ՍԴՀԿ-ն անհապաղ անցնում է հրապարակային միջոցառումների
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի ելույթը ՍԴՀԿ նվիրված 128-ամյակին.
«Սրբազան Հայր, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության ատենապետ ընկեր Հակոբ Տիգրանյան, հարգելի ներկաներ, ընկերներ-ընկերուհիներ
Զեկուցում եմ ձեզ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը թևակոխեց իր ստեղծման 128-րդ տարին: Աշխարհում քանի՞ քաղաքական կուսակցություն կա, որ ունի 128 տարվա պատմություն: Աշխարհում քանի՞ կուսակցություն կա, որ 128 տարի շարունակում է իր անխափան երթը՝ չնայած տեռորներին, արգելանքներին, մահափորձներին ու դավաճանություններին: Հավատացեք, եթե այդպիսիք անգամ կան, ապա նրանց կարելի է հաշվել մի ձեռքիս մատերով:
Բայց, ժամանակի պարապ վաճառք կլինի, եթե մենք այսօր հավաքվենք այս դահլիճում, միմյանց շնորհավորենք 128-ամյակի կապակցությամբ և ցրվենք տներով կամ գրասենյակներով: Իսկ մենք այսօր, այստեղ չենք եկել ուրախանալու ու բաժակաճառեր ասելու, այսօր պիտի աշխատենք:
Անկեղծ լինենք… Փաստ է, որ անկախությունից ի վեր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն այդպես էլ Հայաստանի քաղաքական դաշտում դեռ չզբաղեցրեց իրեն արժանի տեղը: Ամբողջ աշխարհով մեկ հսկայական կառույցներ, դպրոցներ, մարզական ու բարեգործական միություններ ունեցող կազմակերպությունը չկարողացավ ըստ արժանվույնս ներկայանալ Հայաստանի քաղաքական դաշտում: Ավելին, նման փառահեղ պատմություն ունեցող կուսակցությունը Լիբանանում ունի խորհրդարանական ֆրակցիա, իսկ Հայաստանում չի մասնակցել վերջին ընտրություններին: Սա, իհարկե, մեր մեծագույն բացթողումն է: Եվ այո՛, մենք պետք է ընկնենք դռնեդուռ, մենք պետք է ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանանք աշխատանքով, վստահությամբ, այլ ոչ թե փողով կամ վախեցնելով, ինչպես ընդունված է մեր քաղաքական դաշտի շատ կոնկրետ դերակատարների մոտ:
Հիմա, արդեն լավի մասին… Վատ օրերն անցյալում են: Անկեղծ լինենք, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում համարյա չկան գաղափարական հետագիծ ունեցող կուսակցություններ, կուսակցություններ, որոնք չեն շեղվել իրենց իդեալներից: Ո՞վ է գաղափարական, ՀՀԿ-ն՝ իր խորհրդարանական խմբակցության որոշ պայծառ ներկայացուցիչներով, ՕԵԿ-ը, թե՞ Ժառանգությունը… Չեմ խոսում Հայ ազգային կոնգրեսի մասին, որի գաղափարական հիմքը միայն և միայն պայմանավորված է այն փաստով, թե ինչպիսի տրամադրությամբ կարթնանա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Կամ գաղափարական կուսակցություն է, լա՛վ, հարցս այսպես ձևակերպեմ, ընդհանրապես կուսակցությո՞ւն է Բարգավաճ Հայաստանը: Իշխանական մեքենայի առաջին իսկ ու ոչ այնքան լուրջ ապտակից հետո այդ կուսակցությունը դարձավ ընդամենը խորհրդարանում ժամանակավորապես ֆրակցիա ունեցող մի խումբ, որն էլ, բնական է, օրի օրի ավելի է հալվելու: Ընդհանրապես, մեկ սյան վրա հիմնված կառույցը կենսունակ չէ, դա վերաբերում է բոլորին՝ անխտիր:
Հարգելի ներկաներ, այսօր Հայաստանի հասարակության, մեր քաղաքացիների առջև կան դրված բազում մարտահրավերներ, որոնք օր առաջ լուծման են կարոտ: Սոցիալական անարդարությունների մի ամբողջ շքերթ, օլիգարխիայի դոմինանտությունը հասարակական հարաբերություններում, կոռուպցիա… Սրանք մի քանիսն են այն օրհասական խնդիրներից, որի հետևանքով, այսօր՝ հենց այս պահին Հայաստանը լքում են ևս մի խումբ քաղաքացիներ՝ արտերկրում ավելի արժանապատիվ ու պաշտպանված կյանք փնտրելու ցանկությամբ:
Ո՞րն է այս ամենի լուծումը… Շատ քաղաքական ուժեր ասում են հեղափոխությունը, սակայն իշխանական մեքենայի առաջին իսկ հարվածի դեպքում տուն են գնում՝ մոռանալով թե՛ հեղափոխության, թե՛ անգամ իրենց կուսակցության և կազմակերպության մասին: Հեղափոխությունների փորձ, անկեղծ ասենք, Հայաստանում շատ է եղել և բոլորն էլ վերջում ողբերգական իրադարձություններով են ավարտվել: Հիմա ինչ-ինչ մարգինալ խմբեր քարոզում են ապրիլի 24-ին հեղափոխություն անելու մասին՝ առանց հաշիվ տալու իրենք իրենց, որ եթե Հայաստանում այդ օրը թեկուզ մեկի քթից արյուն գա, ուրեմն և մեր դատը արժեզրկելու ենք ամբողջ աշխարհի և ինքներս մեր առջև:
Հիմա հարց, այդ պարագայում ո՞րն է ճանապարհը: Մի կողմից հայտարարված բուրժուա-դեմոկրատական օլիգարխիկ հեղափոխությունը տեղի չունեցավ, եռյակ-քառյակի գործունեությունը նման էր ի սկզբանե պարտության մատնվող խմբակի գործունեության, ապրիլի 24-ի մարգինալ հեղափոխականներն էլ մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր չունեն ո՛չ այնքան հեղինակություն, ո՛չ այնքան վճռականություն, որպեսզի իրենց հայտարարությունները մինչև վերջ հասցնեն:
Այնինչ երկիրն իսկապես գտնվում է խոր, համակարգային ճգնաժամի մեջ: Սոցիալական խայտառակ վիճակն օր-օրի ավելի է ահանգնանում, փաստ է, որ կան տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք օրվա հացի կարոտ են, իսկ այդ ընթացքում երկրի օլիգարխիկ հատվածն ավելի ու ավելի հարստանում: Այնքան վատ վիճակի ենք հասել, որ հայտնի օլիգարխներից մեկն ամեն օր 3-ական լավաշ է բաժանում քաղաքացիներին: Մի՞թե սա ողբերգություն չէ, երբ 80-անց տատիկը մի քանի ժամ հերթ է կանգնում՝ 3 ձրի լավաշ ստանալու համար:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խորապես համոզված է, որ երկիրը ճգնաժամից հանելու միակ միջոցը համակարգային փոփոխություններն են: Հիմա շատերի մոտ հարց կառաջանա՝ ո՞րն է այդ համակարգը, անձերը պետք է փոխվեն: Լա՛վ, անձերն են կերտում համակարգը, բայց 90-ականներից սկսյալ քանի՞ նախագահ ու վարչապետ ու նախարար ենք փոխել մենք: Դրանից կաշառակերությունը վերացե՞լ է, անձի փոփոխությունը հանգեցրե՞լ է արդյոք երկրում որակական դրական առաջընթացի: Իհարկե, ո՛չ: Մեր հիմնական, միակ խնդիրն այս արատավոր համակարգն է… Փորձիր արգելել որևիցե միջին օղակի կաշառակերին փող չուտել և համակարգն անմիջապես սաբոտաժի կդիմի: Սա փաստ է, Հայաստանի կառավարման համակարգը թաղված է կաշառակերության ու կոռուպցիայի մինչև ոտքից ցգլուխ…
Համակարգային փոփոխությունների անցկացման հիմնական և միակ հնարավորությունը գաղափարական պայքարի հիման վրա ձևավորված ազգային միասնության կառավարության ստեղծումն է: Կառավարություն, որը հիմնված չէ «Պոլի փետ լինի, բայց ՀՀՇ»-ից լինի գաղափարախոսությամբ, որով առաջնորդվում են իրար հաջորդող իշխանությունները՝ չնայած ՀՀՇ-ն 15 տարուց ավել է՝ իշխանության մեջ չէ…
Պետք է երկրում առկա պրոֆեսիոնալներից ստեղծել նոր թիմ, նոր կառավարություն, որին պետք է մաս կազմեն անխտիր բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ունեն հարուստ կադրային բազա, անկաշառ են և պատասխանատվություն են կրում երկրի համար: Սա է միակ ճանապարհը: Երկրում անհրաժեշտ է հիմք դնել միայն և միայն գաղափարական պայքարի:
Այս քայլերն իրականացնելու համար Հնչակյան կուսակցությունը կարծում է, որ պետք է արմատապես հրաժեշտ տալ օլիգարխիային՝ իբրև կառավարող ու հարցեր լուծող էլիտայի: Սա ուղղակի կենսական անհրաժեշտություն ունի: Նախագահ Սերժ Սարգսյանը կարծես թե գործի մի մասը սկսեց, բայց այն կարող է հասարակական ընկալման հասնել, եթե տարածվի նաև ՀՀԿ-ականների վրա: Մենք ամենևին չենք պնդում, որ մեր երկրին հարուստ մարդիկ պետք չեն, բայց կասկածելի աղբյուրներով հարստացած, մենաշնորհների ու ուժային հնարավորություններ ունեցողների տեղը հաստատ խորհրդարանը չէ: Վաղուց արդեն ժամանակն է կատարել ՀՀ Սահմանադրության պահանջը՝ բիզնեսը տարանջատել պառլամենտարիզմից…
Այստեղից էլ, կարծես թե, գալիս է երկրորդ քայլը… Համակարգային փոփոխությունների համար, ուզենք կամ չուզենք, անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Հիմա մեր ընդդիմախոսներն անմիջապես կչարախնդան՝ ըհը, իշխանությունների պատվերն են կատարում, ցանկանում են նպաստել նրանց վերարտադրվելուն: Կպատասխանեմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բառապաշարով՝ մի ջղաձգվեք: Երբ Հնչակյան կուսակցությունը հայտարարում էր ապագա անկախ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձև ներդնելու իր համոզման մասին դեռևս 19-րդ դարի վերջերին, ոչ այս իշխանությունները կային, ոչ էլ, առավել ևս՝ դուք:
Եթե այս իշխանությունները ցանկանան վերարտադրվել, ապա նրանք դա կանեն՝ անկախ սահմանադրական փոփոխություններից: Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը, պարոնա՛յք, այնտեղ հստակ երևում է, որ ուժեղ ֆրակցիայի պայմաններում գործող վարչապետն այս սահմանադրությամբ պակաս լիազորություններ չունի ՀՀ նախագահից: Ուստի վերարտադրվելուն արված հղումները չեն դիմանում բացարձակապես որևիցե քննադատության:
Արդ ուրեմն, Հնչակյան կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որովհետև մարդկության միտքը մինչև այսօր խորհրդարանականից ավելի ժողովրդավար կառավարման ձև չի ունեցել և, առաջիկայում էլ հորիզոնում չեն երևում քաղաքագիտական մտքի այնպիսի հանճարներ, ովքեր կապացուցեն հակառակը:
Ինչևիցե, վերը նշված ճանապարհային քարտեզն առ ոչինչ է առանց պայքարի: Ես այսօր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կողմից լիազորված եմ հայտարարելու, որ Կուսակցությունն անհապաղ անցնում է հրապարակային միջոցառումների՝ սեփական տեսակետները ՀՀ քաղաքացիներին էլ առավել հանգամանալից ներկայացնելու համար: Բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին, ովքեր հավատում են ազգային և ընկերվարական սկզբուքներին, կոչ ենք անում միանալ մեզ: Որպես առաջին միջոցառում, հանդիպում ենք Մայիսի 1-ին՝ աշխատավորի միջազգային օրը… Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հրավիրում է հանրահավաքի և երթի, որի ժամի և վայրի մասին պատշաճորեն կտեղեկանաք առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Մինչ այդ, սակայն, չմոռանաք, որ ապրիլի 24-ին մենք անցկացնելու ենք արդեն ավանդական մեր երթը՝ դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանությանը զոհ գնացած մեր միլիոնավոր նահատակներին…
Ուրեմն, հանդիպում ենք ապրիլի 24-ին և մայիսի 1-ին:
Եվ վերջում, կրկին անդրադառնալով օրվա խորհրդին, շեշտելով, որ այսօր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 128-ամյակն ենք նշում, ցանկանում եմ միայն ավելացնել՝ Մեր գործն արդար է՝ դեռևս 1887 թ-ից սկսյալ… Վստահ եմ, որ որքան փառապանծ անցյալ ունի ՍԴՀԿ-ն ,այնքան ավելի փառավոր է լինելու ապագան՝ միահյուսված մեր ժողովրդի հետ:
Կեցցե Հայաստանն ու Արցախը, Կեցցեն մեր Զինված ուժերը և Փառք Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 128-րդ տարեդարձին:
Սե՛ Դա՛ Հո՛ Կե՛ն…»