
Ռուսական ու վրացական ավիաընկերությունները շաբաթական կիրականացնեն 18 չվերթ

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի ավիաընկերությունները մինչև մարտի 3-ը կշարունակեն շաբաթական 18 չվերթ իրականացնել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գուրամ Ջալագոնիան:
Նա ընդգծել է, որ խորհրդակցությունները շարունակվում են և դեռ կան բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել: Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը չեղյալ էր հայտարարվել 2006 թվականին՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրացման ֆոնին: Հետագայում այն որոշ ժամանակով վերականգնվել է 2008 թվականին, սակայն օգոստոսյան պատերազմից հետո վերստին կասեցվել է:
Ավիահաղորդակցության վերականգնման մասին որոշումն ընդունվել է 2014 թվականի սեպտեմբերին, ինչից հետո երկու երկրների միջև կանոնավոր ավիաչվերթներ են իրականացնում 3 ավիաընկերություններ: Նրանցից երկուսը ռուսական են («Սիբիր» և «Աէրոֆլոտ»), իսկ մեկը՝ վրացական (Airzena – Georgian Airways):