Բաժիններ՝

Ուկրաինայի համար հաջորդ մարտադաշտը տնտեսությունն է. Bloomberg

Bloomberg-ի խմբագրական հոդվածում նշված է, որ Ուկրաինայի համար հաջորդ մարտադաշտը տնտեսությունն է. «Ուկրաինայի կառավարությունն Արևելյան սահմաններին փխրուն խաղաղության պահպանման համար պայքարի հետ մեկտեղ պետք է կարողանա լուծել ևս մեկ խնդիր. փրկել երկրի տնտեսությունը:

Ուկրաինան պատրաստվում է կնքել պարտքի մարման դարակազմիկ գործարք, ինչը կարող է ավելի պակաս ռիսկային չլինել, քան Ռուսաստանի աջակցությունը վայելող ապստամբների դեմ պայքարն է: Պատերազմի ու ազգային արժույթի արժեզրկամ խառնուրդն Ուկրաինան դրդում է դեպի ֆինանսական անկարողության:

Իր պարտքերը մարելու համար, որոնք հիմնականում դոլարով են, պահանջվում է Ուկրաինայի գրեթե ողջ ՀՆԱ-ն: Համեմատության համար՝ նախորդ տարի պարտքերի վրա կծախսվեր ՀՆԱ-ի 40 տոկոսը: Ի դեպ, ԱՄՀ-ը կարծում է, որ պարտքերը մարելու համար ՀՆԱ-ի ավելի քան 70 տոկոսի հատկացումը չափազանց է յուրաքանչյուր զարգացող երկրի համար:

Հետագա երեք տարիներին հիմնական մասի ու տոկոսադրույքների մարման համար կծախսվի 27 միլիարդ դոլար, ինչը համարժեք է պետական ծասերի մեկ քառորդին: Պարտքի միայն արագ ու արմատական մարումը կարող է երկիրը դուրս բերել տնտեսական ճահճուտից:

Կարդացեք նաև

2014 թվականի չորրորդ եռամսյակին արտադրության ծավալը նվազել է 15 տոկոսով՝ համեմատած դրա նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Եթե պետությունը փորձի կրճատել ծախսերը կամ հարկերը բարձրացնել մինչև այն մակարդակի, որը կապահովի պարտք մարելու հնարավորություն, ապա դա միայն կհանգեցնի լիակատար կրախի: Դա սարսափելի սցենար է:

Պարտքի ամբողջական մարումը հենց այն է, որը վարկատուները պետք է իրենց համար համարեն լավագույն տարբերակ այն համաձայնագրում, որը ձեռք է բերվել բանակցությունների արդյունքում: Այդ գործարքին հասնելը հեշտ չի լինի: Առաջին խոչընդոտը Ռուսաստանն է:

2013 թվականի վերջին Վլադիմիր Պուտինը Յանուկովիչի վարչակարգին հատկացրել է 3 միլիարդ դոլարի վարկ: Երբ դեկտեմբերին վրա կհասնի պարտքի մարման ժամկետը, Պուտինը կսպասի, որ դա մարվի ամբողջությամբ: Ռուսաստանը՝ որպես Ուկրաինայի հակամարտության նախաձեռնող, բարոյական իրավունք չունի հետ ստանալու պարտքը:

Դժբախտաբար, նա ունի ազդեցության անվիճելի տնտեսական ու ռազմական լծակներ, որոնք հենված են նրա վրա, որ Ուկրաինայի համար անհրաժեշտ և կենսական կարևորություն են ներկայացնում գազի մատակարարումները, ինչպես նաև առկա է պատերազմի կրակն էլ ավելի բորբոքելու հնարավորություն: Ուկրաինան հազիվ թե ունի այլ ընտրություն՝ բացառությամբ վճարելուց:

Երկրորդ խոչընդոտն ուկրաինական տնտեսության հեռանկարների կապակցությամբ նախկին անորոշությունն է: Ուկրաինայի մասնավոր վարկատուները, որոնցից խոշորագույն ամերիկացի մենեջեր Ֆրանկլին Թեմփլթոնն է, չունեն որևէ հնարավորություն՝ որոշելու համար, թե երկրի կառավարությունն իրականում իրենց պարտքի որ մասն է ունակ վերադարձնել:

Արդեն ի հայտ են եկել առաջին նախանշանները, որ երկրի նոր առաջնորդները կարող են չլինել ավելի պակաս կոռումպացված, քան՝ իրենց նախորդները: Երկրում չկա կայունություն ու վստահություն, ինչն անհրաժեշտ է պարտքային պարտավորությունների կարգավորման նպատակով բազմակողմ ու վերջնական գործարքներ կնքելու համար:

Դրա համար էլ լավագուն որոշումը կլիներ երկու քայլից բաղկացած գործընթացը: Նախ մասնավոր վարկատուները պետք է համաձայնվեն մորատորիումին (վճարման դադարեցմանը) ՝ կապված ԱՄՀ-ի այն ծրագրի մի քանի տարվա աշխատանքների հետ, որի շրջանակներում հիմնադրամը մտադիր է Ուկրաինային հատկացնել 17.5 միլիարդ դոլարի վարկ:

Դա ուկրաինացի առաջնորդներին կտա ժամանակ և անհրաժեշտ ռեսուրսներ, որպեսզի փրկեն տնտեսությունն ու հավաքեն որակյալ ֆինանսական մենեջմենթի փորձ: Այդ ժամանակ այլ խախտումների բացակայության պայմաններում բոլոր կողմերը կհայտնվեն առավել շահավետ դրության մեջ՝ գնահատելու համար ուկրաինական կառավարության վճարունակությունն ու կնքեն վերջնական գործարք:

Որպեսզի դա աշխատի, ԱՄՀ-ն ու արևմտյան երկրները, որոնք առաջարկում են իրենց օգնությունը, պետք է լինեն չափազանց պրագմատիկ, ճկուն և ուշադիր: Նրանք պետք է հասկանան, որ իրենց գումարների զգալի մասն ուղղվելու է Ռուսաստանին ունեցած պարտքի մարմանը: Նրանք պետք է Կիևին թույլ տան իրականացնել տնտեսության խթանում, ինչը կարող է նշանակել բյուջեի դեֆիցիտ, ինչը հակասում է պարտքային բեռի նվազեցմանը:

Նրանք պետք է պահանջեն թափանցիկություն ու ուշադիր հետևեն Ուկրաինայի կառավարության ծախսերին, որպեսզի համոզվեն, որ գումարները չեն հափշտակվում: Այդ պլանը կարելի է ձախողել բազմաթիվ եղանակներով: Սակայն այն անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինային տրվի վերականգնվելու հնարավորություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս