոլարի: Սիլուանովը նախորդ տարվա կապիտալի արտահոսքը շաղկապել է առաջին հերթին փոխարժեքային քաղաքականության փոփոխականության հետ: