15-ամյա աղջիկը կամրջից նետվել էր գրքի ազդեցության տա՞կ. armtimes.com
Հունվարի 29-ին Կիեւյան կամրջից նետված եւ հրաշքով ողջ մնացած 15-ամյա աղջիկը պատահարի օրը կասկածելի եւ տարօրինակ վարք է ցուցաբերել: Դասամիջոցին պայուսակն ու հեռախոսը թողել եւ դուրս է եկել դպրոցից՝ ոչ մեկին ոչինչ չասելով:
Դպրոցի տնօրենը armtimes.com-ի հետ զրույցում պատմեց. «Շոկի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ կարող էպատահած լիներ, ի՞նչ բրդեց խելքին՝ էդպիսի քայլ անել: Նախկինում, եթե լսած կամ նկատած լինեի տարօրինակ վարքագիծ, ինքս կզրուցեի իր հետ, կփորձեի հասկանալ, կդիմեի ծնողներին: Նա շատ զգացմունքային, բայց միաժամանակ՝ շատ հավասարակշռված, համառ, խելացի ու մեր դպրոցի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող աշակերտուհիներից է:
Շատ զարմացա, երբ իր համադասարանցիների բացատրագրերը կարդացի եւ իմացա, որ այնուամենայնիվ, երեխան մինչ այդ զգացնել է տվել, որ իր հետ ինչ-որ բան այն չէ՝ կա ընկճվածություն, նեղվածություն, թույլ արտահայտված մեկուսացվածություն եւ այլն»: Ըստ տնօրենի, համադասարանցիններն իրենց բացատրագրերում նշել են, որ նա վերջին շրջանում անտարբեր էր դարձել անգամ դասերի նկատմամբ, առաջվա պես չէր մտահոգվում գնահատականների համար:
Թեեւ միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, բայց հենց դեպքի օրը, երբ ցածր գնահատական է ստացել, համադասարանցուն ասել է՝ «մեկ է վերջին երկուսս է լինելու»: Համադասարանցին այդ պահին չի հասկացել նրա խոսքերի իմաստը: Դեպքից առաջ հաճախ է ընկերներին ասել, որ մի տեսակ հոգնել է կյանքից, բողոքել է անընդհատ, բայց ընկերները լուրջ չեն ընդունել, քանի որ վերջիններիս պնդմամբ, նա շատ զգացմունքային է եւ ամեն ինչից շատ շուտ ընկճվում է: Դեպքի օրը եղել է անհանգիստ ու խառնված՝ համադասարանցիներին ասել է, որ շտապում է, պետք է գնա, որ ամեն ինչ հասցնի, բայց ոչ ոք չի հասկացել, թե ուր է գնում կամ ինչին պետք է հասցնի:
Ընկերները դեպքից հետո են միայն վերլուծել եւ հասկացել նրա բոլոր ասածների թաքնված իմաստը:
Ընկերներից մեկը պատմել է, որ աղջիկը երկար ժամանակ տարված է եղել անգլիալեզու ինչ-որ գրքով՝ «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ», հեղինակ՝ Սթեյս Կրամեր (“50 days before my suicide”, Stace Kramer), եւ պարբերաբար խոսել է այդ գրքի մասին, հարցրել է ընկերներին՝ արդյո՞ք չեն կարդացել այդ գիրքը:
Նշենք, որ գրքի հերոսուհին 16-ամյա մի աղջնակ է, ով իր ինքնասպանությունից առաջ շուրջ 50 օր շարունակ իր օրագրում գրի է առել իր ամեն օրը: Դասղեկը կայքի հետ զրույցում չբացառեց, որ աղջկա ինքնասպանության պատճառը կամ դրա համար ներշնչման աղբյուր կարող է եղած լինել հենց այդ գիրքը. փորձել է նմանակել հերոսուհուն, աղջիկը հերոսուհու պես նույնպես անգլերեն գրառումներ է արել:
«Դեպքից հետո, երբ առաջին անգամ աչքի անցկացրեցի գիրքը, հասկացա, որ նա ամեն դեպքում փորձել է նմանակել հերոսուհուն, եւ նմանություններ ակնհայտ նկատեցի, նույնպիսի բաժակ է ունեցել, մազերի ձեւ եւ այլն»,- ասաց դասղեկը:
Կայքի թղթակիցը զրուցել է նաեւ աղջկա ծնողների հետ, վերջիններս հայտնեցին, որ իրենք առհասարակ խուսափում են զրուցել այդ թեմայով աղջկա հետ եւ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր նման բան թույլ տալ իրենց դուստրը այն դեպքում, երբ նա այդքան երազանքներ ուներ, նպատակներ, աշխատասեր էր ու համառ:
«Ուզում էր Դիլիջանի միջազգային դպրոցում սովորել եւ մինչեւ պատահարը ակտիվ անգլերեն էր պարապում՝ օրը 6-7 ժամ շարունակ, շատ էր կարդում, գիշերները ուշ էր քնում, բայց շատ կենսախինդ էր, դրա համար չենք կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր դրդել, երեխա է՝ պահի ազդեցությամբ է արել»,- պատմեց աղջկա հայրը: Ծնողներին պատմել է, որ հիշում է, երբ Կիեւյանում կանգնած է եղել, անցնող մեքենայից մեկը բղավել է՝ «Աղջիկ, չանես նման բան», ու հենց այդ պահին չի հասկացել, թե ոնց՝ նետվել է: Ծնողների խոսքով, աղջիկը նաեւ էքստրիմի սիրահար է:
«Վիրավորական է, որ երբ նման դեպք էր տեղի ունեցել, բոլորը մտածում էին, որ մեր աղջիկը ինչ-որ աղանդի է պատկանում, «էմո» շարժման անդամ է կամ տղայի պատճառով է, նույնիսկ ծիծաղելու է, չկա նման»,- ասաց աղջկա մայրը:
Դասղեկը նույնպես բացառեց եւ խիստ վիրավորական ու տգեղ համարեց մամուլում շրջանառվող այն բոլոր լուրերը, որ իբրեւ աղջիկը աղանդավորական շարժման մեջ է կամ ինչ-որ անձնական պատճառներ է ունեցել: «Իմ աշակերտուհին է՝ ես գիտեմ, նա շատ պարկեշտ, խելացի աղջիկ էր, ուղղակի դեռահասությանը բնորոշ խենթություն է թույլ տվել, որը կարող էր ճակատագրական լինել, բայց փառք Աստծո, Աստված նրա ու մեր կողքին գտնվեց»,- ասաց դասղեկը:
Կայքի հետ զրույցում հոգեբան Մարինա Թոզալաքյանը կատարվածը մեկնաբանեց դեռահասությանը բնորոշ վառ արտահայտված իմպուլսիվությամբ: Այդ տարիքում դեռահասները սկսում են փնտրել կյանքի իմաստը, անձամբ գտնել հարցի պատասխաններ եւ շատ հաճախ իռացիոնալ կերպով հանգում են նրան, որ կյանքն անիմաստ է: Դեռահասները այդ տարիքում իրենց որոշումներում եւ գործողություներում լինում են շատ կտրուկ, ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել:
Ըստ հոգեբանի, դեռահասներից գրեթե բոլորի մոտ այդ շրջանում ինքնասպանության մասին մտքեր լինում են, բայց ոչ բոլորի մոտ են դրանք զարգանում ու հասնում մինչեւ գործողության: Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք հնարավոր է, որ աղջկան ինքնասպանության դրդել է հենց գիրքը, որով վերջին շրջանում տարված է եղել. հոգեբանը նշեց՝ չի բացառվում, որ գրքից ներշնչված լինի, քանի որ դեռահասները հեշտ են ընկնում հոսանքների, ազդեցությունների տակ, բայց դրա համար հիմքեր են անհրաժեշտ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: