Ինչպես է տեղի ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարը և ինչու է նա մեղավոր ճանաչվել. դատարանի վճիռը

Հունվարի 29-ին դերասան Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման: Նա դատարանի վճռով 2 տարով զրկվեց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: դատարանը վճռեց նաև Վարդան Պետրոսյանից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»  բռնագանձել 1.200.000 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում,  Վարդան Պետրոսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել` դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18.825 դրամ, ապրանքագիտական փորձաքննության փորձաքննության համար ծախսված 33.600  դրամ` որպես դատական ծախսեր: Դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, հրապարակումից մեկ ամիս անց կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Datalex դատական տեղեկատվական համակարգում ամբողջությամբ հրապարակվել է դատարանի վճիռը:

Ինչ է ասել Վարդան Պետրոսյանը

Իր վճռում դատարանը նշել է, որ առաջադրված մեղադրանքում Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա իր ցուցմունքում նշել է, որ ավտովթարի օրը` 2013թ. հոկտեմբերի 20-ին, Սարալանջ գյուղի իր տանը նկարահանվել է «Չէին սպասում» հաղորդումը, որից հետո հաղորդման ռեժիսորի առաջարկով որոշել են նկարահանել նաև «Քաղցած չէին սպասում» հաղորդումը, որի ժամանակ հաղորդման հյուրը, այդ պարագայում ինքը, պետք է ինչ-որ ուտեստ պատրաստեր: Ըստ դատարանի՝ Վարդան Պետրոսյանը նշել է, որ քանի որ այդ օրն իրեն հյուր պետք է գային քույրը, եղբորորդին և եղբոր դուստրը, զանգահարել է քրոջը և խնդրել, որպեսզի ուտեստ պատրաստելու համար ձուկ և այլ պարագաներ բերեն: Այդ հաղորդումը ևս նկարահանել են, որից հետո սեղան է գցվել:

Այնտեղ խնջույք չի եղել, պարզապես եղել է նկարահանում, որի ժամանակ սեղանին դրվել են ուտեստներ, իսկ օղու փոխարեն՝ ջուր: Նույնիսկ նկարահանման ժամանակ, երբ ինքը ցանկացել է լցնել օղու բաժակները, իրեն ասել են, որ ջուր լցնի, որից հետո հաղորդման ռեժիսորը կանգնեցրել է նկարահանումը և ասել, որ հեռուստադիտողը չպետք է իմանա, որ օղու փոխարեն ջուր է լցված բաժակներում: Նկարահանումից հետո նկարահանող խմբի անձնակազմը, նրանցից որոշ ժամանակ հետո՝ նաև իր մյուս հյուրերը, մեկնել են Երևան:

Կարդացեք նաև

Եվ քանի որ դրա հաջորդ օրն ինքը ներկայացում պետք է ունենար, ուստի դրան պատրաստվելու համար ժամը 21:00-21:30 ընկած ժամանակահատվածում դուրս է եկել տանից և ուղևորվել դեպի Երևան: Ավտոմեքենան վարել է շատ հանգիստ՝ 40 կմ/ժ արագությամբ: Եղվարդ քաղաքում ավտոմեքենան վարելիս կարճ հեռախոսային խոսակցություն է ունեցել իր հարևան Օնիկ Հակոբյանի հետ, որի ընթացքում հեռախոսակապն ընդհատվել է:

Ըստ դատարանի վճռի՝ Վարդան Պետրոսյանն ասել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհով ընթանալիս դեպի Աշտարակ քաղաք տանող խաչմերուկ չհասած, հեռվից, մթության մեջ նկատել է «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան, որը հետընթաց է կատարել,  իր ավտոմեքենայի փոխանցման տուփը եղել է 5-րդ փոխանցման վրա, հեռահար և մոտակա լույսերով ազդանշան է տվել՝ մտածելով, որ հանգիստ կարող է անցնել այդ ավտոմեքենայի կողքով, այդ պահին իր համար անսպասելի «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան թեքվել է դեպի խճուղի՝ դեպի բանուկ մաս, արգելակել և հայտնվել է իր առջև: Տարածությունը եղել է շատ փոքր, ինքը մի կերպ կարողացել է արգելակել և փորձել է մանևրել քիչ աջ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել բախումը, որի հետևանքով ինքն ուշագնաց է եղել:

Դատարանը, սակայն, իր վճռում նշել է. «Դատարանը, վերլուծելով ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի` դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն ու հայտարարությունները, դրանք համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ և գնահատելով համակցության մեջ, գտնում է, որ ամբաստանյալի կողմից իրեն մեղսագրվող հանցագործությունների կատարումը հերքող ցուցմունքներն ու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ»:

Ինչով է դատարանը հիմնավորված համարել մեղքը

Ըստ դատարանի՝ նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է հետևյալ ապացույցներով.

1. Տուժող Արթուր Հակոբյանը, ըստ դատարանի, ցուցմունք է տվել, որ աշխատել է պետական հիմնարկում և վարել իրեն ամրակցված «Վազ-21214» մակինիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան սարքավորված է եղել գազով, իսկ դեպքից 25 օր առաջ ավտոմեքենայի շարժիչի հետ կապված վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Ունի ավտոմեքենա վարելու 25 տարվա փորձ և օրինապահ վարորդ է:
Ըստ դատարանի՝ տուժողը հայտնել է, որ  2013թ. հոկտեմբերի 20-ին  Ծաղկաձորից վերադառնալիս Եղվարդի կողմից երթևեկել են դեպի Աշտարակ քաղաքի ուղղությամբ: Ավտոմեքենան վարել է ինքը, առջևի ուղևորի համար նախատեսված նստատեղին նստած է եղել եղբայրը` Հայկ Հակոբյանը, հետևի ուղևորների համար նախատեսված նստատեղին` անմիջապես իր հետևի մասում, նստած է եղել իր դուստրը` Տաթևիկ Հակոբյանը, կողքին` եղբոր դուստրը` Էմմա Հակոբյանը, նրա կողքին` որդին` Էդվարդ Հակոբյանը, իսկ վերջինիս կողքին` եղբորորդին` Էդգար Հակոբյանը:

Ըստ դատարանի՝ տուժողը հայտնել է, որ մինչև Աշտարակ քաղաք հասնելը, ավտոմեքենայի շարժիչից ձայն է լսել, և պարզելու համար, թե ինչումն է խնդիրը, որոշել է կանգնեցնել ավտոմեքենան: Ինքն իմացել է, որ պետք է աջ թեքվի` դեպի Աշտարակ քաղաքի կողմը, բայց քանի որ աջ թեքվելու և ավտոմեքենան կանգնեցնելու պարագայում կստեղծվեր վթարային իրավիճակ, այդ պատճառով մտել է Եղվարդ քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող ճանապարհի մոտ անկյունաձև հողածածկ գոտի` մոտավորապես 1-1.5 մետր ու ասֆալտի եզրից աջ, իսկ հետևի մասն իր հիշելով մոտավորապես 10 մետր և ավել է եղել:

Ավտոմեքենայի դիմային հատվածը եղել է Աշտարակ քաղաքի ուղղությամբ և ինքը հնարավորություն է ունեցել առանց հետընթաց կատարելու ավտոմեքենան դեպի ձախ կողմ թեքելով` շարունակել ճանապարհը դեպի Աշտարակ քաղաք: Ուղևորներից ոչ ոք չի իմացել իր կողմից ավտոմեքենան կանգնեցնելու պատճառի մասին: Կանգնած վիճակում 1-2 վայրկյան ստուգել է ավտոմեքենայի շարժիչի ձայնը, սեղմել է գազի ոտնակը, փոխանցուման տուփը միացրել է հետընթացի վրա` այդ վիճակում ևս շարժիչի աշխատանքն ստուգելու նպատակով, սակայն հետընթաց չի կատարել, ավտոմեքենան եղել է ստատիկ վիճակում, ոտքը` արգելակման ոտնակին:

Համոզվելով, որ ավտոմեքենայի շարժիչը սարքին վիճակում է, որոշել է ավտոմեքենան դուրս բերել հողածածկ հատվածից և շարունակել ճանապարհը: Նայել է ավտոմեքենայի ձախ կողային հայելու մեջ և նկատել բարձր արագությամբ դեպի իրենց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի առջևի լուսարձակների արձակած լույսը: Որոշել է առաջ թողնել այդ ավտոմեքենան և նոր հողածածկ հատվածից դուրս գալով շարունակել ճանապարհը: Վայրկյաններ անց այդ ավտոմեքենան, որի ղեկին եղել է ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը, ուղիղ եկել և մխրճվել է իր ավտոմեքենայի հետնամասը: Ըստ իրեն Վ.Պետրոսյանը բախման պահին չի արգելակել:

Վարդան Պետրոսյանի վարած ավտոմեքենան իր ավտոմեքենային կողասահքով հարվածելու հանգամանքը բացառել է, քանի որ այդ դեպքում իր ավտոմեքենան աջից կամ ձախից ջարդված կլիներ, այնինչ բախումը եղել է իր ավտոմեքենայի հետնամասին` Աշտարակ-Երևան ավտոճանապարհի բաժանման աջ անկյունում:
Մինչ Վ.Պետրոսյանի ավտոմեքենայի առջևի լուսարձակների լույսը նկատելը և բախումը մի վայրկյան է տևել, որից հետո ուշագնաց է եղել, եղել է շոկային վիճակում և ուշքի է եկել հիվանդանոցում, նույնիսկ երեխաների հուղարկավորությանը չի մասնակցել:

Ըստ դատարանի վճռի՝ իր նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո տուժող Արթուր Հակոբյանը հայտնել է, որ դեպքից անմիջապես հետո` դեռևս վերակենդանացման բաժանմունքում ցուցմունք է տվել, որ սթրեսային և շոկային վիճակում է եղել, և դրանով պայմանավորված ավտոմեքենայի կանգնած դիրքի վերաբերյալ տարբեր ցուցմունքներ է տվել, չի նշել նաև փոխանցման տուփի դիրքի մասին: Նշել է նաև իր ավտոմեքենայի կանգնած դիրքից, եթե ավտոմեքենան 1-2 մետր անգամ հետընթաց կատարեր, այնուամենայնիվ, կմնար հողածածկ կողնակում:
2. Տուժող Տաթևիկ Հակոբյանն, ըստ դատարանի, ցուցմունք է տվել, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքից գնացել են դեպի Աշտարակ քաղաք, և ճանապարհն անցել է Եղվարդ քաղաքով: Ավտոմեքենան վարել է հայրը՝ Արթուր Հակոբյանը, առջևի ուղևորի համար նախատեսված նստատեղին եղել է հորեղբայրը՝ Հայկ Հակոբյանը, հետևի ուղևորների համար նախատեսված նստատեղին՝ անմիջապես վարորդի հետևի մասում, նստած է եղել ինքը, իր կողքին՝ հորեղբոր դուստրը՝ Էմմա Հակոբյանը, նրա կողքին՝ իր եղբայրը՝ Էդվարդ Հակոբյանը, իսկ վերջինիս կողքին՝ հորեղբոր որդին՝ Էդգար Հակոբյանը:

Երթևեկության ժամանակ Արթուր Հակոբյանը մի ակնթարթ ավտոմեքենան կանգնեցրել է հողածածկ հատվածում, սակայն ինքն այդ ժամանակ չի իմացել հոր կողմից ավտոմեքենան կանգնեցնելու պատճառների մասին: Ինքը ճանապարհին չի հետևել, քանի որ հեռախոսով է զբաղված եղել: Ըստ դատարանի վճռի՝ Տաթևիկ Հաոբյանը հայտնել է, որ ավտոմեքենան եղել է կանգնած վիճակում, ինքը ցանկացել է հետաքրքրվել ավտոմեքենան կանգնեցնելու պատճառների մասին, սակայն չի հասցրել, քանի որ այդ ժամանակ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի վարած ավտոմեքենան հարվածել է իրենց ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևյանքով եղբայրը` Էդվարդ Հակոբյանը հորեղբոր որդին` Էդգար Հակոբյանը մահացել են:

Հայտնել է նաև, որ իրենց ավտոմեքենայում ոչ ոք, այդ թվում և Արթուր Հակոբյանը ալկոհոլ օգտագործած վիճակում չեն եղել: Ընթացքի ժամանակ հայրը ավտոմեքենայի անսարքությունների վերաբերյալ բողոք չի ներկայացրել:

3. Ըստ դատարանի վճռի՝ Տուժող Հայկ Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2013թ. հոկտեմբերի 20-ին, եղբայրը` Արթուր Հակոբյանն այցելել էր իրենց տուն, իսկ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, վերջինիս «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքից վերադառնալիս անցել են Եղվարդ-Երևան ավտոճանապարհով:

Ավտոմեքենան վարել է Արթուր Հակոբյանը, առջևի ուղևորի համար նախատեսված նստատեղին եղել է ինքը, հետևի ուղևորների համար նախատեսված նստատեղին` անմիջապես վարորդի հետևի մասում, նստած է եղել եղբոր դուստրը՝ Տաթևիկ Հակոբյանը, կողքին` իր դուստրը՝ Էմմա Հակոբյանը, նրա կողքին՝ եղբոր որդին՝ Էդվարդ Հակոբյանը, իսկ վերջինիս կողքին՝ իր որդին` Էդգար Հակոբյանը:
Ճանապարհին Արթուր Հակոբյանը, ըստ դատարանի վճռի, նշել է, որ մի պահ մտել է հողածածկ գոտի և կանգնեցրել ավտոմեքենան:

Կանգնելուց հետո ինքը չի նկատել, թե եղբայրն ինչ գործողություն է կատարել ավտոմեքենայի հետ: Այդ պահին իր համար անսպասելի իրենց ավտոմեքենայի հետնամասին է հարվածել ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի վարած ավտոմեքենան: Բախման հետևանքով իրենց ավտոմեքենան 180 աստիճան պտտվել և հայտնվել է ճանապարհի բանուկ մասում, իսկ ինքը ավտոմեքենայի մեջ շրջվել է դեմքով դեպի հետևի նստատեղի ուղևորները: Փորձել է սեղմել ավտոմեքենայի ազդանշանը և բացել դուռը, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել: Այնուհետև, իրենց են մոտեցել անծանոթ քաղաքացիներ, դուրս բերել ավտոմեքենայից և տեղափոխել տարբեր հիվանդանոցներ:

Այդ օրը ո՛չ ինքը, ո՛չ էլ եղբայրը ալկոհոլ օգտագործած չեն եղել, իսկ բախման պահին իրենց ավտոմեքենան եղել է կանգնած վիճակում:

4. Տուժող Էմմա Հակոբյանը, ըստ դաարանի վճռի, ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2013թ. հոկտեմբերի 20-ին, հորեղբայրը` Արթուր Հակոբյանն ընտանիքով հյուր է եկել իրենց տուն և երբ Ա. Հակոբյանը ցանկացել է գնալ Ծաղկաձոր քաղաք, ինքը ևս ցանկություն է հայտնել գնալ: Ծաղկաձոր քաղաքից վերադառնալիս եղել են «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենան վարել է Արթուր Հակոբյանը, առջևի ուղևորի համար նախատեսված նստատղին նստած է եղել հայրը՝ Հայկ Հակոբյանը, հետևի ուղևորների համար նախատեսված նստատեղին` անմիջապես վարորդի հետևի նստատեղում նստած է եղել հորեղբոր դուստրը` Տաթևիկ Հակոբյանը, կողքին՝ ինքը, իր կողքին՝ հորեղբոր որդին՝ Էդվարդ Հակոբյանը, իսկ վերջինիս կողքին՝ իր եղբայրը` Էդգար Հակոբյանը:

Քանի որ ինքը համեմատաբար ավելի փոքրամարմին է, այդ իսկ պատճառով նստել է ավտոմեքենայի` հետևի ուղևորների համար նախատեսված նստատեղի եզրամասին:
Տուժողն, ըստ դատարանի, նշել է, որ մինչ դեպքը Արթուր Հակոբյանն ավտոմեքենան կանգնեցրել է հողածածկ գոտում: Ինքը չի հասցրել հարցնել, թե ինչու են կանգ առել, քանի որ այդ ժամանակ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան անսպասելի հարվածել է իրենց ավտոմեքենային: Դեպքից հետո իրենց օգնություն են ցուցաբերել անծանոթ քաղաքացիները և իրենց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի մանրամասները չի կարողացել հիշել, քանի որ ճանապարհին չի հետևել՝ ավտոմեքենայում հեռախոսով զբաղված լինելու պատճառով:

5. Տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը, ըստ դատարանի վճռի, ցուցմունք է տվել, որ դեպքի օրը` 2013թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, իրենց տուն են եկել ամուսնու՝ Հայկ Հակոբյանի եղբայրը` Արթուր Հակոբյանը՝ ընտանիքի անդամների հետ միասին: Միասին ճաշել են, որից հետո ամուսինը, ամուսնու եղբայրը և իրենց երեխաները Տաթևիկ, Էդգար, Էդվարդ և Էմմա Հակոբյանները, Արթուր Հակոբյանի վարած «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքից մեկնել են Ծաղկաձոր, իսկ ինքն Արթուր Հակոբյանի կնոջ հետ մնացել է տանը:

Նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, զանգահարել է աղջկան, ով հայտնել է, որ արդեն դուրս են գալիս, սակայն մի որոշ ժամանակ անց, երբ զանգահարել է ամուսնու հեռախոսահամարին, վերջինս չի պատասխանել իր հեռախոսազանգերին: Ինքը և Նաիրա Հայրապետյանը փորձել են զանգահարել երեխաների հեռախոսահամարներին և քանի որ վերջիններս ևս չեն պատասխանել հեռախոսազանգերին, սկսել են անհանգստանալ: Որոշ ժամանակ անց կրկին զանգահարել է Տաթևիկ Հակոբյանի հեռախոսահամարին, սակայն վերջինիս փոխարեն հեռախոսազանգին պատասխանել է իր եղբայրն ու հայտնել, որ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով «Վազ-2121» մակնիշի վերը նշված ուղևորները տեղափոխվել են Էրեբունի և Արմենիա բժշկական կենտրոններ: Իրենք անմիջապես մեկնել են հիվանդանոց, որտեղ տեղեկացել են, որ վթարի պատճառով Էգդար և Էդվարդ Հայոբյանները վատ վիճակում են, իսկ լուսադեմին վերջիններս մահացել են:

6. Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը, ըստ դատարանի վճռի, ցուցմունք է տվել, որ դեպքի օրը` 2013թ. հոկտեմբերի 20-ին, ամուսնու` Արթուր Հակոբյանի և երկու երեխաների` Էդվարդ և Տաթևիկ Հակոբյանների հետ միասին գնացել են ամուսնու եղբոր` Հայկ Հակոբյանի տուն: Նույն օրը ամուսինը, ամուսնու եղբայրը և երեխաները Տաթիկ, Էդգար, Էդվարդ և Էմմա Հակոբյանները, ամուսնու «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքից մեկնել են Ծաղկաձոր, իսկ ինքը ամուսնու եղբոր կնոջ՝ Աննա Կարապետյանի հետ մնացել է տանը:

Նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, զանգահարել է դստեր Տաթևիկ Հակոբյանի հեռախոսահամարին, ով հայտնել է, որ արդեն պատրաստվում են վերադառնալ Աշտարակ: Ժամը 22:00-ի սահմաններում, երբ կրկին զանգահարել են երեխաներին և ամուսիններին, հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանել: Իրենք սկսել են անհանգստանալ, և երբ կրկին փորձել են զանգահարել այդ ժամանակ Տաթևկ Հակոբյանի հեռախոսահամարին, պատասխանել է Աննա Կարապետյանի եղբայրը, և հայտնել, որ թեթև ավտովթար է եղել և վերը նշված «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են Էրեբունի և Արմենիա բժշկական կենտրոններ: Իրենք անմիջապես մեկնել են հիվանդանոց, որտեղ տեղեկացել են, որ Էգդար և Էդվարդ Հակոբյանները ծանր վիճակում են եղել, իսկ լուսադեմին՝ մահացել են:

7. Վկա Ղասմ Ասլանյանը, ըստ դատարանի, ցուցմունք է տվել, որ դեպքի օրը` 2013թ. հոկտեմբերի 20-ին, ընկերոջ` Հայկ Վարդանյանի հետ աշխատանքից տուն վերադառնալիս`դեպի Աշտարակ քաղաք գնալիս ավտոմեքենայով անցել են Եղվարդ-Երևան ավտոճանապարհով: Ճանապարհին իր առջևով շատ դանդաղ՝ մոտ 30-40 կմ/ժ արագությամբ «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը: Ցանկացել է դուրս գալ վազանցի, սակայն չի ստացվել, քանի որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ևս դուրս է եկել վազանցի:

Ըստ դատարանի՝ վկան հայտնել է, որ իր համար նախատեսված երթևեկելի գոտում վերադասավորվելուց հետո նկատել է, որ կարմիր գույնի մի «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա բարձր արագությամբ նախ շրջանցել է իր, այնուհետև` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սկսել է բարձր արագությամբ վարել «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի հետևից, իսկ ինքը շարունակել է երթևեկել նույն արագությամբ: Քիչ անց ինքը այդ նույն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան տեսել է լուսաֆորի կարմիր լույսի տակ կանգնած, որից հետո այն կրկին առաջ է անցել և իրենք այլևս չեն նկատել այդ ավտոմեքենան:

Որոշ ժամանակ նկատել են, որ ճանապարհին վթար է տեղի ունեցել. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան առաջամասով հարվածել էր «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կանգնել է Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երթևեկելի մասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան հարվածից շրջվել և կանգնել էր նույն ավտոճանապարհի երթևեկելի մասում՝ դեպի Եղվարդ քաղաքի ուղղությամբ` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա:

Դատարանն արձանագրելով, որ վկա Ղասմ Ասլանյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, հրապարակել է վկա Ղասմ Ասլանյանի նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, ըստ դատարանի, վկա Ղասմ Ասլանյանը դատարանին հայտնել է, որ ցուցունքների մեջ եղած հակասությունները պայմանավորված են նրանով, որ դեպքի օրն իրենք փորձել են տարբեր ձևերով օգնել վթարից տուժածներին, հանգամանքները լավ չի հիշել, որ նախաքննության ընթացքում ևս ճիշտ ցուցմունքներ է տվել: Իր հիշելով □Վազ-2121□ մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիներից մեկն իրենք են պոկել, քանի որ Հայկ Վարդանյանը ավտոմեքենայի տանիք բարձրանալիս ոտքը դրել է դրա վրա, իսկ երկրորդ հայելու մասին ոչինչ չի հայտնել:

8. Վկա Հայկ Վարդանյանը, ըստ դատարանի, ցուցմունք է տվել, որ դեպքի օրը ընկերոջ՝ Ղասմ Ասլանյանի հետ միասին երթևեկել են դեպի Եղվարդ քաղաք տանող ճանապարհով: Ճանապարհին ցանկացել են վազանցել իրենց առջևով ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, սակայն այդ պահին մեկ այլ ավտոմեքենա բարձր արագությամբ վազանցել է թե՛ իրենց և թե՛ վերը նշված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդն է բարձրացրել արագությունն ու առաջ ընկել: Այնուհետև, երբ իրենք կանգնել են լուսաֆորի կարմիր լույսի տակ, քիչ հեռու ավտովթար են նկատել և մոտենալով՝ տեսել են, որ վերը նշված «ԲՄՎ» մակնիշի ավտոեքենան առաջամասով հարվածել է «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:

9. Եղվարդի հրշեջ ծառայության հրշեջ փրկարար, վկա Տիգրան Խաչատրյանը, ըստ դատարանի, ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասին ահազանգ ստանալուց հետո անմիջապես երեքով՝ ինքը, վարորդն ու իրենց հրամանատարը մեկնել են դեպքի վայր: Հասնելով դեպքի վայր՝ իրենց ավտոմեքենան կանգնեցրել են վթարված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողքին և վարորդի նստատեղը կոտրելու միջոցով այնտեղից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանին, որից հետո վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չի զգացել:

Իրենք դեպքի վայրում այլ տուժածների չեն տեսել:

10. Եղվարդի հրշեջ ծառայության ավագ հրշեջ, վկա Վռամ Վարդանյանը, ըստ դատարանի վճռի, ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2013թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:24-ին, ահազանգ են ստացել Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասին և 2-4 րոպե անց արդեն եղել են դեպքի վայում: Գնալով դեպքի վայր՝ նկատել են, որ «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենային: Մոտեցել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային և վարորդի նստատեղը կոտրելու միջոցով այնտեղից դուրս են բերել Վարդան Պետրոսյանին, ում վրայից ինքն ալկոհոլի հոտ չի զգացել: Ավտոմեքենայից դուրս բերելուց հետո Վարդան Պետրոսյանին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայում վթարից այլ տուժածներին ինքը չի տեսել:

Իր վճռում դատարանը վկայակոչել է նաև այլ վկաների ցուցմունքներ, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ, դեպքի վայրի, և տրանսպորտային միջոցների  զննության արձանագրությունները, դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը:

Դատարանի վերլուծությունը

Անդրադառնալով ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Ն.Բաղդասարյանի միջնորդությանը` դեպքի վայրի զննության արձանագրությունները, տրանսպորտային միջոցի զննության վերաբերյալ արձանագրությունը, ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության արձանագրությունը, ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությունը, դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու և դրանց` որպես ապացույցների անթույլատրելիությունը հաստատելու պահանջի մասին, դատարանը գտել է, որ միջնորդությունը հիմնավորված չէ, և ենթակա է մերժման:

«Տվյալ պարագայում դատարանը գտնում է, որ քննիչը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները երկու ընթերակաների մասնակցությամբ զննում կատարելու համար: Հրավիրված երկրորդ ընթերական, ում տվյալները նշվել է Վարդան Կարապետյան, մասնակցել է զննմանը:

Ճիշտ է փաստացի նման անուն ազգանունով անձը չի հայտնաբերվել և չի հարցաքննվել դատաքննության ընթացքում, սակայն դատարանը գտնում է, որ դեռևս այդ ընթերակայի տվյալներում առկա տեղեկություններում անճշտություններ լինելը չի բացառում վերջինիս ներկայությունը և մասնակցությունը 2013թ. հոկտեմբերի 20-ին` Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ժամը 22:50-ին կատարված դեպքի վայրի զննությանը:

Դատաքննության ընթացքում հարցաքննված բազմաթիվ վկաների ցուցմունքներով հաստատվել է, որ ինչպես 2013թ. հոկտեմբերի 20-ին, կատարված դեպքի վայրի զննությանը, այնպես էլ «ԲՄՎ» և «Վազ 2121» ավտոմեքենաների զննությանը օրենքով սահմանված կարգով երկու ընթերակաների մասնակցելու հանգամանքը»,- իր վճռում նշել է դատարանը:

Որպես Վարդան Պետրոսյանի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առել ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի` ՀՀ ԱԺ պատգամավորներ` Ա. Ռուստամյանի, Ա. Բաբայանի, Ա. Վարդանյանի և Ա. Մինասյանի և արվեստագետների կողմից նրա դրական բնութագրվելը և անձնական երաշխավորությունը, ինչպես նաև նրա նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը:

Դատարանը Վարդան Պետրոսյանի  պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները, այն որ ամբաստանյալ Վ. Պետրոսյանը տուժող կողմին ցուցաբերել է 20.000 ԱՄՆ դոլար օգնություն և պատրաստակամություն է հայտնել տուժողներին կրկին ցուցաբերել նյութական օգնություն, ինչպես նաև նրա վատառողջ լինելը: Իսկ պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

«Հաշվի առնելով ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի անձը դրական բնութագրող հանգամանքները, նրա կողմից կատարած արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու հիմքեր չկան, քանի որ միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում հնարավոր է ապահովել պատժի նպատակները»,- նշված է դատարանի վճռում:

 Պատրաստեց ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս