Ի՞նչ իմաստ ուներ 50.000 դոլար ծախսել Lucy-ի երգի տեսահոլովակի վրա
Օրերս համացանցում հայտնվեց երգչուհի Lucy-ի «Հիմա» կոչվող երգի տեսահոլովակը: Նշվեց, որ տեսահոլովակի պատրաստման համար 50.000 ԱՄՆ դոլար է ծախսվել: Տեսահոլովակի վրա այդքան գումար ծախսելու իմաստը հասկանալու նպատակով զրուցեցինք տեսահոլովակի ռեժիսոր և երգչուհու ամուսին Արամայիս Հայրապետյանի հետ:
– Ճի՞շտ է, որ բավականին թանկ տեսահոլովակ է ստացվել: Եվ, որ ծախսվել է շուրջ 50.000 ԱՄՆ դոլար, և նկարահանել եք 3 տարի:
– Այո, երեք տարվա ընթացքում այդ տեսահոլովակի վրա ծախսվել է 50.000 դոլար:
– Ներեցեք, իհարկե, ուղիղ հարցիս համար՝ այդ ինչի՞ վրա եք 50.000 դոլար ծախսել:
– Տեսահոլովակի: Տեսահոլովակում, ինչ տեսնում եք, բացի գրաֆիկական աշխատանքներից, մնացած ամեն ինչ ձեռքով է պատրաստված: Ահռելի թիմ է աշխատել այս տեսահոլովակի վրա:
– Ո՞րն էր նպատակն այդքան շատ գումար ծախսելու:
– Նպատակը լավ տեսահոլովակ ստանալն է եղել: Որակով անել մի բան, որը Հայաստանում երբևէ չի արվել, ստանալ տեսահոլովակ նմանատիպ լուծումներով՝ միևնույն ժամանակ, որ այն լինի շատ հեշտ հասկանալի:
– Եթե չեմ սխալվում՝ երգի պրեմիերան վաղուց է եղել՝ կինոթատրոններից մեկում: Եվ, որ այն նոր չէ:
– Ճիշտ է, երգի պրեմիերան արդեն եղել էր, բայց այս երեք տարիների ընթացքում երգն արդեն ժամանակին համահունչ էր դարձել: Այդ իսկ պատճառով նոր գործիքավորում արվեց և նոր ձայնագրություն:
– Երգչուհին՝ Լուսինեն, Ձեր կի՞նն է:
– Այո:
– Նա գո՞հ է նկարահանված տեսահոլովակի արդյունքից:
– Շատ:
– Ովքե՞ր են հովանավորել տեսահոլովակի նկարահանումները:
– Ոչ ոք: Ամբողջությամբ մենք ենք արել:
– Ինչո՞ւ էին այդքան երկար տևել նկարահանումները:
– Նախ՝ ունեինք ձմռան և ամռան տեսարաններ: Բացի այդ, բավականին շատ ժամանակ էր գնացել նախապատրաստական փուլի և գրաֆիկական աշխատանքների համար:
– Հիմնականում ինչպիսի՞ն էին արձագանքները:
– Կամ վատ, կամ լավ: Միջին կարծիք չեմ լսել: Մեծամասամբ գրում են, թե այդ 50.000 դոլարը, ավելի լավ կլիներ՝ բարեգործություն անեիք: Մի հարց եմ տալիս մեր ժողովրդին՝ ո՞վ է Lucy-ից շատ բարեգործություն արել: Պարզապես նա երբեք չի բարձրաձայնում այդ մասին: Հեռուստադիտողների մի մասը գրում է, որ իմաստ չկա տեսահոլովակում: Մի մասն էլ, ովքեր հասկացել են իմաստը, գրում են. «Բրավո, չկա նման աշխատանք՝ հայկական շոու-բիզնեսում»: