ԵՄ-ը լուրջ պատճառներ չունի՝ Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու համար. Վոլքան Բոզքըր
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը Վաշինգտոնում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԵՄ-ը «լուրջ պատճառներ չունի»՝ Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու համար:
Նախարարի խոսքերով՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը «կենսական կարևորություն ունի» Եվրոպայի համար: Անդրադառնալով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու (TTIP) հաստատման խնդրին՝ Բոզքըրն ընդգծել է, որ անհրաժեշտ է լուծել այդ հարցը, որպեսզի Թուրքիան չտուժի դրանից: Նա մանրամասնել է, որ TTIP-ը պետք է հարմարեցվի ԵՄ-ի Մաքսային միության անդամ երկրներին.
«Թուրքիան երկար ժամանակ ցանկանում է ԱՄՆ-ի հետ ունենալ ազատ առևտրի մասին համաձայնագիր, սակայն ԵՄ-ի Մաքսային միության հետ կապված լինելու պատճառով ցայժմ չի ստորագրվել այդպիսի պայմանագիր:
ԱՄՆ-ը վերջին շրջանում երրորդ երկրների հետ ստորագրել է ազատ առևտրի մասին համաձայնագրեր, որով և Թուրքիան հայտնվել է դժվարին կացության առջև՝ կապված այդ երկրների հետ զրոյական մաքսատուրքով շուկաները բացելու հետ:
Միակ ելքն այն է, որ Թուրքիան էլ այդ երկրների հետ ստորագրի ազատ առևտրի մասին համաձայնագրեր: Եթե ամերիկյան ապրանքներն առանց մաքսատուրքերի մուտք գործեն թուրքական շուկա, ապա Թուրքիան կարող է կորցնել 3-5 միլիարդ դոլար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վոլքան Բոզքըրը Նորվեգիայում հայտարարել էր, որ Թուրքիան կդադարեցնի ԵՄ-ի մաքսային միությանն իր անդամակցությունը, եթե ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև Անդրատլանտյան առևտրային-ներդրումային գործընկերության ստորագրման ժամանակ հաշվի չառնվեն իր տնտեսական շահերը: