Բաժիններ՝

«Պատասխանատվությունը պապայի վրա է եղել, որն ասել է՝ ես տեր եմ». Սամվել Խուդոյանը՝ ռազմական ուսումնարանում տեղի ունեցած սպանության մասին

«Ցանկացած երեխա իր ընտանիքի պատկերն է, և հաճախ ծնողները բողոքում են դրա համար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես՝ հենց իրենք են մեղավոր եղել իրենց երեխայի դաստիարակության հարցում: Տղա դաստիարակելու շատ վատ սովորություն ունեն հայրերը՝ քեզ բան ասող լինի, կգնաս, կխփես, կջարդես, քեզնից ուժեղը չկա, ինչ կուզես՝ կանես, մեկ ա ես տեր եմ, ու ահա այս «պապան տեր է»-ն է, հանգեցնում է պատասխանատվության անկման: Եվ այստեղ էլ ես ենթադրում եմ՝ այդ տղան պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, պատասխանատվությունը պապայի վրա է եղել, որն ասել է՝ «ես տեր եմ»»,- Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում տեղի ունեցած սպանության վերաբերյալ այս կարծիքը հայտնեց հոգեբան Սամվել Խուդայանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երևանում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանք կալանավորված են:

Խոսելով այն մասին, թե արդյոք նման հանցագործություններ կատարողները հոգեկան շեղումներ չե՞ն ունենում, հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց, թե այդ փաստը զենք դարձնել չի կարելի: Ըստ նրա, հոգեկան հիվանդներին առհասարակ բնորոշ չէ ագրեսիան, սպանությունը, ընդհակառակը՝ բարձր տագնապայնությունն է հոգեկան հիվանդին բնորոշ:

«Հոգեկան հիվանդներից հազարից մեկը կարող է գնալ նման քայլի, և նույն Պերմյակովի համար էլ ասել, որ նա հոգեկան հիվանդ է՝ սխալ կլինի, և եթե ասում ենք հոգեկան հիվանդ, նախ՝ պետք է հաստատենք: 99%-ի դեպքերում հոգեկան հիվանդությունը մարդուն բռնության չի տանի»,- ասում է հոգեբանը:

Ասուլիսին հրավիրված մյուս բանախոսի՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ գոյություն ունի զինվորականների հոգեբանություն, որը «սովորական մարդկայինից» տարբերվում է. զինվորականների արժեքային համակարգն այլ է, գործողությունների դրդապատճառներն ամբողջովին այլ են: Նրանք ուրիշ ձևով են ընկալում աշխարհը:

«Պատկերացրեք, ձեր կողքին ձեր ընկերոջը գնդակը սպանում է, ու դու գիտես՝ դու էլ վաղը չես լինի: Այնտեղ կյանքը ուրիշ գին ունի, լրիվ ուրիշ արժեքային համակարգ ունի այն մարդը, որը գիտի՝ վաղը գնալու է պատերազմ՝ կյանքը զոհաբերելու: Իմ ծառայության ժամանակ մեր ռազմական դպրոցի սպաներից մեկը սպային գնդահակարեց, որովհետև սպան նրա նկատմամբ շատ խիստ էր, վատ էր վերաբերվում, նստեմացնում էր, և այն պահին, երբ նրա ձեռքը զենք էին տվել, նա այդ քայլին գնաց:

Այնպես որ՝ բանակում մի փոքր այլ է, այնտեղ կյանքն ուրիշ արժեք ունի, ով գնում է բանակ, նա գիտակցում է, որ պատրաստ է զոհաբերելու իր կյանքը: Մեր առօրյա կյանքի համեմատ՝ նրանց համար կյանքը լրիվ ուրիշ գին ունի»:

Սոցիոլոգի կարծիքով՝ մարդը, երբ ամբոխի մի մաս է, լրիվ ուրիշ վարքագիծ ունի, նա իր ինքնավերահսկողությունը կորցնում է, դառնում է հոսանքի մի մաս: Խմբային գործողության ընթացքում, երբ խմբի անդամները բորոբոքվում են մի նպատակով, իրենք կորցնում են իրենց ինքնավերահսկողությունը ու այդ նպատակի տրամաբանույթամբ են աշխատում:

Ահարոն Ադիբեկյանը նաև կարծում է, որ մեր խնդիրը մինչև հիմա ծեծը որպես հարց լուծելու միջոց ընկալելն է, և ծեծի ծայրահեղ ձևը ֆիզիկական բռնությունն է, որը կարող է բերել դանակահարության և այլ կոպիտ դեպքերի:

«Այս միջադեպը ցույց է տալիս, որ բռնությունը դեռ մնում է մեր հարաբերություններում, և իրոք եթե մենք դաստիարակչության համակարգը պետության միջոցով չփոխենք, դա կշարունակվի՝ ամուսինը կծեծի իր կնոջը, ծնողը՝ երեխային, հայրը՝ տղային կացինով կսպանի… Մեր հարցումները՝ բռնություն ընտանիքում, ցույց են տալիս, որ ծնողների 40 %-ը գտնում է, որ ծեծը դաստիարակչական եղանակներից մեկն է, երբ այլ միջոցները չեն ազդում երեխային վրա»,- ասում է նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս