«Շատ ցինիկ է, երբ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կոնտեքստում գործում է և որպես հաշտարար, և որպես սպառազինություն մատակարարող». բրիտանական LINKS-ի ղեկավար
«Շատ ցինիկ է, երբ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կոնտեքստում գործում է և՛ որպես հաշտարար, և՛ որպես սպառազինություն մատակարարող»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Դենիս Սեմութն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածության պատճառներին:
Նա նշեց, թե առաջին հերթին կարևոր է հասկանալ, որ տարածաշրջանային և միջազգային իրողությունները շատ տարբեր են այն իրավիճակից, երբ 1994 թվականին հաստատվեց հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ըստ նրա` հակամարտությունն այսօր բազմաշերտ է և գտնվում է միջազգային անցուդարձի ազդեցության տակ:
«Այնուամենայնիվ, սա չպետք է մեր ուշադրությունը շեղի այն փաստից, որ առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունններինն է հրադադարը հարգելու պատասխանատվությունը և ապահովելու կառուցողական քննարկումներ, որոնք միտված են հակամարտութան խաղաղ կարգավորմանը»,- ասաց Դենիս Սեմութը:
Բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն շատ ջանքեր են ներդրել, որպեսզի կողմերը վճռական քայլերի դիմեն հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու ուղղությամբ` աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
«Այս աշխատանքը պետք է գնահատվի: Մյուս կողմից՝ որևէ վատ բան չկա ՄԽ աշխատանքը քննադատելու մեջ, քանի դեռ այդ քաննադատությունը կառուցողական է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին մենք շատ բացասական զարգացման ականատեսն ենք եղել: Ռուսաստանը ողողել է տարածաշրջանը ամենաժամանակակից սպառազինությամբ: Եթե հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, ապա մարդկային կորուստներն ահասարսուռ են լինելու: Շատ ցինիկ է, երբ ԼՂ հակամարտության կոնտեքստում Ռուսաստանը գործում է միաժամանակ և՛ որպես հաշտարար, և՛ որպես սպառազինություն մատակարարող»,- նշեց Սեմութը:
Դենիս Սեմութի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ժամ» թերթի վաղվա համարում: