Երրորդմասցի Լյովիկի սպանության գործը բացահայտվե՞լ է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործն Ազգային անվտանգություն ուղարկելու նպատակը այն հույժ գաղտնիության պայմաններում, լրատվամիջոցների և լրագրողների աչքից հեռու քննելն է, և այդպես էլ արվում է։
Դեպքից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել սպանության հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող անձանց անուններ, սակայն պաշտոնական ոչ մի տեղեկատվություն։ ԱԱԾ-ից միայն կրկնում են, որ, նախաքննության շահերից ելնելով, ոչինչ չեն կարող հայտնել։
Մինչ ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում լրատվամիջոցների տարածած տեղեկությունները գործի շրջանակներում ձերբակալվածների մասով, արդեն իսկ հայտնի է կասկածյալներից մեկի ինքնությունը։. Նախնական տեղեկություններով, Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության մեջ կասկածվում է «Գաստրիկ» կամ «Կաստրիկ» մականունով հայտնի մի անձնավորություն՝ Շենգավիթ վարչական շրջանից։
Մեր տեղեկություններով, վերջինս տևական ժամանակ կոնֆլիկտ ուներ Երրորդմասցի Լյովիկի հետ, ասում են, թե հակասությունները հասել էին ծայրահեղության, նույնիսկ նրան տարել, փակել են շնաբևում, մեքենան են վարել նրա ոտքերի վրայով և այլն։ Գործը քննում է ԱԱԾ քննչականի պետի տեղակալներից մեկը, դեպքից անմիջապես հետո և այժմ էլ իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ, մինչև ուշ գիշեր քննչական խումբն աշխատում է բացահայտման ուղղությամբ, արդեն իսկ ճշտված են մի շարք հանգամանքներ։
Օրինակ, հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը։
Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, սպանության ժամանակ, ՔԿՀ-ում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով, կրակոցներ է արձակել նաև «Նուբարաշենի» անվտանգության պետը։ Ասում են նաև, որ սպանությունը կատարողներին դեպքից հետո տաքսին իջեցրել է Նոր Նորքում՝ «Մերսեդեսի» խանութի մոտ»։
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։