
Յացենյուկը խոստացել է նկարահանել «Ղրիմ. ոճիր և պատիժ» անվանմամբ ֆիլմ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստի ժամանակ խոստացել է նկարահանել «Ղրիմ. ոճիր և պատիժ» անվանմամբ ֆիլմ: Յացենյուկը նշել է, որ տեսել է Ղրիմի գրավման մասին ռուսական ֆիլմի թրեյլերը, ինչը կարող է օգտագործվել որպես Ռուսաստանի իշխանությունների հանցավոր գործողությունների ապացույցներից մեկը:
Յացենյուկն արդարադատության նախարարությանը խնդրել է այդ թրեյլերն ուղարկել Հաագայի տրիբունալ, ինչպես նաև այնտեղ ուղարկել ողջ ֆիլմը, որը կցուցադրվի օրեր անց, քանի որ այդ ֆիլմում երևում է, թե ով է տվել Ղրիմը գրավելու ցուցումներ և ով է պատասխանատվություն կրում դրա համար:
Յացենյուկը կարծում է, որ Ռուսաստանը չի փոխել Ուկրաինայի հանդեպ պլանները. «Ես շատ կցանկանայի հավատալ, որ մինսկյան գործընթացը կավարտվի դրականորեն: Դրա համար անձամբ ես ունեմ քիչ հիմքեր, քանի որ կարծում եմ, որ Ռուսաստանն ու նրա նախագահը չեն փոխել Ուկրաինայի վերաբերյալ իրենց պլանները»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում «Ղրիմ. Վերադարձ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը կցուցադրվի մարտի 16-ին: