Մեկ պատմություն՝ երկու ճակատագիր

«Նկարներ էի ցույց տալիս, տղաների նկարները: Ասում են՝ «այս մեկին գիտենք՝ Էլդարն է», բայց էլդարը՝ Էդվարդն է, Նազիլան՝ Նադյան, Սայաթը՝ իմ Սպարտակը»,- Վերա Գրիգորյանը պատմում է տարիներ առաջ ադրբեջանցի բախտակից կանանց հետ Ռուսաստանում ունեցած հանդիպման մասին: Այդ ժամանակ անհայտ կորած որդուն՝ Սպարտակին, գտնելու հավատը հզորացավ: Բայց թելը դարձյալ կտրվեց:

Վիոլետա Գրիգորյանը ցույց է տալիս որդու՝ Համբարձումի, ուսանողական տարիների նկարները: Ընկերներից մեկը դրանք նոր է փոխանցել: «Որ զանգեցիք՝ մտածեցի, որդուս մասին լուր ունեք հայտնելու».- չի թաքցնում, սպասում էր, որ պիտի ասեինք, որ Համբարձումը վերադառնում է:
Լեռնային Ղարաբաղում պաշտոնապես գրանցված է 710 անհայտ կորած. 471-ը խաղաղ բնակիչներ են, իսկ 239-ը՝ ազատամարտիկներ։

Վերա Գրիգորյանի որդին՝ Սպարտակը, անհայտ կորել է պատերազմի օրերին, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերից մեկի ժամանակ, Վիոլետա Գրիգորյանի որդին՝ Համբարձումը, ավելի վաղ, մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը, անհասկանալի պայմաններում: Ծնողները սպասում էին ուսանող որդուն, իսկ նա անհետացավ:

Երկու մայրերն ապրում են իրենց զավակների վերադարձի հավատով՝ մեկը Ստեփանակերտում, մյուսը՝ Մարտակերտում:

Վերա Գրիգորյանը մեկուկես տասնամյակ առաջ իր շուրջ հավաքեց Լեռնային Ղարաբաղում ապրող այն մարդկանց, ովքեր պատերազմի հետեւանքով անհայտության մեջ հայտնված հարազատներ ունեն: Ստեղծվեց Անհայտ կորածների հարազատների միությունը: Այդպես՝ միասին, իրար նեցուկ կանգնելով, ավելի հեշտ է սպասելը, ավելի հեշտ է սիրտը կրծող կասկածին դիմակայելը, ավելի հեշտ է կյանքի դժվարությունները հաղթահարելը:

Միության գրասենյակում մայրերը հաճախ են հավաքվում: Այստեղ նաեւ կարեկիցներն ու աջակիցներն են այցելում, օգնում են՝ ինչով կարող են: Այդ օգնության կարիքը անհայտ կորած ազատամարտիկների ծնողներից շատերն ունեն: Շատերն են մնացել մենակ ու անօգնական:

Իսկ ավելի շատ բոլորը՝ թե մայրերը, թե աջակիցները, թե սովորական այցելուները այստեղ գալիս են տղաների հետ հաղորդակցվելու համար: Մայրերի անմնացորդ նվիրումի եւ սիրող ձեռքերի շնորհիվ Ստեփանակերտի կենտրոնում գտնվող վարչական շենքերից մեկի առաջին հարկի փոքրիկ սենյակները Հույսի, Հավատի եւ Սիրո օջախի են վերածվել: Այստեղ անհայտության մեջ գտնվողների անձնական գործերն են, իրերը, մեծադիր լւոսանկարները: Այստեղ յուրաքանչյուրի մասին կարող են եւ գողտրիկ պատմություն պատմել, եւ հայտնի տվյալները հաղորդել:

Վիոլետա Գրիգորյանը որդու անհետանալու պատմությունը պատմում է կցկտուր: Տվյալները, որ հայտնի են մորը ավելի շատ ֆանտաստիկ մարտաֆիլմի դրվագներ են հիշեցնում: Մայրն ինքն էլ չգիտի դրանցից որն է իրական, որը ոչ:
Իրականը Սպասումն է եւ Հավատը, որ որդին կվերադառնա:

Իրականը Մարտակերտի անկման, նրա բնակիչների բռնատեղահանման եւ վերադարձի պատմությունն է, ավերված օջախը վերականգնելու պատմությունը: Իրականն այն է, որ վերադառնալով՝ որդին այլեւս հորը չի տեսնելու:

«Ամուսինս զոհվեց 1993 թվականին Մեհմանայի համար մղված մարտերում».- ասում է տիկին Վիոլետան:
4102Միայնակ մնացած կինը չհուսալքվեց: Աշխատեց քրտնաջան: Մարտակերտի կին գործարարն է: Սեփական հյուրանոց ունի, ավտոկազմակերպություն, որը սպասարկում է Մարտակերտ– Ստեփանակերտ երթուղին: Բիզնես ծրագրերի, հաջողությունների եւ ձախողումների մասին պատմելիս գործնական է, թվում է՝ անդարդ:

«Սրան-նրան, ծանոթ լինի, թե անծանոթ հաց եմ տալիս, որ Աստված երեխայիս պահի»,- գործնական կինը կերպարանափոխվում է միանգամից: Սա ասում է սպասող մայրը: Սահմանից՝ կրակի գծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, հաճախակի հնչող կրակոցների ձայնի տակ նա գիշերներ է լուսացնում՝ հույսով, որ առավոտը լուր կբերի Համբարձումի մասին:

«Հիմա խաղաղություն է,-ասում է,-իսկ շփման գծում՝ սադրանքներ են»:
«Կռվից չեմ վախենում»,- ասում է դրա դառնությունն ապրած կինը,- հավատում եմ մեր երեխաներին /դիքապահ զինվորների մասին է խոսքը/:
Խոստովանում է, որ անորոշ վիճակից է հոգնել: Բացատրում է՝ ադրբեջանցիների հետ լարված հարաբերությունները մարդկանց խանգարում են նույնիսկ անձնական որոշումներ կայացնել: Որ այդ հարաբերությունները կարող են փոխվել, դառնալ այնպիսին, ինչպիսին էին, չի հավատում:

«Ասում են դրսում հայերն ու ադրբեջանցիները շփվում են, նույնիսկ բարեկամություն են անում: Մերոնցից էլ կան /նկատի ունի մարտակերտցիներին/, բայց ես չեմ պատկերացնում այդ բարեկամությունը: Չեմ հասկանում դրանց: Իմ հայրական տնից յոթը չկան: Եթե այս ամենը չլիներ, կենդանի կլինեին…»:

Վերա Գրիգորյանն ասում է, որ սահմանից այն կողմ ապրող բախտակիցների հետ նախկինում կապեր կային: Երկու կողմերի մայրերը հանդիպում էին այլ՝ երրորդ երկրներում՝ փորձելով օգնել միմjանց որդիների հետքը գտնելու հարցում: Հենց այդպիսի հանդիպումների ժամանակ են պարզել, որ անհայտ կորածների մի մասն ապրում է ադրբեջանական անունների տակ: «Անունները փոխել են, որ միջազգային կառույցներին մոլորեցնեն, թե իրենց մոտ հայ չկա»,- եզրակացնում է Վերա Գրիգորյանը:

4103Այդ մասին 2014 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներին հղված կոչում են գրել: Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության անդամները կարծում են, որ բանակցություններում ամենeuին չի արծարծվում պատերազմի տարիներին անհայտ կորած անձանց ճակատագիրը: Ուշադրություն հրավի8ելով այդ հանգամանքին նաeu այդ հարցում Ադրբեջանի հարուցած խոչընդոտների մասին են գրել՝ խնդրելով «լիարժեք ու երաշխավորված պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի անհայտ կորած անձանց որոնման հարցերով զբաղվող կառավարական եւ ոչ կառավարական, ինչպես նաեւ միջազգային համապատասխան կառույցների միջեւ այդ կապակցությամբ համագործակցություն հաստատելու համար»։

Այս դիմումից կես տարի է անցել: Վերջին անգամ 2004 թվականին էր, որ պատերազմական ակտիվ գործողությունների ժամանակ գերվածներից մեկը տուն է վերադարձել:

 

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս