Ամերիկացի կոնգրեսականները քննադատել են Ադրբեջանի իշխանություններին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` փետրվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովում լսումներ են անցկացվել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Գործակալության թղթակիցը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն վերստին քննադատության է ենթարկվել մամուլի ազատությունն ու քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար:
Եվրոպայի ու Եվրասիայի հետ հարցերով ենթակոմիտեի նախագահ Դանա Ռոհրաբահերը հայտարարել է. «Ռուսաստանի ու Իրանի միջև բարդ հարևանության ու «սենդվիչի» վիճակում գտնվելը չի նշանակում, թե Ադրբեջանին պետք է ներել իրավունքների խախտման համար»:
Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ շահերին` նա ընդգծել է, որ Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրավումն անթույլատրելի է, ինչպես և լրագրողներին կալանավորելը. «Ադրբեջանի իշխանությունները նման քայլերով սահմափանակում են մամուլի ու հասարակական քննարկումների ազատությունը»:
Նյու Ջերսին ներկայացնող կոնգրեսական Ալբիո Սաերսը հայտարարել է. «Ես խորապես մտահոգված եմ քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ների անկախությունը խաթարելուն ուղղված կառավարության կողմից ոչ վաղ անցյալում գործադրված ջանքերի կապակցությամբ: Ժողովրդավարությունը չի լինում առանց քաղաքացիների, առանց բաց կերպ արտահայտվողների»:
Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Գրեգորի Միքսն իր հերթին հայտարարել է, որ Իլհամ Ալիևին ու նրա թիմը պետք է իմանան, որ իրենք մտահոգված են քաղաքացիական հասարակության անդամների հանդեպ նրանց մոտեցումից:
Մասաչուսեթսը ներկայացնող կոնգրեսական Վիլյամ Քիթինը նույնպես դատապարտել է Բաքվում լրագրողներին կալանավորելն ու անթույլատրելի է համարել հակաամերիկյան կամպանիա ծավալելը: Լսումներին ներկա չեն գտնվել Ադրբեջանի դեսպանն ու պաշտոնատար այլ անձինք: