Ռուսաստանի ու Հարավային Օսիայի նախագահները Մոսկվայում կբանակցեն մարտի 18-ին. Պեսկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում հաստատել են Ռուսաստանի նախագահի այն պլանները, որոնք առնչվում են մարտի 18-ին Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովի հետ բանակցությունների անցկացմանը, որոնց արդյունքներով ստորագրվելու է դաշնակցության մասին պայմանագիր:
Նախօրեին ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ դաշնակցության մասին ռուս-օսական պայմանագրի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Սակայն Ռուսաստանի նախագահի աշխատակազմում գործակալության աղբյուրը հերքել էր այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ փաստաթուղթը համաձայնեցված է, և երկու երկրների առաջնորդներն այն ստորագրելու են մարտի 18-ին, Մոսկվայում, ինչպես որ պլանավորված էր:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է այս տեղեկատվությունը: Ենթադրվում է, որ պայմանագիրը կդառնա բազային փաստաթուղթ՝ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև սոցիալական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության ու արտաքին քաղաքականության հարցերում փուլ առ փուլ առավել սերտ համագործակցություն հաստատելու համար: