Լևոն Տեր-Պետրոսյանի ձայնը Կրեմլում չեն լսի. Դուբնով

«Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների` ՀՀԿ-ԲՀԿ կարճատև փոխհրաձգության ընթացքում հայաստանյան իշխանությունն իրեն դրսևորեց` որպես ամուր և կոշտ ուժ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի  հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթի ուղերձներին և հարցին, թե որքանով դրանք լսելի կլինեն Կրեմլում:

Նա նշեց, թե չի կարծում` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  դիրքորոշումը որևէ մեկին Կրեմլում հետաքրքիր կլինի՝ հատկապես վերջերս Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից, քաղաքական ուժերի  բախումներից հետո:

«Ինչո՞ւ հատկապես հիմա Տեր-Պետրոսյանը հետաքրքիր չէ, որովհետև հայաստանյան ներկայիս իշխանությունները, հեշտությամբ լռեցնելով ԲՀԿ-ին, իրենց դրսևորեցին՝ որպես ամուր, կոշտ, պինդ ուժեր, առավել ևս, երբ ՀՀ քաղաքական ներկապնակի լուրջ ուժերից Մոսկվան սպառնալիք չի զգում: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, քիչ հավանական է, որ մոտ ապագայում կգա իշխանության, կարող է միայն վիճարկել իշխանությունը Հայաստանում, իսկ դա քիչ հավանական է, որ հետաքրքրի Կրեմլին, և Կրեմլը Հայաստանում փոփոխությունների հեռանկարը պայմանավորի Տեր-Պետրոսյանով, Կրեմլին դա ամենևին էլ չի հետաքրքրում` հատկապես, երբ դաշտի բոլոր ուժերն էլ գործում են այնպես, ինչպես Կրեմլին հարմար է:

Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին շատ լավ գիտի, պարզապես նա հնարավորություն է գտել իրեն դիրքավորել՝ որպես ընդդիմություն»,- ասաց Վադիմ Դուբնովը` շարունակելով, որ Տեր-Պետրոսյանն իշխանության դեմ պայքարում ո՛չ ներքին, ո՛չ էլ, առավել ևս, արտաքին ռեսուրս չունի: Ըստ Դուբնովի` նրան մնում է  շարունակել չափավոր ընդդիմադիր գործունեությունը՝ առանց իշխանափոխության լուրջ հույսերի: Ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ` ապրիլի 24-ից հետո ևս ՀԱԿ-ից լուրջ գործողություններ ակնկալել պետք չէ, քանի որ այդ ենթադրյալ գործողություններն այլևս անհնար են:

Հիշեցնենք, որ մարտիմեկյան հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոդավորված ուղերձով պիտակավորեց նախկինում իր կողմից «մարգինալ» որակված ուժերին` ասելով, թե նրանք պահանջում են Պուտինի հրաժարականը, ակնարկելով, միևնույն ժամանակ, որ իշխանության դեմ պայքարող ուժերի շարքում  ՀԱԿ-ը միակ ռուսամետ և «Պուտինի հրաժարականը չպահանջող» ուժն է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031