Դեմքը խոնավեցնող 6 դիմակ ձմեռային չորության դեմ

Ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների պակաս է զգում։ Այդ պակասը զգում է նաև մեր մաշկը, որը, ինչպես վկայում են կոսմետոլոգները, օրգանիզմի հայելին է։ Այդ պատճառով էլ մաշկը պահանջում է ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին խնամք։
Ճիշտ ընտրված ձմեռային սննդակարգը մեզ կօգնի այդ հարցում, սակայն միայն ներքին խնամքը բավարար չէ։ Ձմռանը մաշկն ավելի զգայուն է։ Ցրտի ազդեցությամբ այն կարող է թեփոտվել և թոշնել։

Դրանից կարելի է խուսափել համապատասխան դիմակների միջոցով։ Շատ դիմակների հիմքում ընկած են դասական բաղադրամասեր՝ մեղր, վարսակ և յուղեր։ Դրանք սնուցում և խոնավացնում են մաշկը։

Եվ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձմեռային դիմակների 6 տարբերակ։

Մեղրի հիմքով դիմակներ

1. Մեղր և դեղնուց

Այս դիմակը կխոնավացնի և կհարթեցնի մաշկը։ Դեղնուցի մեջ պարունակվող А վիտամինը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը, իսկ մեղրն այդ վիտամինի ազդեցության համար հիմք է ստեղծում։
Սակայն այս դիմակը ավելի լավ է քսել պիլինգից հետո։

1 թ/գ մեղրը և 1 դեղնուցը քսել դեմքին և պարանոցին և 15-20 րոպե հետո լվանալ տաք ջրով։

2. Մեղր, ձիթայուղ և դարչին

Այս դիմակը դարչինի հաշվին խթանում է արյան շրջանառությունը, մեղրը՝ սնուցում, , իսկ ձիթայուղը հիանալի կերպով խոնավացնում է մաշկը։

Խառնել 1 թ/գ մեղրը, կես թ/գ դարչինը և 1թ/գ ձիթապտղի յուղը մինչև համասեռ զանգված դառնալը։

Քսել դեմքին և պարանոցի հատվածին և լվանալ 15-20 րոպե հետո։
Պետք է հիշել, որ չափաբաժինները պետք է պահպանել, այլապես դարչինը կարող է գրգռել մաշկը:

honey large3. Մեղր, թթվասեր և կաթնաշոռ

Այս դիմակը պատասխանատու է մաշկի գեղեցիկ գույնի համար։ Կաթնաշոռի մեջ եղած կալցիումը մաշկը կհարթեցնի, իսկ մեղրի և կաթնաշոռի մեջ առկա մագնեզիումը կնպաստի կոլագենի արտադրմանը։
Անհրաժեշտ է խառնել 1-ական թ/գ մեղրը, թթվասերը և 3 թ/գ կաթնաշոռը։

Քսել դեմքին և պարանոցի հատվածին, ապա լվանալ տաք ջրով 15 րոպե թողնելուց հետո։

Հաջորդ 3 դիմակների բաղկացուցիչն է վարսակը։

Մաշկի վրա ունեցած բուժական ազդեցությամբ վարսակն առաջատար է։ Այն արագացնում է մաշկի բջիջների ռեգեներացիան, ունի հակաբորբոքային ներգործություն, մաքրում է մաշկը, անց է կացնում մաշկի թեփոտվածությունն ու կարմրությունը։

Եվ այսպես՝

dimak1. Մեղրով, նուշով և վարսակով սկրաբ

Այս դիմակ-սկրաբը խորությամբ մաքրում է մաշկը, հեռացնում է եղջերացած բջիջները, ազատում թեփոտվածությունից, սնուցում մաշկը, լավացնում դեմքի գույնը և նպաստում բջիջների արագ ռեգեներացիային։

Բլենդերի մեջ մանրացնել 1ճ/գ վարսակ և 5 հատ նուշ։ Ավելացնել 1 թ/գ մեղր և, անհրաժեշտության դեպքում, եթե զանգվածը շատ թանձր է, ջուր:
Մերսող շարժումներով դեմքին քսել 2-3 րոպեի ընթացքում, թողնել 10 րոպե, ապա լվանալ տաք ջրով։

2. Վարսակով և կաթով դիմակ

Ունիվերսալ դիմակ է։ Մաշկի վրա ունի համակողմանի բարերար ազդեցություն։ Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար և հակացուցումներ չունի։

Մանրացնել 1 ճ/գ վարսակ և վրան լցնել 3 ճ/գ կաթ։ Խառնել այնքան, մինչև համասեռ զանգված դառնա, և քսել դեմքին ու պարանոցին։
20-25 րոպե հետո լվանալ տաք ջրով։

3. Վարսակի և թեյի ծառի յուղի (масло чайного дерева) դիմակ

Այս դիմակն անց է կացնում մաշկի բորբոքվածությունն ու կարմրությունը։
Թեյի ծառի յուղն ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն, բուժում է մաշկի վերքերն ու բուշտերը։
Հարմար է խնդրահարույց, ճարպոտության հակված մաշկի համար։

Մանրացնել 2-3 ճ/գ վարսակ և վրան լցնել 5 թ/գ տաք ջուր։ Թրմել 5-10 րոպե։ Ավելացնել 7-10 կաթիլ յուղ և 1 թ/գ կիտրոնի հյութ։
Խառնել և քսել դեմքին։ Լվանալ 5 րոպե հետո։

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս