Կայուն, ինչպես հանգուցյալը
Երբ Հայաստանում որևէ շարժում է ձևավորվում՝ քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, անմիջապես մեջտեղ է նետվում ամենափորձված «ճշմարտությունը». «Այնպես մի արեք, որ ապակայունացնեք երկրի՝ առանց այդ էլ անկայուն վիճակը: Թշնամին դրան է սպասում»:
Ընտրությունները կեղծվում են, համատարած ընտրակաշառք է բաժանվում, քանի որ, հակառակ դեպքում, եթե ընտրողների ցանկությանը մնա, իշխանության կգան մարդիկ, որոնք Հայաստանի կայունությունը վտանգի տակ կդնեն:
Խաղաղ պայմաններում բանակում զոհեր ենք ունենում, և երբ այդ մասին բարձրաձայնում ենք, ներկայացնում գեներալիտետի կոռումպացվածությունն ու հիվանդ փոխհարաբերությունները զորամասերում, պահանջում, որ զինվորներին սպանողների կամ խելագարության հասցրած հանցագործների դատավարությունն արդար լինի, այդպիսով դույլ առ դույլ ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին, ապակայունացնում երկրում վիճակը:
Բյուջեն թալանում են իշխանությունները, ԿԲ-ի, Ֆինանսների նախարարության համար միլիարդավոր դրամների շքեղագույն ուսումնական կենտրոններ են կառուցում, պետությունը գործարարներին թալանում է, մարդկանց բյուջետային խղճուկ աշխատավարձից անհամաչափ մեծ հարկեր գանձում: Սակայն պետք է լռել, որպեսզի երկրում իրավիճակը հանկարծ չապակայունանա:
Գյումրիում ընտանիքի բոլոր անդամներին սպանում են, ու մարդասպանին հայաստանյան արդարադատությանը հանձնելու՝ ՀՀ քաղաքացիների արժանապատիվ պահանջը ոստիկաններով ճնշվում է: Եվ դարձյալ՝ հանուն երկրի կայունության:
Ու Մարտի 1-ի տասը զոհերն էլ հանուն երկրի կայունության էին:
Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած վայրագությունն ու թշնամանքն ավտոերթի մասնակիցների հանդեպ, ավտոմեքենաների ապակիներն ուղևորների, այդ թվում՝ կանանց ու երեխաների վրա ջարդելը ևս` միմիայն հանուն երկրի, այս դեպքում՝ Արցախի կայունության համար էր:
Այս դեպքում տեղին է տալ նաիվ մի հարց՝ հիմա կայունությունը լա՞վ է, թե՞ վատ:
Կայունությունը տարբեր է լինում: Եթե խոսքը Շվեյցարիայի մասին է, ապա իհա՛րկե լավ է: Բայց ճահիճներում ևս սարսափելի կայուն է: Կայուն է նաև Հայաստանում:
Հայաստանի իշխանությունները կայուն հարստանում են: Կայուն է մեր երկրում հասարակության անվստահությունն իշխանությունների, պետական բոլոր ինստիտուտների հանդեպ: Կայուն են արտագաղթի ծավալները: Կայուն է սահմանին զոհված տղաների մասին տեղեկատվությունը: Կայուն է աղքատության ցուցանիշը: Կայուն է տնտեսության անկումը:
Եթե այս կայունությունն այնքան հարազատ է, որ հնարավոր չէ բաժանվել նրանից, դա ևս կայուն դիագնոզի մասին է խոսում: Ի դեպ, չափազանց կայուն վիճակում է նաև մահացած մարդը. ավելի կայուն երևի չի լինում:
Սակայն այս կայունությունը չէ, որ, ինձ թույլ եմ տալիս ենթադրել, ցանկանում է հասարակությունը:
Եվ ոչ մի կերպ հասկանալի չէ, թե երկրում կայունությունն ինչո՞ւ է փայփայվում, երբ այդ նույն կայունությունը երկրի գահավիժման պատճառ է:
Արդեն տևական ժամանակ է՝ մայրաքաղաքում ծեծի են ենթարկվել բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ՝ ազատամարտիկներ, ակտիվ քաղաքացիներ: Ընդ որում, հարձակվողները դիմակներով էին, մահակներով և անպատիժ (ինչպես, ի դեպ, Բերձորի ջարդն իրականացնողները):
Վնասել ու այրել էին Նախախորհրդարանի որոշ անդամների ավտոմեքենաները՝ սոցցանցերի որոշ օգտատերերի սրամտության դոզան ավելացնելով՝ իբրև թե իրենք են իրենց ավտոմեքենաները վնասել:
Նախախորհրդարանի գործունեությունը գուցե շատերին անհասկանալի է և շատերի համար՝ անընդունելի, սակայն մեզնից յուրաքանչյուրի տեսակետները ևս նույն ճակատագիրն ունեն՝ ոմանց տարօրինակ են թվում, ոմանց՝ անհեթեթ: Սակայն քաղաքական տարաձայնությունները հիմք ընդունել, ա՛յս ձևով ու ա՛յս հետևանքներով հաշվեհարդար տեսնել խաղաղ երթի մասնակիցների հետ, քաղաքական և, առհասարակ, տարրական տհասության մասին է վկայում: Այն դեպքում, երբ ցանկացած խոհարարուհի կարող է հիմնավորել, թե ինչու չէր կարելի Հայաստանի ու Արցախի հարաբերություններում փայտն այսքան ճկել:
Ու այսօր իրավիճակը նույնն է, ինչ Գյումրիի դեպքերից հետո. մարդիկ իրենք իրենց բորբոքում են, մտովի պատ շարում Հայաստանի և Արցախի սահմանին, ապա այդ պատը գիտակցաբար քանդում՝ հասկանալով վտանգի աստիճանը:
Բերձորում տեղի ունեցած դեպքից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունը ոմանց, թերևս, ստիպի մտածել, թե գուցե հեռախոսակապը լավ չի եղել, ու Ոստիկանության կամ հատուկջոկատայինների ղեկավարները չե՞ն կարողացել վերջիններիս զանգահարել ու ասել՝ ինչ է տեղի ունեցել:
Սակայն առավել հավանական վարկածն այն է, որ նրանք ասելու ոչինչ չունեն: Թեև դա էլ վատ տարբերակ չէ, եթե հաշվի առնենք, թե խոսողներն ինչեր են ասում: Միակ խոսկանը ԼՂՀ նախագահի խոսնակն էր, որի ասածը ճշմարտությունից հեռու էր. ըստ նրա՝ ոստիկաններն ու հատուկջոկատայինները զինված չեն եղել:
88-ից այսկողմ, Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր զրկանքներն ու զոհերը հաշվել ենք զուտ բարոյական հարթությամբ: Երբևէ առիթ չէր եղել հիշելու, թե ով և ինչքան զրկանք է կրել, քանի հարազատ է կոցրել այդ պատերազմի տարիներին: Այսօր զրույցներն այլ ուղղությամբ են ընթանում. մտովի մի մեծ ու անառիկ պատ ենք կառուցում Հայաստան-Արցախ սահմանին, որը քանդելը չափազանց բարդ է լինելու:
Պատասխանատվությունն այս ու սրան հետևող բոլոր իրադարձությունների համար կրում են ԼՂՀ և ՀՀ իշխանությունները:
Սակայն, հաշվի առնելով նախադեպերը, այս անգամ էլ, բացառապես հանուն երկրի կայունության, նրանք կլռեն: Ի վերջո, Հայաստանում ու Արցախում ամեն ինչ կայուն է, բայց աշխարհում, արի ու տես, ճիշտ հակառակը…