Նոր մանրամասներ. «Երրորդմասցի Լյովիկի» սպանությունը նախապես ու մանրակրկիտ մշակված հանցագործություն է. «Փաստինֆո»
«Փաստինֆոն» գրում է. Ի՞նչ խմորումներ են ընթանում հայաստանյան գողական աշխարհում և ինչ զարգացումների պետք է դեռ սպասենք: Երեկ կեսօրին, «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, սպանվել էր քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Լյովիկը» (Լևոն Ղազարյանը) և նրա մտերիմներ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Նազարյանց):
Քրեական այս հերթական հաշվեհարդարն առանձնանում է իր հանդգնությամբ, եթե չասենք՝ լկտիությամբ: Երեք մարդու սպանությունը տեղի է ունենում հենց ՔԿՀ մուտքի դիմաց, տեսախցիկների ներկայությամբ, օրը ցերեկով:
Այն, որ այդ տարածքը տեսահսկվում է և տեղի ունեցածն ամբողջությամբ արձանագրվում է, սպանության կազմակերպիչներն ու իրականացնողներն ուղղակի չէին կարող չիմանալ:
Ուրեմն՝ նրանց նպատակն էլ հենց դա է եղել, թերևս հարկ է եղել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ հասկացնել: Իսկ այն, որ սպանությունը նախապես ու մարնրակրկիտ մշակված է եղել, փաստում է նաև այն, որ դիմակավորված մարդասպանները նախապես են իմացել, որ Լյովիկն իր շքախմբով այդ օրը, այդ ժամին այցելելու է ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից մեկին: Թե ո՞ւմ, առայժմ ստույգ հայտնի չէ, բայց կայքի տեղեկություններով՝ մեկին, ով վերջերս է կալանավորվել՝ սպանության մեղադրանքով:
Բացի այդ, խումբը հանցանքի վայր է եկել շատ լավ պատրաստված ու, թերևս, քաջ իմանալով, որ հակառակորդը ևս անզեն չէ:
Դեպքի վայրում երեկ գտնված զինատեսակները՝ ինքնաձիգ և ատրճանակ, վկայում են, որ մարդասպաններն իրենց թիրախին տեղում ոչնչացնելու նպատակ են ունեցել, քանզի ինքնաձիգից կրակելու պարագայում թիրախը չի էլ հասցնի պատասխան կրակոց արձակել:
Ինչ վերաբերում է մյուս զինատեսակին՝ ատրճանակին, ապա դրանք էլ ենթադրաբար եղել են Լյովիկի մարդկանց մոտ, ովքեր փորձել են պաշտպանվել, բայց չեն հասցրել:
Ի դեպ, սա ևս մի տխուր իրողություն է բացահայտում. մարդիկ մեր երկրում ոչ միայն մինչև ատամները զինված, անարգել շրջում են փողոցներում ու կրակում իրար վրա, այլև դրանով գալիս են ՔԿՀ ու նույնիսկ ներս մտնում հատուկ ռեժիմի հիմնարկի տարածք՝ տվյալ դեպքում՝ առնվազն ավտոկայանատեղի:
Ի դեպ, հետաքրքրական մի հանգամանք ևս. երեկ դեպքի վայրում աշխատող քննիչները հայտարարում էին, որ ՔԿՀ-ի տարածքը հսկող տեսախցիկների նկարահանումներն առգրավված են: Ենթադրվում էր, որ դրանց միջոցով, եթե ոչ դիմակավորված անձանց, ապա գոնե նրանց ավտոմեքենան հնարավոր կլինի հայտնաբերել: Բայց պարզվում է՝ ոչ:
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ հանցագործների ավտոմեքենան գողացված է, պետհամարանիշն էլ՝ կեղծված: Եվ սա ևս ավելորդ անգամ ապացուցում է, որ հանցանքը պլանավորվել է նախապես և իրագործվել ամենայն մանրամասնություններով»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: