«Քրեական տարրերը պարզապես Հայաստանի ներքին գործերին միջամտելու հարմար գործիք են». Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ ցանկացած պետության մեջ ուժ գործադրող մարմինը պետք է լինի միայն պետական. այլընտրանքային ուժային կենտրոնը պետք է բացառվի: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ա. Արշակյանը նշեց, որ բոլոր ուժային կառույցները, որոնք օրենքներից և կարգից դուրս ինչ-որ միջոցառումներ են իրականացնում՝ հակապետական են, դրանք դեմ են պետությանը և հասարակությանը.

«Հայաստանում, փաստորեն, մենք տեսնում ենք, որ կան ուժեր, որոնք ինքնուրույն են գործում, իրենք որոշումներ են կայացնում, ուժ են գործադրում, դատում են, դատավճիռ են իրականացնում: Արդյոք պետությունը շահագրգռվա՞ծ է, որ իրեն զուգահեռ ուժ լինի, ես կարծում եմ՝ ոչ: Միանշանակ ես չէի ասի, որ իշխանությունն իրեն այլընտրանքային, մրցակից ուժեր է աճեցնում իր կողքին»:

Ըստ Ա. Արշակյանի՝ Հայաստանում կան քրեական տարրեր, որոնք Հայաստանի ներքին գործերին միջամտելու գործիք են: Նա կարծում է, որ դա Հայաստանում չի արվում, և Հայաստանի իշխանությունը, քաղաքացիները, հասարակությունը չեն դրա նախաձեռնողն ու տերը. «Դա պարզապես մեր ներքին գործերին միջամտելու հարմար գործիք է, ու, ցավոք սրտի, մեր պետությունը դեռևս այնքան թույլ է, որ չի կարողանում դրանց ուղղակի լիկվիդացնել»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, սակայն, չհամաձայնեց Ա. Արշակյանի հետ՝ պարզաբանելով. «Ամենավառ օրինակներից մեկը, հիշենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների մասին է, որոնք մամուլում հրապարակվել են: Եթե դուք գնաք Զանգեզուր և այնտեղ կարողանաք վստահություն ներշնչել մարդկանց, ձեզ մի 100 անգամ է՛լ ավելի շատ բաներ կպատմեն՝ մեկը մյուսին լրացնելով: Նա, առանց որևէ պատիժ կրելու, նշանակվում է մարզպետ: Երբ նա 1992 թվականին պետական հեղաշրջում կատարեց Գորիսի քաղաքապետարանում, դա նրան ներվեց, և նա դարձավ քաղաքապետ, և այլն, և այլն:

Կարդացեք նաև

Հիշենք ժամանակին Գևորգյան Ռուբենի և Սամվել Ալեքսանյանի ընտանիքների միջև պատերազմը, և որևէ լուրջ պատիժ չեղավ, միայն եղավ ռազբորկայի մեջ հաշտություն: Դա ոչ թե զուգահեռ կառույց է, այլ վերահսկվող կառույց, որն օգտագործվում է հենց ընդդիմության դեմ: Վերջին օրինակը բերեմ՝ չգաք (խոսքը Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների՝ Գյումրի կատարելիք այցի մասին է.- Ա. Ք.), որովհետև քրեական տարրերը չեն ուզում, որ դուք գաք, և կլինի անկարգություններ: Այսինքն՝ քրեական տարրերին ցանկացած ժամանակ օգտագործում են»:

Ա. Իշխանյանը կարծում է՝ եթե Հայաստանում իսկապես պայքար լիներ քրեական տարրերի դեմ, եթե ներված չլինեին այդ դեպքերը, և Սուրիկ Խաչատրյանն առնվազն վերանշանակված չլիներ, ինքը գուցե համաձայներ Ա.Արշակյանի հետ. «Ներսիններին թող խեղճացնեին, հետո կասեինք՝ պարոն Արշակյանը ճիշտ է»:

Ա. Արշակյանն էլ նկատեց, որ Ա. Իշխանյանն ուղղակի հաստատեց իր ասածները՝ նշելով Սուրիկ Խաչատրյանի դեպքը, քանի որ այս 25 տարիների ընթացքում իշխանություններ են փոխվել, սակայն երևույթը մնացել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս