Որոշումներ, որոնց կայացման համար ծերության շրջանում անպայման զղջալու եք
Մենք ամեն օր որոշումներ ենք ընդունում և ընտրություն կատարում, բայց հաճախ չենք մտածում, թե դրանք ինչպես կանդրադառնան մեր ապագա կյանքի վրա։ Ինքնակամ թե ստիպված՝ մենք որոշում կայացնելիս առաջնորդվում ենք փորձով, գիտելիքներով, խորհուրդներով կամ ինտուիցիայով։ Եվ միշտ մտածում ենք, որ ճիշտ ենք վարվում՝ ելնելով մեր մտքերից, տրամաբանությունից և դատողություններից։ Որոշումների մի մասը մեզ հաջողություն, ուրախություն և հեռանկար է խոստանում, մյուսները կյանք են փրկում, օգնում զարգանալ և արարել։
Բայց դիլեմաներ կան, որոնք մենք հեշտությամբ չենք կարող լուծել։ Այդ պատճառով էլ չենք կարողանում քնել, կորցնում ենք ախորժակը, հավասարակշռությունն ու հանգստությունը՝ գիտակցելով, որ սխալ ընտրությունը կարող է հետագայում սադրել մեղքի ճնշող զգացողություն, հարազատների, ընկերների և կոլեգաների զայրույթ և այլն։ Իհարկե, անսխալական հնարավոր չէ լինել, և եթե դուք, այնուամենայնիվ, ձեր կյանքում բացթողումներ եք ունեցել, մի մոռացեք, որ միշտ կարելի է փորձել դրանք ուղղել։
Կարևորը ժամանակ չկորցնելն ու չհետաձգելն է։
Մի կողմ դրեք ձեր հպարտությունն ու եսասիրությունը, վախն ու ամբիցիաները և աշխատեք փոխել այն, ինչը ձեզ թույլ չի տալիս գիշերները քնել։
Իսկ որպեսզի մոտիվացիա ունենաք, ներկայացնում ենք այն ստանդարտ սխալների ցանկը, որը գործում են գրեթե բոլորը։
1. Դուք զղջալու եք հեռուստացույցի առաջ չափազանց շատ ժամանակ անցկացնելու, անվերջանալի սերիալներ, ոչ մի օգուտ չտվող հաղորդումներ ու թոք-շոուներ նայելու համար։
2. Զղջալու եք սոցցանցերին շատ ժամանակ տրամադրելու և վիրտուալ կյանքով ապրելու համար:
3. Շատ եք ափսոսալու առողջ ապրելակերպ չվարելու համար, այն բանի համար, որ թույլ եք տվել՝ ձեր սովորությունները գերակայեն ձեր նկատմամբ։
4. Զղջալու եք այս աշխարհի իրական գեղեցկությունը բավարար չափով չվայելելու, շտապողականությամբ ապրելու և ձևի հետևից ընկնելու համար։
5. Զղջալու եք, որ քիչ եք հավատացել և չեք ձգտել ավելի շատ բանի հասնել։
6. Զղջալու եք, որ հազվադեպ եք դիմավորել արշալույսը և ճանապարհել արևամուտը՝ դա արդարացնելով կարևոր գործեր ու հոգսեր ունենալու փաստով։
7. Զղջալու եք, որ չափազանց վախեցած, լուրջ ու իներտ եք եղել, որովհետև այդպես են պահանջել հասարակության մեջ ընդունված «ճիշտ» և «պատվաբեր» վարվեցողության համընդհանուր կանոնները։
8. Դուք զղջալու եք, որ չափազանց շուտ մեծացաք և խլեցիք ձեզնից երբեմն նույնիսկ 40 տարեկանում երեխա լինելու իրավունքը։
9. Ափսոսալու եք, որ քիչ ու վատ եք ընկերություն արել, չեք գնահատել նրանց ու քիչ ժամանակ եք անցկացրել նրանց հետ։
10. Զղջալու եք չափից առավել նեղացկոտ, հիշաչար, կասկածամիտ ու չար լինելու համար։
11. Դուք զղջալու եք այն բանի համար, որ քիչ եք շփվել ընտանիքի, ձեր երեխաների, բարեկամների հետ, շատ եք վիճել և բարկացել նրանց վրա, քիչ եք սիրո խոսքեր ասել ու հիշեցրել՝ ինչքան թանկ են նրանք ձեզ համար։
12. Զղջալու եք, որ քիչ եք ծիծաղել, ուրախացել ու խրախճանքների մասնակցել։
13. Զղջալու եք ուրիշների ասածներն ու արածները չափազանց ցավոտ ընդունելու համար։
14. Ափսոսալու եք, որ չեք զարգացրել ձեր տաղանդը և հրաժարվել եք ձեր մանկական երազանքներից։
15. Զղջալու եք քիչ ճանապարհորդելու և աշխարհը քիչ ճանաչելու համար։
16. Տխուր ժպիտով եք հիշելու, որ չափից շատ եք վախեցել այս կամ այն բանից։
17. Զղջալու եք, որ ինքներդ ձեզ շատ եք թերագնահատել։
18. Զղջալու եք խենթ արարքներ չգործելու, հասարակությանը, աշխարհին ու հանգամանքներին ձեռնոց չնետելու, չպայքարելու ու թևաթափ լինելու, հեռանալու ու լռելու համար։
19. Զղջալու եք, որ երբեմն նյութական արժեքների ձեռքբերման մոլությանն եք տրվել, որ չափից առավել ուժեր, առողջություն ու միջոցներ եք վատնել իրականում ոչ այնքան կարևոր ու պիտանի իրեր ձեռք բերելու համար։
20. Շատ եք զղջալու, որ չեք ասել կարևորագույնը։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ