Մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց 6 սկզբունքները
Հեղինակավոր «Fortune» ամսագիրն ամեն տարի հրապարակում է մոլորակի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որը, իրոք, ոգեշնչող է: Ձեզ ենք ներկայացնում այդ ցանկը՝ հիմնվելով այդ մարդկանց հաջողությունների և, որ ամենակարևորն է, առաջնորդի այն հատկությունների վրա, որոնք այդ մարդիկ ունեն:
«Պատրա՛ստ եղեք փոփոխություններին, ցուցաբերե՛ք ձեր կարողությունները՝ ինչ-որ բան փոխելու ցանկությունից դրդված».
«Fortune» ամսագրի ցուցակում Անգելա Մերկելը 2-րդն է, ով կին քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի: Նա ինքն իրեն ցուցաբերել է որպես ուժեղ քաղաքական գործիչ՝ ճգնաժամի պայմաններում պատասխանատու որոշումներ կայացնելով:
Փոփոխությունների անհրաժեշտություն տեսնելու կարողությունն իրեն կարճ ժամանակահատվածում դարձրեց ընդօրինակման արժանի, վստահ և հզոր առաջնորդ:
«Շրջապատեք ձեզ բացառիկ մարդկանցով»
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գեներալ Ժոզեֆ Դանֆորդը և՛ զինվոր է, և՛ քաղաքական գործիչ: Դանֆորդի խոսքերով՝ ինքը հաջողության է հասել՝ իրեն շրջապատելով բացառիկ մարդկանցով: «Fortune»-ին տված իր հարցազրույցում Դանֆորդը պատմել է, որ մի անգամ ինչ-որ մեկն իր հետ կիսվել է հաջողության հասնելու 3 կանոններով: Առաջին կանոնն ասում էր՝ շրջապատեք ձեզ լավ մարդկանցով: «Ժամանակի ընթացքում մյուս երկու կանոնները ջնջվել են հիշողությունիցս, սակայն այս մեկն ընդմիշտ մնացել է»,- ասում է նա: Յուրաքանչյուր ղեկավարի համար տաղանդավոր մարդկանց գտնելն ու դաստիարակելը հաջողության հիմնական բանալին է:
«Փորձարկումներ արեք»
«Harlem Children’s Zone»-ի գլխավոր նախագահ Ջեֆրի Կանադան ասել է. «Կրթությունն այն միակ արդյունաբերությունն է, որի վրա միլիարդավոր, բայց այնուամենայնիվ՝ անարդյունք դոլարներ են ծախսվում»: Նա ցանկանալով փոխել այս ամենը՝ որոշեց Հարլեմ շրջանի 24 բնակելի շենքերից ստեղծել մի վայր, որտեղ երեխանները կդաստիարակվեն և աջակցություն կստանան ամբողջ կյանքի ընթացքում: Այժմ «Harlem Children’s Zone»-ին են պատկանում ավելի քան 100 բնակելի շենքեր, իսկ բարձր դասարանի երեխաների 95%-ը սովորում է քոլեջներում:
«Ստիպեք մյուսներին զգալ իրենց պատասխանատվությունը»
U2 խմբի մեներգիչ Բոնոն կոչվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային առաջնորդ: Բայց, ինչպես հայտարարել է «Fortune»-ին տված հարցազրույցի ժամանակ. «Իսկական իշխանությունն ուրիշներին իրավունքներ տալու և հնարավորություններն ընդլայնելու մեջ է: Այն ղեկավարը, որն ի սկզբանե կստիպի կազմակերպության բոլոր անդամներին հավատալ իրենց գաղափարներին և առաքելությանը, իսկապես ոգեշնչող առաջնորդի օրինակ է»:
«Կապի մեջ եղեք մարդկանց հետ, որտեղ էլ որ նրանք լինեն»
Տիբեթյան հոգևոր առաջնորդ Դալայ Լաման, ամենայն հավանականությամբ, այս ցանկի սոցիալական ցանցերի ամենաառաջադեմ առաջնորդներից մեկն է: Twitter-ում նա ունի ավելի քան 8.6 միլիարդ բաժանորդ: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, որոնք կապ չունեն տիբեթական ազգի հետ և բուդդիզմ չեն դավանում, ուսումնասիրում են Դալայ Լամայի խոսքերը: Ստացվում է, որ նա ամենուր է:
«Դեմ մի՛ գնացեք ձեր սկզբունքներին»
Այս տարվա ցանկի առաջին տեղում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Նա այն քիչ մարդկանց թվին է պատկանում, ով երբեք իր սկզբունքներին դեմ չի գնում: Նա դեմ կանգնեց պապական հարյուրամյա ավանդույթներին՝ հրաժարվելով իր գրասենյակային մի քանի շքեղ ատրիբուտներից, կոչ արեց եկեղեցուն նոր մոտեցում ցուցաբերել հղիության արհեստական ընդհատման և միասեռականության հարցին:
Շատերը կարծում են, թե առաջնորդ ծնվում են,այլ ոչ թե՝ դառնում: Սակայն յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ բացառիկ առաջնորդ՝ ընդօրինակելով նրանց, ումով հպարտանում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լևոն Սեյրանյանը