Ստիպենք, որ հիշողությունը մեզ ծառայի
«100 Lives» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելի՝ huffingtonpost.com-ում հրապարակված հոդվածի թարգմանությունը.
Աֆրիկայում՝ Բոկո Հարամի, Աֆղանստանում՝ Թալիբանի և Մերձավոր Արևելքում՝ Իսլամական պետության կողմից իրագործվող կրկնվող վայրագությունների մասին լուրերի հորձանուտում դյուրին է ենթադրել, որ 21-րդ դարը մարդու իրավունքների և արժանապատվության խախտումների է ենթարկվում այնպիսի ուժգնությամբ, ինչպիսին երբեք չէր եղել:
Միգուցե: Կամ, թերևս, պատկերներն են մեզ ավելի տեղեկացված դարձնում մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկայնության մասին, որը դեռ անսանձ է և ուղեկցվում է անպատժելիության շարունակական զգացումով:
Որպես անցյալում և ներկայում սեփական մաշկի վրա ավերածություններ զգացած անհատներ, պատկերների ետևում գտնվելով, մենք համոզված ենք, որ ճշմարտությունն ավելի բարդ է, սակայն նաև ավելի հուսադրող:
Մենք միավորվել ենք ժամանակակից դարաշրջանի առաջին ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ. հանցանք, որն Օսմանյան կառավարությունն իրագործեց իր հայազգի բնակչության դեմ՝ ասելու, որ ժամանակն է մեր մեջ պահել թե՛ ներկայի և թե՛ ապագայի մարդկային տառապանքները և գործել՝ նման բռնությունները զսպելու համար, ընդ որում հանցագործների կողմից գործադրվող նույնպիսի հետևողականությամբ ու հրապարակայնությամբ:
Անգամ հիմա, երբ քաղաքական գործիչները ու հասարակությունները բանավիճում են մարդու հիմնարար՝ ապրելու իրավունքը պաշտպանելու գործողությունների շուրջ, մնացածս կարող ենք (կասեինք, նույնիսկ, պարտավոր ենք) միջազգային դիսկուրսում կենտրոնական դեր ստանձնել, զինվել անցյալի վայրագություններից դուրս բերված ծանր դասերով և հպարտանալ մեր՝ հաղթահարելու, բարգավաճելու ունակությամբ, ու ողջունել նրանց, ովքեր բռնության ու չարիքի մեջ ընտրություն կատարեցին հօգուտ բարության ու մարդկայնության:
Ինչպե՞ս կարող է անցյալի անարդարությունների մասին հիշողությունը օգնել մեզ այսօր պայքարել մարդու իրավունքների ամենատարբեր խախտումների դեմ:
Կտտանքների ենթարկված հայերի պատմությունները, ովքեր 20-րդ դարասկզբի ցեղասպանության ընթացում վերապրեցին տեղահանությունն ու ջարդերը, հրեաների պատմությունները, ովքեր վերապրեցին Հիտլերին ու իրենց սպանդը, ռուանդացիների պատմությունները, ովքեր դիմակայեցին անասելի բռնությանն ու նորից սկսեցին կառուցել, Սուդանի ժողովրդի պատմությունները, ովքեր ի հեճուկս ամեն ինչի շարունակում են դիմակայել մարդակերտ ու բնական աղետներին: Այս բոլոր պատմությունները սովորեցնում են մեզ, որ ո՛չ որևէ ժամանակահատված, ո՛չ որևէ տարածաշրջան, ո՛չ էլ որևէ կրոն անձեռնմխելի չեն քաղաքական ու սոցիալական ուժերի համար, որոնք կարող են հարևաններից հանցագործների փոխակերպվել:
Մարդու կողմից անցյալում իրականացված վայրագությունները մոռացության տալով, կամ անտեսելով այն, ինչ տեղի է ունենում հիմա, այսօր, աշխարհը շատ տեղերում, անհոգի ու անհեռատես է, որովհետև թույլ է տալիս՝ բռնությունը կրկնվի, լինի հաճախ ու տանը մոտ: Դա բավականին վատ է: Սակայն հավասարապես վտանգավոր է մարդկային խիզախության՝ հիացնող ու վտանգով լի գործողությունների անտեսումը, որը ժխտում է, հետ է շրջում, հակադարձում է բռնությանն ու պահպանում է իբրև մարդ՝ մեր իրավունքներն ու արժանապատվությունը: Մոռանալով, մենք մարդկային պատմության կերտումը թողնում ենք նրանց, ովքեր ոչնչացրել են, այլ ոչ նրանց, ովքեր պահպանել են ու կառուցել:
Սթիվեն Սփիլբերգի դասական ֆիլմում անմահացված Օսկար Շինդլերը մեզ ցույց է տվել, որ խիղճ ունեցող մեկ անձը կարող է պայքար տալ հանուն հարյուրների մարդկայնության:
Քարեն Եփփեն 27-ամյա միսիոներ կին էր, երբ լքեց Դանիան ու օգնության եկավ հայ կանանց, ովքեր որբացան կամ առևանգվեցին Հայոց ցեղասպանության մահվան դաշտեր դարձած հարկադիր անապատային երթերում: Նրան հաջողվեց փրկել ու աջակցել 2,000 հոգու այն 200,000-ից, ում ճակատագիրը մահն էր:
Մեկ դար առաջ, առատաձեռն ու հոգատար մարդկանց մի խումբ հանդիպեց Նյու Յորքի Պլազա հյուրանոցում՝ 117 մլն ԱՄՆ դոլար հավաքագրելու (այսօրվա $2.7 մլրդ համարժեք գումար) և կամավոր բժիշկների ու բուժքույրերի ուղարկելու՝ հայ փախստականներին ի օգնություն: Նրանց աջակցությունը բազում մարդկանց փրկեց սովից ու մահից: Այսօր այդ փրկվածների ժառանգները գիտնականներ են, նախարարներ, արվեստագետներ, մարզիկներ, գործարարներ ու մանկավարժներ: Նրանք ապրում են օտարների բարության ու մարդկայնության հանդեպ երախտագիտությամբ:
2006թ. Դենվերի մի գործարար ու Սուդանից երկու փախստականներ մշակեցին Նուբա ջրի նախագիծը, որը հնարավորություն տվեց մաքուր ջուր հասցնել Սուդանի՝ հեռավոր բնակավայրերում ապրող ու իրենց սեփական կառավարության կողմից հետապնդվող մարդկանց:
Այս պատմությունները հույս են ներշնչում, քանի որ ակներև են դարձնում այն, որ անկախ նույն քաղաքական ու սոցիալական ուժերի պարտադրանքից, որոնց գործը ոչնչացնելն է, երբեմն հարևանները դառնում են ոչ թե գործընկերներ, այլ փրկարարներ, անգամ՝ փրկիչներ, քանի որ հաճախ անհատ մարդկային էակների առանձին գործողությունները կյանք են պարգևել այնտեղ, ուր կարող էր միայն մահն իշխել:
Մեր նոր՝ 100 Lives նախաձեռնությունը կճանաչի ու կմեծարի ամենուր մարդկանց կողմից իրականացվող փրկագնման ու փրկության գործողությունները: Ամեն տարի 100 Lives նախաձեռնությունը 1մլն ԱՄՆ դոլարի չափով գլոբալ մարդասիրական մրցանակ կշնորհի, որը կոչվելու է Մարդկության զարթոնքի «Ավրորա» մրցանակ (The Aurora Prize for Awakening Humanity): Այս նախաձեռնությունն ու դրամաշնորհը կսատարի հանրային գիտակցությունը բարձրացնելուն ուղված համաշխարհային ջանքերն ու կխրախուսի պաշտպանել առավել խոցելիներին, հատուցելով այն մարդկանց, ովքեր այդ նպատակին ծառայելու հանձնառություն կցուցադրեն:
Ցեղասպանության տարելիցը միայն այն ժամանակ կիմաստավորվի, երբ մենք միահամուռ կերպով աշխատենք երախտապարտ լինել այն մարդկանց, ովքեր ժամանակին դիմադրեցին ու պայքարեցին, ինչպես նաև նրանց, ովքեր հիմա են դիմակայում ու պայքարում: Մենք նրանց կմեծարենք ու կաջակցենք, ոչ միայն շնորհակալություն հայտնելով, այլև միանալով իրենց ջանքերին: