Սմարթֆոնի համար նախատեսված աքսեսուարը 15 րոպեի ընթացքում կարող է ախտորոշել ՁԻԱՀ-ը
Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) գիտնականները ստեղծել են սմարթֆոնի աքսեսուար, որն իրականացնում է սիֆիլիսի և ՁԻԱՀ-ի միաժամանակյա ախտորոշում 15 րոպեի ընթացքում: Շարժական գլյուկոմետրի նման` սարքը վերցնում է արյան նմուշ` ծակելով մատը: Ախտորոշման համար սարքն օգտագործում է պաթոգենների հակամարմինները, իսկ անհրաժեշտ էներգիան ստանում է սմարթֆոնից: Տվյալները մշակվում են հատուկ ծրագրի միջոցով: Աքսեսուարն ունի փոքր չափեր և քաշ, ուստի հարմար է տեղափոխման համար: Սարքը համատեղելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող ցանկացած սմարթֆոնի հետ:
Սարքը նախատեսվում է օգտագործել՝ որպես վարակիչ հիվանդությունների արագ ախտորոշման միջոց հատկապես այն իրավիճակներում, երբ հնարավոր չէ իրականացնել լիարժեք լաբորատոր հետազոտություն: Ըստ հաշվարկների` սարքը կարժենա ընդամենը 34 դոլար:
Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ