TANAP գազատարի կառուցումը Կարսում մեկնարկելու է մարտի 17-ին. Թաներ Յըլդըզ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցումը մեկնարկելու է մարտի 17-ին, Կարսում:
Ակնկալվում է, որ գազատարի կառուցման հիմնարկեքի արարողությանը ներկա են գտնվելու Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը: Յըլդըզի խոսքերով՝ TANAP գազատարի կառուցման ժամանակ օգտագործվելու է 1.5 միլիարդ դոլար արժողությամբ 1.3 միլիոն տոննա պողպատյա խողովակ, որից 1.1 միլիոն տոննան արտադրվելու է երկրում, իսկ 200.000 տոննան՝ արտերկրում:
Յըլդըզը հայտարարել է, որ հետագայում TANAP գազատարին կարող են միացվել նոր նախագծեր, ինչի արդյունքով դրանով կարող են փոխադրվել իրանական, իրաքյան, թուրքմենական և Միջերկրական ծովի արևելյան հատվածում արդյունահանվելիք գազը: