«Ձևի տեսանկյունից` ստանդարտ, բովանդակության տեսանկյունից՝ խայտառակություն»

Հարցազրուց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալներ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանի հետ

– Պարոն Քոչարյան, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկե՞լ եք վճռաբեկ դատարան:

– Այո, ես իմ բոլոր վստահորդների մասով արդեն վճռաբեկ բողոք եմ ներկայացրել վճռաբեկ դատարան:

– Ի՞նչ եք պահանջել վճռաբեկ դատարանից:

Կարդացեք նաև

– Դատարանից պահանջել եմ փոփոխել դատական ակտը և արդարացման հիմքով այն բեկանել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության այն հիմքերով և հիմնավորումներով, որոնք ես դրել եմ վճռաբեկ բողոքի հիմքում: Հիմնական փաստարկներս հետևյալն են: Առաջին՝ վերաքննիչ դատարանը բացարձակապես չի անդրադարձել այն փաստերին, իրավական նորմերի վերլուծություններին, որոնք ես ներկայացրել եմ: Ընդամենը երկու պաշտպանի բողոքին էր անդրադարձ կատարված, ընդամենը, իսկ մեր մյուս հիմնավորումները ոչ թե հերքել էր ստուգմամբ, այլ ընդհանրապես չէր արձագանքել դրանց: Ես կարծում եմ՝ կոպտորեն խախտվել է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջը, և Դատավարական օրենքի էական խախտման հիմքով արդեն իսկ համապատասխան ակտը ենթակա է բեկանման: Երկրորդ փաստարկը կապված է խուլիգանության որակման հետ:

Ես կարծում եմ, որ քրեական օրենքը, այնուամենայնիվ, սխալ է կիրառել դատարանը, այն վերլուծությունները, որոնք արված են առաջին ատյանի դատարանի կողմից, վերաքննիչ դատարանն ապրիորի հիմք է ընդունել: Այսինքն՝ ոչ թե ստուգել է քրեական օրենքի կիառման ճշտությունը, այլ պարզապես վերարտադրել է առաջին ատյանի դատարանի ներկայացրած վերլուծությունը, իսկ այդ վերլուծությունը որևէ կապ չունի քրեական օրենքի համապատասխան ձևակերպման հետ: Խոսքը խուլիգանության հանցակազմի հատկանիշների մասին է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտում խոսվում է խուլիգանության որակյալ հանցակազմի մասին, որը բացարձակ կապ չունի այն ձևակերպումների հետ, որոնք ամրագրված են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում: Հիմքերից մեկը Վահեի մասով էր, որ խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը, քանի որ դատարանն այդպես էլ չի ստուգել` «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու կարգն ու պայմանները պահպանվե՞լ են, թե՞ ոչ:

Մենք պնդում ենք, որ խախտված է «Հավաքների ազատության մասին» օրենքը, այսինքն՝ անօրինական կիրառվել է ուժ, իսկ անօրինական ուժ կիրառելու պարագայում 316-րդ հոդվածը չէր կարող մեղսագրվել այդ անձանց, քանի որ նրանց հավաքների ազատության իրավունքն է խախտվել, հետևաբար` կարող էր խոսք գնալ միայն անհրաժեշտ պաշտպանության մասին կամ անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանների մասին: Այս հիմքերով եմ ես բողոքը ներկայացրել և արդարացի դատական ակտ եմ ակնկալում:

– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը Ձեր փաստարկներին չի անդրադարձել:

– Որպես այդպիսին` վերաքննություն գոյություն չի ունեցել, ընդամենն արարողակարգ էր: Այսպես ասեմ, վերջում ստացանք մի որոշում. ձևի տեսանկյունից` ստանդարտ, բովանդակության տեսանկյունից, իմ կարծիքով, խայտառակություն:

– Պարոն Քոչարյան, վերաքննիչ դատարանում որոշ պաշտպաններ այդպես էլ հնարավորություն չունեցան միջնորդություններ ներկայացնելու, քանի որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դուք միջնորդություններ ունեի՞ք ներկայացնելու:

– Անձամբ ես միջնորդություններ չունեի, բայց պատրաստ էի միանալու այն պաշտպանների միջնորդություններին, որոնց ներկայացման ցանկության մասին ես տեղյակ էի, քանի որ նիստից առաջ նախապես որոշակի քննարկում եղել էր, բայց դատական նիստը հանկարծակի ընդհատվեց, այսպես ասեմ՝ Շանթ Հարությունյանի հետ լարվածության ֆոնի վրա, և դատարանը կարծես թե չլսեց անգամ այդ միջնորդությունները` արագ ընդհատելու պատճառով:

Համենայնդեպս, ես կարծում եմ, որ դա էլ նորմալ չէր, պետք է բոլոր կողմերին հնարավորություն տրվեր միջնորդությունների հարցը քննարկել, մանավանդ որ, որոշվել էր` ըստ հերթականության կամ ըստ հաջորդականության այդ հարցը սպառել՝ արդյոք պաշտպանության կողմի ներկայացուցիչները դատաքննությունը լրացնելու, նոր ապացույցներ ներկայացնելու կամ այլ միջնորդություններ ունե՞ն: Բայց այդ լարվածության հարթության վրա դատական նիստն ընդհատվեց և գործի քննության ավարտ հայտարարվեց և նշվեց որոշման հրապարակման օրը:

– Դատարանի այդ վարքագիծը կարո՞ղ եք շտապողականություն համարել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էլ ամբաստանյալներից մի քանիսը վերջին խոսքի իրավունքից օգտվելու հնարավորություն չունեցան:

– Առաջին ատյանի դատարանում լինում էին նման կոնֆլիկտային իրավիճակներ, բայց կարծես թե դատարանն այնուամենայնիվ որոշակի ավելի զուսպ վարքագիծ էր դրսևորում, բայց վերաքննիչ դատարանը՝ հակառակը, կարծես թե տուրք էր տալիս կոնֆլիկտին: Ես կարծում եմ, որ նորմալ երևույթ չէր, ավելի զուսպ, ավելի հավասարակշռված մոտեցումը, կարծում եմ, կողմերին հնարավորություն կտար լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները: Այս իմաստով չեմ կարող ասել, թե դատավորների մտքներով ինչ անցավ: Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ որոշ պաշտպանների միջնորդություններ այդպես էլ չլսվեցին, ավելի ճիշտ՝ հնարավորություն չտրվեց դրանք հնչեցնել:

Հ.Գ. Նշենք, որ Ալբերտ Մարգարյանը և Միսակ Առաքելյանը մեղավոր էին ճանաչվել խուլիգանության կատարման մեջ: Ալբերտ Մարգարյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի, սակայն ազատվել էր պատժի կրումից, իսկ Վահե Մկրտչյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ դատապարտվելով 7 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս