Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ. «Մարդու վրա կրակել և հատկապես մանկահասակ երեխային սվինով հարվածել քչերը կարող են»

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի հետ 168.am-ը զրուցել է քրեական գործի մասին:

– Պարոն Սարգսյան, նախաքննական մարմինը Ձեզ գուշացրե՞լ է նախաքննոթյան տվյալներ չհրապարակելու մասին:

– Այո, ինչպես՝ տուժողների իրավահաջորդներին, այնպես էլ՝ փաստաբաններիս, նախազգուշացվել է նախաքննության տվյալները չհրապարակելու մասին:

– Նշվե՞լ է որոշակի ծավալը, որը հնարավորություն չունեք հրապարակելու, թե՞ գործի ձեռք բերված բոլոր տվյալները նախաքննության գաղտնիք են համարվում:

Կարդացեք նաև

– Մեզ նախազգուշացրել են ոչ թե նախաքննության գաղտնիք, այլ նախաքննության տվյալները չհրապարակելու մասին: Գուցե մենք համարենք, որ որևէ տվյալ կարևոր չէ, գաղտնիք չէ, սակայն քննության համար այն կարևոր լինի: Համենայն դեպս, այս պահին մեզ նախազգուշացրել են նախաքննության տվյալներ չհրապարակելու մասին: Կան տեղեկություններ, որոնք նախաքննական մարմնից չենք իմանում: Դրանց շուրջ կարող ենք դիրքորոշում հայտնել և խոսել:

– Փետրվարի 2-ին Դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ դատախազ Յու. Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ: Որպես տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ կլինի, եթե վարույթը փոխանցվի ՀՀ իրավապահներին, և արդյոք Ձեր կարծիքով՝ այս միջնորդությունը կբավարարվի՞:

yerem-sargsyan– Հայտարարության մեջ նշված չէ կոնկրետ հիմքը, որով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր  դատախազին: Ըստ հայտարարության՝ հիմք է ընդունվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ համաձայնագրի 6-րդ հոդվածը, որում, համենայն դեպս, հայեցողական ձևակերպումներ կան, այդ իսկ պատճառով չեմ կարող միանշանակ ասել` կբավարարվի՞ արդյոք միջնորդությունը, թե՞ ոչ:

Միանշանակ ողջունում եմ նման ցանկացած քայլ, գործողություն, որն ուղղված կլինի նրան, որ վարույթն ամբողջությամբ իրականացվի Հայաստանի իրավապահ մարմինների կողմից: Չգիտեմ՝ միջնորդությունը կբավարարվի՞, թե՞ ոչ, բայց նման քայլեր միանշանակ պետք է լինեն:

– Վարույթ փոխանցելը նշանակո՞ւմ է՝ նաև մեղադրյալին փոխանցել:

– Վարույթ հասկացությունը սահմանված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ և 26-րդ հոդվածներով: Ըստ դրանց՝ քրեական գործի վարույթը դա քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումն է, որոնք կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք` իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Օրենսդրական այս ձևակերպումներից հետևում է, որ վարույթի հնարավոր փոխանցումից հետո դրա իրականացումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից,  ըստ էության, կարելի է մեկնաբանել՝ նաև որպես քրեական գործի վերջնական ընթացքի լուծման լիազորություն` գոնե քրեական հետապնդման իրականացման առումով, իսկ այդ լիազորությունը վարույթի որոշակի փուլում արդեն անհնար է՝ առանց մեղադրյալի մասնակցության: Հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ վարույթի փոխանցման միջնորդությունը որոշակի առումով նաև մեղադրյալի փոխանցման միջնորդության սկզբնական քայլերից է:

Սակայն, այդքանով հանդերձ, պետք է արձանագրեք, որ եթե խոսքը գնա մեղադրյալին ՀՀ-ին հանձնելու մասին, կարծում եմ, որ հանձնում չի լինի:

– Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ հունվարի 29-ի դրությամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չէր նշանակվել յոթ անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ:  Ձեր կարծիքով՝ նման փորձաքննության նշանակման անհրաժեշտություն կա՞:

– Եթե ընդհանրապես խոսենք երևույթի մասին, ապա գործի քննության լրիվությունն ամբողջությունն ապահովելու համար որոշ առումով անհրաժեշտ է նման փորձաքննության նշանակումը, քանի որ յուրաքանչյուրս էլ կընդունենք, որ հոգեբանական որոշակի շեմ է պետք անցնել, որպեսզի նման արարք կատարվի:

Այսպիսի հանցագործությունը կամ կատարվում է հատուկ պլանավորված՝ ելնելով ինչ-ինչ դրդապատճառներից, որը որոշակի նախապատրաստական փուլ է ունենում, որպիսի վարկածը պարտավոր ենք չբացառել, կամ էլ, եթե մի պահ ընդունենք այն վարկածը, թե տուն մտել է ջուր խմելու համար, հետագայում վախից ելնելով է արարքը կատարել, այս դեպքում պետք է հոգեբանական որոշակի շեմ անցնել՝ այդ քայլերին դիմելու համար: Մարդու վրա կրակել և հատկապես մանկահասակ երեխային սվինով հարվածել քչերը կարող են: Դա հոգեբանական լուրջ հարց է, և այդ առումով գտնում եմ, որ փորձաքննություն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, թեկուզ բացառելու համար, որ նա այդ արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, ինչը նույնպես կարևոր է գործի համար: Իսկ անմեղսունակությունը պետք է որոշեն փորձագետները, որոնք կարող են անգամ պարզել,  որ նա ունի որևէ հոգեկան խնդիր, հիվանդություն, բայց հանցագործության կատարման պահին անմեղսունակ չի եղել: Բայց ասեմ նաև, որ  գործողությունների շարքը, որն այս պահին հայտնի է մեզ և հասարակությանը (չգիտեմ՝ որքանով է դա իրական), վկայում են գիտակցված գործողությունների մասին:

– ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հրապարակեց Վալերի Պերմյակովի ցուցմունքը, համաձայն որի՝ նա ցանկացել է ջուր խմել: Ձեր վստահորդները որքանո՞վ են արժանահավատ համարում այս վարկածը, հայտնե՞լ են արդյոք՝ մեղադրյալը ճանաչե՞լ է Ավետիսյանների ընտանիքին նախկինում, շփում ունեցե՞լ է նրանց հետ:

– Ոչ, նման տվյալներ չեն հայտնել: Իրենց համար, ինչպես յուրաքանչյուրիս համար, այսօր անհայտ վիճակ է: Այսօր, երբ ես արդեն ներգրավվել եմ գործում՝ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, հիմնական խնդիրը և, կոպիտ ասած՝ առաջադրանքը, որը կա իմ առջև, դա համապատասխան միջնորդություններով աջակցել, նպաստել, ինչո՞ւ չէ` նաև պարտադրել, որպեսզի ամբողջությամբ բացահայտվի քրեական գործը: Ի վերջո, տուժողների իրավահաջորդների բուն նպատակն է՝ պարզել իրականությունն ամբողջությամբ:

– Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Վալերի Պերմյակովը հիվանդ է օլիգոֆրենիայով: Որքանո՞վ այն կարող է առնչություն ունենալ մեղսունակության կամ անմեղսունակության հետ:

– Օլիգոֆրենիայի շատ սուր վիճակի դեպքում դա կզգացվեր նրա մոտ, բայց այս դեպքում կարծես թե նման հատկանիշներ չենք տեսնում: Համենայն դեպս, գուցե կան որոշակի խնդիրներ: Օլիգոֆրենիան մի քանի աստիճան ունի, որոնցից մեկն էլ, օրինակ, դեբիլությունն է, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր դեպքում դեբիլությունն անձին զրկում է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու ունակությունից:

– Ձեր կողմից նախաքննական մարմնին միջնորդություններ եղե՞լ են:

– Միջնորդությունների որոշակի ծավալ արդեն իսկ պատրաստ է: Ես դրանք այսօր պետք է քննարկեմ իմ վստահորդների հետ, համաձայնեցնեմ նրանց հետ, որից հետո կներկայացնեմ նախաքննական մարմնին: Միջնորդությունները հիմնականում ուղղված են գործի մի շարք էական հանգամանքների բացահայտմանը, նշված են որոշակի գործողություններ, որոնց միջոցով կարելի է հասնել այդ հանգամանքների բացահայտմանը: Չի բացառվում, որ դրանց մի մասն անգամ արդեն իսկ կատարված լինեն, սակայն, քանի որ օրենքով սահմանված կարգով այս պահին մենք դրանց մասին չգիտենք, ուստի ապահովության համար անգամ կմիջնորդենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս