Թուրքիան սուզանավերի չմատակարարման համար փոխհատուցում է պահանջելու Գերմանիայից

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2011 թվականին Գերմանիային պատվիրված 6 սուզանավերից առաջինը թուրքական կողմին պետք է հանձնվի 2015 թվականին:

Սակայն սուզանավեր արտադրող TyhssennKrupp ընկերությունը չի էլ սկսել առաջին սուզանավի արտադրությունը՝ չնայած նրան, որ սուզանավերի արտադրման պայմանագիրը ստորագրվել է մոտ 4 տարի առաջ: Գործարքը գնահատվել էր 2.5 միլիարդ եվրո:

Թուրքական կողմն այժմ մտադիր է գերմանական ընկերությունից պահանջել 2 միլիոն եվրոյի փոխհատուցում՝ առաջին սուզանավի մատակարարումը սահմանված ժամկետում չիրագործելու համար: Պայմանագրի համաձայն՝ թուրքական կողմը 6 սուզանավերը պետք է ստանա մինչև 2019 թվականը:

Հիշեցնենք, որ սուզանավերի այս գործարքը, որը գնահատվել էր 2.5 մլրդ եվրո ($3.4 մլրդ), ֆինանսական առումով դարձել է Թուրքիայի ռազմածովային ուժերի համար խոշորագույն գործարք և Թուրքիայի պաշտպանունակության ընդլայնման ոլորտի 2-րդ խոշոր նախագիծը՝ զիջելով միայն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ գործարքին՝ կապված $13-16 մլրդ-ով հինգերորդ սերնդի F-35 տիպի բազմանշանակ 100 կործանիչ գնելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս