Նաիրա Զոհրաբյան. «Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում Պարույր Հայրիկյանին անդրադառնալը»

Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով ԲՀԿ նոր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի մասին, ասել էր, որ Նաիրա Զոհրաբյանը իր գործունեությունը ԲՀԿ ղեկավարի պաշտոնում սկսել է «ստով»:

«Երեկ լսում էի նրանց նոր ղեկավարի հայտարարությունը, իր բառերով ասեմ՝ կարծես կլոունի տեսնեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասաց՝ այսպես պիտի անես, իրենք էլ արեցին»,- հայտարարել էր ԱԻՄ առաջնորդը:

168.am-ը Նաիրա Զոհրաբյանին խնդրեց անդրադառնալ ԱԻՄ առաջնորդի այդ հայտարարություներին: Ի պատասխան՝ ԲՀԿ նոր առաջնորդն ասաց. «Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում Պարույր Հայրիկյանին անդրադառնալը, ինձ ազատեք Պարույր Հայրիկյանին անդրադառնալու խնդրից: Կարծում եմ՝ Վահան Բաբայանը շատ հստակ պատասխանել է, դրան ավելացնելու բան չկա: Ես շատ ավելի կարևոր գործերով եմ զբաղված, քան Պարույր Հայրիկյանի թեման է ընդհանրապես»:

Հիշեցնենք, որ aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, պատասխանելով Պարույր Հայրիկյանին, ասել էր. «Նման արտահայտությունները սազական չեն իրեն քաղաքական գործիչ համարող անձի համար: Նա ավելի շատ սկսում է նմանվել այն մականվանը, որը վաստակել է բանտային տարիներին, և որը շատ հայտնի է ժողովրդի մեջ: Չմոռանանք, որ խոսում է մի մարդ, ով ռետինե գնդակով վիրավորված ձեռքի բազարն էր անում իշխանությունների հետ, իսկ այսօր խորը քաղաքական դատողություններ է անում»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս