Որքան անորոշ լինեն ՀՀ-ի առաջարկները, այնքան անորոշ կլինեն Հայաստանի հետ կապված ԵՄ ծրագրերը

«Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված` ԵՄ-ն սկսել է վերանայել իր հարևանության քաղաքականությունը»,- այս մասին երեկ հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ներկայացնելով այն առաջնահերթությունները, որոնք ընդգրկվել են Եվրոպական հարևանության ծրագրի նորացված տարբերակում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին հայտարարել է, որ հիմնավոր կերպով վերանայվում է հարևանության քաղաքականությունը` ընդգծելով, որ այն հիմնվում է ոչ թե առճակատման, այլ համագործակցության վրա։ Մոգերինին խոսել է նաև այն մասին, որ հարևանության քաղաքականության հիմքում այսուհետ լինելու է տարբերակված մոտեցում, այսինքն` գործընկեր յուրաքանչյուր երկրի հետ ԵՄ-ն ունենալու է առանձնահատուկ հարաբերություններ` հաշվի առնելով այդ երկրների տարբեր ձգտումներն ու հնարավորությունները։

Մոգերինիի և Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի ներկայացրած ամփոփիչ զեկույցում ԵՄ պաշտոնյաներն ամրագրել են, որ պետք է նաև հասկանալ` ինչու ԱլԳ անդամ որոշ երկրներ հրաժարվեցին ստորագրել արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագիրը։ Ըստ զեկույցի` ԵՄ-ն կսկսի դիտարկել նաև ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու և աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները` դասեր քաղելով անցյալի սխալներից և բացթողումներից։

«168 Ժամի» հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը նշեց, որ ԵՄ-ն դասեր է քաղել ուկրաինական պատերազմից, որի հետևանքով որոշել է վերանայել հարևանության քաղաքականությունը` ԱլԳ երկրներին ավելի շարժուն հնարավորություններ տրամադրելու պատրաստակամությամբ։ Բայց, ըստ նրա, խնդիրն այն է, որ ԵՄ բարձրաստիճան առանձին պաշտոնյաներ տարբեր կերպ են մտածում և տարբեր հարցեր են առաջնահերթ համարում, այսինքն` դեռ չի ձևավորվել փոխզիջում` ԵՄ արևելյան հարևանության քաղաքականության հարցում։ «Եթե նկատում եք, Մոգերինիի դիտարկումներն «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բավականին զգուշավոր են, քանի որ դեռ չի հանգուցալուծվել ուկրաինական ճգնաժամը, որից շատ հարցեր են կախված, այդ թվում և` այդ ծրագրի ուղղությամբ ԵՄ քաղաքականությունը»,- նշեց Կոնրադ Զաշտովտը։

Սակայն, լեհ վերլուծաբանի հավաստիացմամբ, ծրագրի նկատմամբ վերաբերմունքը միանշանակորեն փոխվել է։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինձ թվում է, որ կլինեն նոր առաջարկներ Եվրոպական միության կողմից, քանի որ հայտնի է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակել ԵՄ-ի հետ խորը քաղաքական համագործակցությունը, որովհետև Հայաստանը մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։

Կարծում եմ, որ Եվրոպական միությունը հաշվի կառնի այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է և կարող է Ասոցացման համաձայնագիր ստորագրել` առանց առևտրային բաղադրիչի, առաջարկելով այդ տարբերակը` փորձելով դուրս բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունները փակուղուց»,- ասաց Կոնրադ Զաշտովտը։

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ վաղ է եզրակացություններ անել, թե վերջնարդյունքում ինչպիսի տեսք կունենա Արևելյան հարևանության քաղաքականությունը, քանի որ ուկրաինական պատերազմն անկանխատեսելի ընթացքի մեջ է։ Նրա համոզմամբ` պետք է սպասել մինչև Ռիգայի գագաթաժողով և տեսնել, թե այնտեղ ինչ առաջարկներ կհնչեն, քանի որ չի բացառվում, որ Դոնբասում շարունակվող բախումներն ավելի մեծ աշխարհագրություն ընդգրկեն։

Զաշտովտի խոսքով`եթե դա տեղի ունենա, ապա մի կողմից` ԵՄ պատժամիջոցներն են ընդլայնվելու և ավելի խստանալու Ռուսաստանի նկատմամբ, սակայն մյուս կողմից` ԵՄ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք վախենում են Ռուսաստանի հետ առճակատումից։ «Այսինքն` այն, ինչ ասացի հնարավոր առաջարկների վերաբերյալ, կհստակեցվի ուկրաինական ճգնաժամի կանխատեսելի ընթացքի և կարգավորման դեպքում։

Ամենակարևոր գործոնն ուկրաինական ճգնաժամն է և այն, թե ինչպես այն կընկալվի ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ում կան տարբեր կարծիքներ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում շատ հարցեր կախված են նաև ՀՀ իշխանությունների պատրաստակամությունից և ՌԴ-ից «չկաշկանդվելու» համարձակությունից։

Boris Navasardyan0Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե որքանով այս փոփոխությունները կանդրադառնան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ սպասում են հայկական կողմի առաջարկներին, իսկ դրանք դեռ ձգձգվում են։ Նավասարդյանը նշեց, որ այս պահին ԵՄ-ն կարձանագրի այն որակի և այն խորության հարաբերությունները, որոնք ունի ԱլԳ վեց երկրների հետ, և հենց այդ բազայի վրա կձևավորվի հարաբերությունների հերթական փուլը։ Ըստ նրա` քանի դեռ անորոշ կլինեն հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի առաջարկները, այդքան էլ անորոշ կլինեն Հայաստանի հետ կապված ԵՄ ծրագրերը։ «Այսինքն` ամեն ինչ համարժեք կլինի հարաբերությունների այն մակարդակին, որը մենք ունենք այս պահին։ Ամեն դեպքում առնչվելու են այդ փոփոխությունները նաև Հայաստանին` իր հավակնությունների մակարդակին համապատասխան»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Նրա համոզմամբ, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս պասիվ մակարդակի առաջին պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։ «Այսօր ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը, պայմանագրային պարտավորությունները և ըստ դրա որոշվում է, թե ինչ օրակարգով կարող են զարգանալ ԵՄ-ՀՀ հարաբերությունները ՀՀ ԵՏՄ անդամակցության պայմաններում։ Դա զուտ ուսումնասիրություն է, կարևոր գործառույթ, բայց զուտ ուսումնասիրություն` որոշումների կայացման տեսանկյունից մեծ հետևանքներ չենթադրող։ Հաջորդ քայլը, որը պետք է լինի առաջադիմության համար, իշխանությունների հստակ առաջարկն է և այն ամբողջ օրակարգով, որը չի հակասում ՀՀ ԵՏՄ անդամակցությանը։

ՀՀ-ն պետք է հստակ ներկայացնի, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցել և գնալ համապատասխան պաշտոնական բանակցությունների։ Մինչև այդպիսի հստակ ուղերձ, հավաստիացումներ չլինեն Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ, բնականաբար, նոր քայլեր չեն լինելու։ Այսինքն` ուսումնասիրություններն այս կամ այն կերպ ավարտվելու են, խոչընդոտներ չկան, բայց հաջորդ քայլն իշխանությունները պետք է անեն, և հենց նրանցից է կախված, թե որքանով հետագա զարգացումները կլինեն, չեն լինի, որքանով արագ կլինեն»,- տեսակետ հայտնեց Բորիս Նավասարդյանը։

Տեսանյութեր

Լրահոս