Բաժիններ՝

Ինչո՞ւ է հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը պարբերաբար խափանվում

168.am-ը գրել էր, որ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը գործում է արդեն շուրջ 5 տարի, սակայն մինչ օրս այն պարբերաբար խնդիրներ է հարուցում հարկատուների համար. հարկատուները դժգոհում են «Հարկատու 3»-ի աշխատանքից, հաշվապահներին հասանելի չեն ՍՊԸ-ների, ԱՁ-ների տարեկան հաշվետվությունների ձևերը (ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է), էլեկտրոնային հաշվետվությունը ստորագրված բեռնելիս` համակարգն ասում է՝ «Ստորագրության ստուգումը չի հաջողվել» և այլն, և այլն:

Հարկային էլեկտրոնային համակարգում ստեղծված խառնաշփոթի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ է համակարգը խափանվում, և ի՞նչն է խնդիրը: Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից տեղեկացրել են, որ 2014-ից սկսվել և ներկայում էլ շարունակվում են ՀՀ տնտեսական դաշտը կարգավորող օրենսդրության աննախադեպ ծավալի փոփոխությունները, որոնք էլ իրենց հերթին փոփոխություններ են ենթադրում ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգում: Դրանց կատարման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

  • հարկային օրենսդրության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ծրագրավորել որոշ հարկատեսակների հաշվարկների, հայտարարությունների նոր ձևերը,
  • ԵՏՄ անդամակցություն, որի արդյունքում ներդրվում է լրիվ նոր ծրագրային ապահովման համակարգ,
  • Կուտակային վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմի փոփոխություններ, որոնց արդյունքում նախորդ երկու տարիներին կատարված էական ծավալի ծրագրավորման աշխատանքներ վերածրագրավորվել և շարունակվում են վերածրագրավորվել:

Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը, Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում է Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր: ՀՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է հարկ վճարողներին էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխություններին վերաբերվել ըմբռնումով` հաշվի առնելով դրանց ժամանակատար լինելը:

Նախարարությունից նաև հետարքրքվել էինք, թե որքա՞ն գումար է ծախսվել այս տարիներին համակարգի ստեղծման և սպասարկման համար: ՖՆ վարչությունից պատասխանել են, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2011 թվականին «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգը ձեռք է բերել 355 մլն 600 հազար դրամով, իսկ համակարգի սպասարկման ծառայությունների ընդհանուր գումարը կազմել է 489 մլն 833.5 հազար դրամ: Այսինքն՝ ընդամենը համակարգի ձեռքբերման և սպասակման համար վճարվել է 845 մլն 433.5 հազար դրամ:

Կարդացեք նաև

Նշենք, որ համակարգը ստեղծվել և սպասարկում է «Յուքոմ» ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս