Սարսափելի դեպք. երեխան մահացել է մոր անտարբերության պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Առինջ գյուղի 33-ամյա բնակիչ Ստելլա Առաքելյանը Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով պարտավորեցվել է իր երեխային` 5-ամյա Քրիստինեին պատճառած վնասի համար 10 ամիս շարունակ 10.000-ական դրամ փոխհատուցում վճարել տուժողի ներկայացուցիչ Սմբատ Սմբատյանին: Այսպես՝ մեղադրական եզրակացությունից թերթը տեղեկանում է, որ Ստելլա Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դրսեւորելով անփույթ վերաբերմունք, միացնելով Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող հանգստյան տան սենյակի էլեկտրական սալիկը եւ նշված սենյակում թողնելով միայնակ քնած իր մանկահասակ դստերը՝ Քրիստինեին, գնացել է աշխատանքի: Րոպեներ անց էլեկտրական սալիկի կարճ միացման հետեւանքով սենյակում գտնվող բազմոցը հրդեհվել է, եւ երեխան ստացել է 2-րդ եւ 3-րդ ԱԲ աստիճանի ջերմային այրվածք: Այրվել է երեխայի դեմքի ձախ ականջախեցին, դաստակների մարմնի ընդհանուր մակերեսի 8 տոկոսը: Տեղեկացնենք, որ Ստելլա Առաքելյանը նախկինում ամուսնացած է եղել այլ տղամարդու հետ, ումից 2 որդի է ունեցել: Հետագայում անչափահաս տղաներին թողել է նրանց հոր խնամքին ու հեռացել: Որդիներին հայրը գիշերօթիկ դպրոց է տարել:
Ավելի ուշ Ստելլան փաստացի ամուսնացել է Երեւանի բնակիչ Արթուր Գինոսյանի հետ, ումից էլ ծնվել է գործով տուժող Քրիստինեն: Սակայն երկրորդ ամուսնու հետ եւս Ստելլան երկար չի ապրել. նրանք ամուսնալուծվել են, քանի որ Ա. Գինոսյանն իմացել է Ստելլայի մյուս երեխաների մասին:
Դեպքի օրը Ստելլան դստերն իր հետ տարել է հացի արտադրամաս, որտեղ աշխատում էր, իսկ երեխային փորձել է քնեցնել հանգստյան սենյակներից մեկում: Այս ընթացքում երեխան արթնացել է, ցանկացել է գնալ դեպի սենյակի անկյունում դրված տարան` բնական կարիքները հոգալու, զուգագուլպան փաթաթվել է ոտքին, ինչի հետեւանքով ընկել է էլեկտրական սալիկի վրա, այրել ձեռքերն ու դեմքը: Ապա հանելով իր՝ արդեն այրված զուգագուլպան, նետել է բազմոցին, որի հետեւանքով էլ բազմոցի վրա հրդեհ է բռնկվել:
Սակայն այսքանով մոր անտարբերությունը մանկահասակ երեխայի նկատմամբ չի ավարտվել: Դեպքից օրեր անց Ստելլայի հայրական տանը` ննջասենյակում, մայրը միացրել է հեռուստացույցը, որպեսզի Քրիստինեն մուլտֆիլմ դիտի, իսկ ինքը, առանց հսկողության թողնելով վերջինիս, քնել է: Այդ ընթացքում երեխան անկողնու գլխամասի հարեւանությամբ գտնվող պատի բնիկից քաշելով դուրս է հանել էլեկտրական վարդակը, որին էլ ձեռք տալով` հոսանքահարվել եւ մահացել է»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: