Մեծ Բրիտանիան արգելափակել է ռուս միլիարդատերերի կողմից Հյուսիսային ծովում հանքավայրեր գնելու գործարքը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիան արգելափակել է ռուս միլիարդատերեր Միխայիլ Ֆրիդմանի ու Գերման Խանի կողմից Հյուսիսային ծովում 12 նավթային ու գազային հանքավայրեր գնելու գործարքը:
Այդ որոշման համար պատճառ է դարձել այն մտավախությունը, որ գնորդները շուտով կհայտնվեն պատժամիջոցների ցուցակում: Ֆրիդմանն ու Խանը մտադիր էին գերմանական RWE կոնցեռնից 5 միլիարդ եվրոյով գնել Dea նավթային ընկերությունը:
Dea-ն գործում է մի շարք երկրներում` ներառյալ Մեծ Բրիտանիան, ուր բաժնեմաս ունի 12 հանքավայրերում: Գործարքը պլանավորված էր ավարտել հաջորդ շաբաթ:
Մեծ Բրիտանիայի կողմից գործարքն արգելափակելու որոշումն իր տեսակում առաջինն է, քանի որ այն հենված չէ գործող պատժամիջոցների վրա և հենված է միայն մտավախությունների վրա, որ ապագայում կարող են պատժամիջոցներ սահմանվել գործարքի մասնակիցների դեմ:
2014 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների փաթեթը սահմանափակումներ է մտցրել ռուսական նավթային սեկտորի դեմ: Պատժամիջոցների ցանկում հայտնվել են «Ռոսնեֆտը», «Տրանսնեֆտը», «Գազպրոմը», «Գազպրոմ նավթը», «Լուկօյլը», «Սուրգութնեֆթեգազը»:
Ամերիկյան ու եվրոպական ընկերություններյն արգելվել է արտահանել այնպիսի ապրանքներ ու տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել խորջրյա հատվածներում, արկտիկյան շելֆում կամ թերթաքարային շերտում նավթ արդյունահանելու ռուսական նախագծերում: