«Մենք ապրում և աշխատում ենք միասին, բայց մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով»

Ինգա և Անուշ Արշակյան քույրերը հայկական շոու-բիզնեսի այն հազվադեպ արտիստներից են, որոնց մասին գրեթե չեն հնչում բացասական որակներ կամ մեկնաբանություններ։ Առաջին հերթին` հենց այն պարզ պատճառով, որ նրանք իրենց անմիջականությամբ, պրոֆեսիոնալիզմով շատ ավելին են, քան պարզապես շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Իրենց կերպարով ասես ոչ մի կերպ չեն ասոցիացվում շոու-բիզնես ասվածի` կարծրատիպ դարձած պատկերացման հետ։ Վերջերս Ինգան և Անուշը հանրության դատին հանձնեցին «Ապրելու ապրիլ» տեսահոլովակը, ինչպես նաև` Ինգա Արշակյանը դարձավ այս տարվա «Եվրատեսիլի» Հայաստանի ներկայացուցիչ «Genealogy» խմբի 6-րդ անդամը։

– Ինգա և Անուշ, որքան Ձեզ հիշում ենք, ինչ էլ որ անում եք, հիմնականում դրական արձագանքների եք արժանանում։ Եթե տեսահոլովակների առումով տարաձայնություններ լինում են, ապա երգերի պարագայում, առաջին հերթին, Ձեր երկուսի ձայնային տվյալների շնորհիվ, բացասական կարծիքներ գրեթե չեն հնչում։ Սակայն հետաքրքիր է, թե որքանո՞վ եք Դուք ընդունում Ձեզ ուղղված քննադատությունները։

Ինգա.– Անհնար է բոլորին գոհացնել, յուրաքանչյուրն ունի իր ճաշակը, մոտեցումն ու նախասիրությունը։ Բայց մենք միշտ պատրաստ ենք լսել առողջ քննադատություն, հատկապես՝ մասնագետների և մեր հարազատների կողմից։

Inga-Anush Arshakyan (19)

Կարդացեք նաև

Inga-Anush Arshakyan (5)

Անուշ.- Առողջ և կառուցողական քննադատությունը նույնիսկ օգնում է` շտկել թերությունները և առաջ շարժվել։ Չնայած` յուրաքանչյուր ստեղծագործող անձ (և ես էլ բացառություն չեմ) շատ զգայուն է բացասական կարծիքների նկատմամբ։

– Թվում է` Դուք երգում եք դեռևս «անհիշելի» ժամանակներից։ Սակայն իրականում որքա՞ն ժամանակ է` բեմում եք։

Ինգա.- Մեր դուետը մեծ բեմում է արդեն ավելի քան 15 տարի։

Անուշ.- Կարծում եմ` այդ տպավորությունը մեր երգացանկում առկա որոշ երգերով է պայմանավորված. դրանք անհիշելի ժամանակներից մեզ հասած գանձեր են, որոնք մենք, ընդամենը 15 տարի է, ինչ պեղում ենք, զգուշորեն վերլուծում, նորովի գործիքավորում և ներկայացնում ունկնդրի դատին։

Inga-Anush Arshakyan (8)

Inga-Anush Arshakyan (4)

Inga-Anush Arshakyan (12)

Inga-Anush Arshakyan (22)

– Տպավորություն է, թե Դուք ամեն ինչ միասին եք անում։ Անբաժան եք` միշտ և ամենուր։ Որքանո՞վ ճիշտ կամ թյուր կարծիք է դա իրականում։

Անուշ.- Մենք ապրում և աշխատում ենք միասին, բայց մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, ունի իր նախասիրությունները և այն ժամանակը, որն ամենքս մեր ձևով ենք տնօրինում։

Ինգա. – Այս պահին Անուշը երգեցողության դասեր է մատուցում (վերջերս հայտարարել էինք, որ պատրաստ ենք մեր գիտելիքներով ու փորձով կիսվել և բացել ենք «երգի դասարան»), իսկ ես այս պահին զբաղված եմ «Եվրատեսիլով»…

Inga-Anush Arshakyan (7)

Inga-Anush Arshakyan (6)

– Մեր երկրի համար բոլոր կարևորագույն իրադարձությունների հետ առնչվող տոնական երգերի առաջին կատարողներից եք, ինչպես օրինակ` «Մենք ենք, Սարերը մեր», «Իմ անունը Հայաստան է»գ Կարծես դարձել եք որակի խորհրդանիշ։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Եվ այդ ամենը կլինե՞ր արդյոք այդպես, եթե չլիներ համագործակցությունը «Շարմի» հետ։

Ինգա.- Հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է։ Ճիշտ է, առաջին պլանում մենք ենք երևում, բայց մեր կողքին կանգնած է պրոֆեսիոնալների մի մեծ բանակ, որի աշխատանքի շնորհիվ այդ ամենը կյանքի է կոչվում և շարունակում ապրել։

Inga-Anush Arshakyan (10) Inga-Anush Arshakyan (9)

Inga-Anush Arshakyan (2)

Անուշ.- «Ինգա-Անուշը» պրոդյուսերական նախագիծ է, որն ինքներս ենք նախաձեռնել և զբաղվել երաժշտական պրոդյուսինգով, և չեմ կարող ասել, որ այդ փորձն անհաջող էր։ Բայց արդեն շուրջ 7 տարի է` մեր փոքրիկ նավակի ղեկը հանձնել ենք «Շարմ» ընկերությանը, ինչի համար և ոչ մի վայրկյան չենք փոշմանել։

– Դուք` երկու քույր, այնքան հասուն և խելացի եք թվում, որ տպավորություն է, թե երբեք ոչ մանուկ եք եղել, ոչ էլ դեռահասգ Ի՞նչը կամ ո՞ր իրադարձությունն է Ձեր կյանքում այդքան հասունացրել Ձեզ։

Ինգա.– Ոչ ոք կատարյալ չէ, այդ թվում` և ես. անկախ նվաճումներից` միշտ սովորելու բան կա…

Անուշ.- Հասուն մարդ լինելու մասին խոսքերը որպես հաճոյախոսություն եմ ընկալում… «Գութան» և «Ճանապարհ» երգերի հեղինակը ես էի (դրանք ձայնագրել էինք նախքան «Շարմի» հետ համաձայնագիր կնքելը), այդ երգերից մեկն իմ ըմբոստ դեռահասությունն է, մյուսը` երազկոտ ու խաղաղ մանկությունը։

Inga-Anush Arshakyan (1)

– Ինչպիսի՞ն եք Դուք բեմից, կադրից դուրս։ Ինչպիսի՞ն եք իրականում։

Ինգա.- Մարդկային ամեն բան մեզ հատուկ է։

Անուշ.– Այդ տարբերությունը զգալու համար պետք է մեզ ճանաչել, մեկ-երկու բառով այդպես չես ներկայացնի։

– Տարիներ առաջ Մոսկվայում կայացած «Եվրատեսիլին» Ձեր համատեղ մասնակցությունը բուռն քննարկումների տեղիք տվեց։ Կարծիքները բազմազան էին։ Թերևս, ամենաշահարկվողն այն էր, որ իզուր էին Ձեր այդ օրվա ոճը, կերպարը տրամադրել, վստահել ռուսական հայտնի ոճաբանների հայեցողությանը։ Այսօր արդեն, երբ այդ ամենն անցյալում է, ի՞նչ կարծիքի եք Դուք։

Ինգա.- Կերպարների գաղափարը հետաքրքիր, անսպասելի և զարմացնող էր եվրոպացի հանդիսատեսի համար, այդ մասին էին վկայում արձագանքները։ Գուցե մեր երկրպագուների համար դիմահարդարումը տարօրինակ էր, բայց հավատացեք, դա չափազանց ազդեցիկ, էկզոտիկ և հետաքրքիր էր այլազգի հանդիսատեսի համար։

Inga-Anush Arshakyan (18)

Inga-Anush Arshakyan (23)

Անուշ.- Այսօր, երբ այդ ամենն արդեն եղելություն է, զուր եմ համարում դրա մասին խոսելը։

– Դժվար է բեմում Ձեզ առանձին պատկերացնելը։ Այսօր արդեն հայտնի է, որ Ինգան, ի թիվս մյուս հայ մասնակիցների, ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլում»։ Ինչո՞ւ Ինգան և ոչ` Դուք։

Անուշ.- Իսկ ինչո՞ւ` ոչ Ինգան։ Նա միանշանակ խոշոր կտավի գործեր երգելու համար է ստեղծված։ Դեռ «Անահիտ» մուլտֆիլմի ժամանակ ես եմ նրա թեկնածությունն առաջարկել։ Իսկ եվրատեսիլյան երգի հարցում ընտրությունը պրոդյուսերներինն էր։ Եվ ես վստահ եմ` Ինգան դեռ շատ կզարմացնի հանդիսատեսին։

– Անուշ, ճի՞շտ է, որ Դուք պարզապես հրաժարվել էիք ևս մեկ անգամ մասնակցել «Եվրատեսիլին»։

Անուշ.- Ոչ։

– Որպես քույր` ի՞նչ խորհուրդներ եք տվել Ինգային այս առիթով։

Անուշ.- Նա ինքնուրույն է և ինքնաբավ` թե՛ որպես երգչուհի, և թե՛ որպես անձ։ Անկեղծ ասած, խորհրդի կարիք չի էլ եղել, ես պարզապես նրանով հպարտանում եմ։

– Ձեր նոր` «Ապրելու ապրիլ» տեսահոլովակը շատ ավելի տպավորիչ և ազդեցիկ է, քան եվրատեսիլյան տեսահոլովակը։ Դա, թերևս, իմ սուբյեկտիվ կարծիքն է, իհարկե։ Իսկ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցում։

Ինգա.- «Ապրելու ապրիլ» երգն ու տեսահոլովակը հուզիչ է հատկապես այն մարդկանց համար, ում երակներում հայի արյուն է հոսում։ Այն մեր խոնարհումն է մեր նախնիների հիշատակի առջև։ Երգը, որը կհնչի եվրատեսիլյան բեմում, այլ խորհուրդ և նպատակ ունի։ Այն լույսի, սիրո, մնայուն արժեքների մասին է։ Տեսահոլովակում երևացող գերդաստանը ներկայացնում է սերնդափոխությունը, իսկ ասեղնագործվող թռչունը խաղաղության, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման խորհրդանիշն է։ Երկու տեսահոլովակն էլ իրենց ուրույն տեղն ու բարձր արժեքն ունեն ինձ համար։

Անուշ.- Եվրատեսիլյան երգի ստեղծագործական կազմի առջև բավականին բարդ խնդիր էր դրված. կարծում եմ` նրանց հաջողվել է ներկայանալի երգ և տեսահոլովակ ստեղծել եվրոպացի լսարանի համար, և միևնույն ժամանակ` չաղաղակել, այլ ուղղակի շշնջալ մեր ուղերձն առ մարդկություն։ Ինչ վերաբերում է «Ապրելու ապրիլ» տեսահոլովակին, ես երջանիկ եմ աշխատել, ըստ իս, մեր ժամանակի հանճարեղ ռեժիսոր Դավիթ Բաբայանի և մի ողջ ստեղծագործական խմբի հետ, որն ապրում է, շնչում և վառվում արվեստով, այլ ոչ թե` շատերի համար չափանիշ դարձած առևտրի օրենքներով։

 

Տեսանյութեր

Լրահոս