Հանկարծամահ եղած եւ Ադրբեջանի կողմն անցած զինծառայողների մասին տեղեկություններ ՀՀ ՊՆ-ին հայտնի չեն. ԳԱԼԱ
Երեկ բանակից միանգամից երկու տխուր լուր ստացվեց. մեկն այն, որ զինծառայող է հանկարծամահ եղել, մյուսը՝ որ պայմանագրային զինծառայողն, իր զենքերը թողնելով հայկական կողմում, անցել է Ադրբեջան:
Հանկարծամահ եղածը ժամկետային զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանն է: Ըստ տեղեկությունների՝ նրան ընդամենը 2 ամիս էր մնում զորացրվելուն:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ոչինչ հայտնի չէ, թե ինչը կարող էր լինել զինվորի մահվան պատճառը: Այդ իսկ պատճառով Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե զինծառայողը հիվա՞նդ է եղել, առողջական խնդիրնե՞ր է ունեցել, ինչ-որ բանից բողոքել է դեպքին նախորդող օրերին, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիվանդ չի եղել, առողջական խնդիրներ չի ունեցել:
Մարտական դիրքից հեռացած զինծառայողը ծնունդով Արցախից է՝ շարքային-պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Թե որն է եղել պատճառը, որ նա, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել, այս մասին առայժմ տեղեկություններ չկան:
Կայքի այն հարցին, թե զինծառայողը ինչ խնդիրներ է ունեցել՝ առողջական, միջանձնային, հնարավո՞ր է վիճաբանություններ են եղել, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանը դարձյալ ասաց, որ ոչինչ հայտնի չէ, եւ բոլոր այդ հանգամանքները պարզվում են:
Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը դարձյալ դիվերսիոն գործողություն էր իրականացրել, որի արդյունքում թեեւ հայկական կողմին հաջողվել էր հետ շպրտել թշնամուն, սակայն ունեցանք նաեւ զոհեր ու վիրավորներ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: