Ադրբեջանական դատարանը Խադիջա Իսմայլովային տուգանել է 2500 մանաթով
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ավարտվել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի նկատմամբ նախկին ընդդիմադիր Էլման Հասանովի հայցով դատական գործընթացը:
Դատավոր Սադրադին Գաջիևը Խադիջա Իսմայլովային մեղավոր է ճանաչել 147.2 հոդվածով (զրպարտանք) և նրան տուգանել է 2500 մանաթով: Դատավորը թույլ չի տվել, որ լրագրողները մասնակցեն դատական գործընթացին, և նրանք դատավճռի մասին իմացել են Իսմայլովայի փաստաբանից:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Էլման Հասանովը իրավապահ մարմինների «խորհրդով» (ինչում նա խոստովանել է) հայց է ներկայացրել Իսմայլովայի դեմ՝ պնդելով, որ նա վիրավորել է իրեն: Խոսքը գնում է Իսմայլովայի կողմից փաստաթուղթ հրապարակելու մասին, ըստ որի՝ Հասանովն ազգային անվտանգության նախարարության գործակալ է:
Սակայն ուշագրավն այն է, որ լրագրողուհու հրապարակած փաստաթղթում բացակայում է Հասանովի անունը: Այդ փաստաթուղթը սոցցանցերում հայտնվել է երկու տարի առաջ: Այն հրապարակել է ազգային անվտանգության նախարարության նախկին սպա, ներկայումս քաղաքական վտարանդի Ռամին Նագիևը:
Իսմայլովայի փաստաբանը հայտարարել է, որ դատարանի այսօրվա որոշումն ապօրինի ու անարդար է: Խադիջա Իսմայլովայի դեմ ներկայացված են մի քանի հայցեր և նրա դեմ տարվում են քրեական մի շարք հայցեր: Էլման Հասանովի հայցից հետո նրա դեմ հայց ներկայացրեց Թուրալ Մուսթաֆաևը, ով վստահեցնում է, որ Իսմայլովայի պատճառով ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
Խադիջա Իսմայլովային Ադրբեջանում կալանավորել են նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին: