
Բերձորում չեն խնայել կանանց և երեխաներին. Նանոր Սեֆիլյանը՝ երեկվա դաժան հարձակման մասին (տեսանյութ). 1in.am

Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի դեմ գրոհի հրամանը Բաղրամյան 26-ից է եղել: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում նշել է Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանը, որը նույնպես իր երեխաների հետ ներկա է եղել տեղի ունեցածին:
Նրա խոսքով` Ժիրայր Սեֆիլյանը մարմնական վտասվածքներ է ստացել, հիմնականում աչքի շուրջ:
«Ժիրայրը երեկ իրեն մի պահ վատ զգաց, տարանք Վայոց ձորի հիվանդանոց, պարզվեց՝ ներքին արյունահոսություն չկար, ամեն ինչ լավ էր: Հիմա համեմատաբար լավ է, 2-3 օրից ավելի լավ կլինի»,- ասել է նա:
Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Նանոր Սեֆիլյանը պատմել է հետևյալը.
«Նախ ասեմ, որ մենք ուզում էինք ընդամենը խաղաղ երթով, ինչպես Հայաստանի մյուս բոլոր շրջաններն ենք գնացել, հանգիստ մեկնենք Արցախ՝ որպես Հայաստանի մի անբաժան մաս: Այնտեղ էլ կազմակերպենք մեր ավտոերթը, հանդիպենք ուսանողների հետ, նրանց տեղեկացնենք Հիմնադիր խորհրդարանի նպատակի, գաղափարների մասին: Այդ նպատակով ուզում էինք շաբաթ-կիրակի գնալ Արցախ:
Արդեն բոլորին է հայտնի, որ երբ հասանք Արցախի սահմանին, այն փակ էր, ոստիկանները չթողեցին, որ մտնենք Արցախ: Ոստիկանությունն ասաց, որ ձեզ չենք թույլատրելու: Մինչ այդ մենք որոշ տեղեկություններ ունեինք, որ հնարավոր է խափանեն մեր այցը, որովհետև շատերը Ֆեյսբուքում գրում էին՝ «մի՛ եկեք» և այլն: Մենք ամեն դեպքում ուզում էինք լավ բան անել: Մենք մեր ընտանիքով էինք, մյուս մարդիկ` իրենց ընտանիքներով, երեխաներով: Մեզ թույլ չտվեցին մտնել Արցախ:
Երբ ուզեցինք շրջվել ու վերադառնալ, այդ պահին գրոհն սկսվեց: սպեցնազի մարդիկ էին և մի քանի հարբած, քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք հավանաբար ոստիկաններ էին: Սկսեցին աջ ու ձախ, անխնա խփել` առանց նայելու կին, երեխա»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: