
Միջնորդները պետք է աշխատեն Մադրիդյան սկզբունքների 6 հոդվածների վրա հենված խաղաղության պայմանագրի վրա. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էլմար Մամեդյարովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Նա հայտարարել է. «Մենք արդեն իսկ հնչեցրել ենք Ադրբեջանի դիրքորոշումը: Միջնորդները պետք է աշխատեն Մադրիդյան սկզբունքների 6 հոդվածների վրա հենված խաղաղության պայմանագրի վրա:
Տարածաշրջանում խաղաղություն հաստատվելու համար պետք է վարել լուրջ բանակցություններ: Առաջին հերթին պետք է իրենց հողեր վերադառնան փախստականներն ու հարկադիր վերաբնակները: Եվ գլխավորը, պետք է տուն վերադառնան զինվորականները»:
Մամեդյարովը հիշեցրել է, որ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, և իրենք նրանց հետ հանդիպելու են ժամը 17.00-ին. «Դրանից հետո մենք կարող ենք ասել, թե ինչ գաղափարներով ու առաջարկներով են եկել նրանք»: