Բաժիններ՝

Գերմանացի պատմաբանը Վատիկանի գաղտնի արխիվներում Ցեղասպանության մասին փաստաթղթեր է հայտնաբերել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտնի գերմանացի պատմաբան Միքայել Հեսմանը (Michael Hesemann) հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվներում մինչ օրս չհրապարակված 2000 էջանոց փաստաթղթերի հայտնաբերման մասին, որոնք անվանել է «պատմության մեջ քրիստոնյաների ամենամեծ հետապնդումը»:

Zenit լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմաբանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդել հայերի Ցեղասպանության նկատմամբ Հռոմի Սուրբ Աթոռի, մասնավորապես` Հռոմի Բենեդիկտոս XV պապի դիրքորոշման մասին, ով 1915-ին բազմիցս կոչ էր անում դադարեցնել հայերի հանդեպ կատարվող բռնությունները:

-Ինչպե՞ս հայտնաբերեցիք այդ փաստաթղթերը:

-Ինձ հետաքրքրեց Հայոց ցեղասպանության թեման, երբ կարդացի Քյոլնի արքեպիսկոպոս Կարդինալ ֆոն Հարտմանի` 1913-ին գրված նամակը` ուղղված Գերմանիայի Ռեյխի կանցլերին, որում խնդրում էր օգնել՝ կանխելու Հայոց նոր ցեղասպանությունը Թուրքիայի հյուսիս-արևելքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո:

Այնուհետև նոր և նոր փաստաթղթեր հայտնաբերեցի, ավելի քան 2000 էջ, որոնց մեծամասնությունը ոչ հրապարակվել է, ոչ էլ ուսումնասիրվել որևէ պատմաբանի կողմից: Մինչ այդ ուսումնասիրելով Ցեղասպանության թեման` ծանոթ էի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում պահվող փաստաթղթերին, որոնք պատրաստվել էին օսմանյան պաշտոնյաների ու դիվանագետների կողմից, իսկ այս փաստաթղթերը նոր ուսումնասիրության թեմա են:

Իհարկե, կարևոր աղբյուրներից են նաև ԱՄՆ-ի դիվանագետների զեկույցները, հատկապես` Կոստանդնուպոլսում հյուսիսամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի փայլուն զեկույցը: Մինչ այժմ հանդիպել են նաև անգլիացի, ֆրանսիացի, ինչպես նաև Թուրքիայում իտալացի դիվանագետների զեկույցները, սակայն Վատիկանի փաստաթղթերը տեղեկատվության հիանալի աղբյուր են:

-Ինչո՞ւ տեղի ունեցան այս կոտորածները:

-Կոտորածները սկսվեցին այն բանից հետո, երբ թուրքերը խուզարկումներ անցկացրին հայկական տներում` զենք հայտնաբերելու նպատակով, ինչն էլ օգտագործեցին որպես ապստամբության դավադրության «վկայություն», որը, իհարկե, անհեթեթություն էր: Դրան հետևեցին տղամարդկանց ձերբակալությունները, չարչարանքներն ու սպանությունները: Այնուհետև կանանց, տարեցներին և երեխաներին ստիպեցին հարյուրավոր կիլոմետրեր անցնել Անատոլիայի լեռնային տարածքներով` առանց ջրի և ուտելիքի:

Մոտ 350 000-ը, հասնելով սիրիական անապատ, տեղավորվեցին համակենտրոնացման ճամբարներում, որից հետո սկսվեց «մահվան երթը» Սիրիայի անապատով, որի ժամանակ շատերը սպանվեցին: Մի քանի տասնյակ հազար մարդիկ միայն ողջ մնացին, նրանց մեծ մասը որբեր էին, որոնց համար Բենեդիկտոս XV պապը երկու որբանոց տրամադրեց:

-Ինչպե՞ս կարող է զարգանալ այս թեման:

-Թուրքական կառավարությունը նույն կրքով փորձում է համաշխարհային գրականության մեջ բոլոր միջոցներով ջնջել Հայոց ցեղասպանության հետքը` կանխելով հայոց կոտորածների` որպես ցեղասպանություն ճանաչումը:

Բայց տեղի է ունեցել ցեղասպանություն` ըստ ՄԱԿ-ի սահմանման, ինչպես նաև քրիստոնյաների ամենամեծ հալածանքը պատմության մեջ, որին զոհ գնաց միլիոն ու կես հայ և մոտ մեկ միլիոն քրիստոնյա սիրիացիներ և հույներ:

Թարգմանությունը` tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս