Բաժիններ՝

«Այնպես չէ, որ մենք վաղը պայմանագիր ստորագրենք զարգացած Նոր Զելանդիայի հետ՝ մեր վիճակը միանգամից կլավանա». Տնտեսագետ

«Ռուսաստանում ընդունվեց հակաճգնաժամային ծրագիր, ըստ որի՝ կառավարությունը պետք է աջակցի արտահանմանը, փոքր և միջին բիզնեսին, սուբսիդավորի վարկերը, որոնք վերցնում են այն ձեռնարկությունները, որոնք ուղղված են արտահանմանը, և սուբսիդավորի անապահով խավերին, իսկ Հայաստանը հակաճգնաժամային ծրագիր չունի»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ ընդգծելով նման ծրագրի կարևորությունը:

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն արդեն առաջին քայլն արել է: «Արտահանումը խրախուսեցին, շահութահարկը 20 տոկոսից իջեցրեցին 2 տոկոս՝ այն արտահանողների համար, որոնք 50 միլիարդ դրամից կամ 105 միլիոն դոլարից ավելի են արտահանում: Համապատասխան քայլեր է անում նաև Կենտրոնական բանկը: Այն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսը՝ մինչև 9.5 տոկոս, և միավորում է բանկերը, որը, իրենց կարծիքով, կայունացնում է բանկային համակարգը»,- նշեց տնտեսագետը:

Նա հորդորեց բոլոր պետական մարմիններին, առաջին հերթին՝ Կենտրոնական բանկին՝ օպտիմիզացնել իրենց ծախսերը. «ԿԲ-ն 26 միլիարդ դրամ նախատեսել է ԿԲ-ի կապիտալ ծախսերի համար, 6.5 միլիարդ նախատեսված է վարչական ծախսերի համար: Մենք պետք է հնարավորություն ստեղծենք վերաբաշխել այն միջոցները, որոնք հիմա առաջին անհրաժեշտություն չունեն, որպեսզի կարողանանք նաև մեր սոցիալական ծանր վիճակում գտնվող խավերին փոխհատուցել»:

Ըստ տնտեսագետի՝ մենք դե ֆակտո սերտ փոխկապակցված ենք Ռուսաստանի հետ՝ անկախ նրանից՝ մտնո՞ւմ ենք ԵՏՄ, թե՞ ոչ. «Միևնույն է՝ այդ հարվածը սանկցիաներից մենք ստանում ենք: Ենթադրենք՝ ՌԴ-ի անկումը կլինի 4-5 տոկոս, Հայաստանում էլ կլիներ նույնը: Այսինքն՝ դե ֆակտո մենք արդեն փոխկապակցված ենք, դե յուրեն ոչինչ չի փոխում»:

Կարդացեք նաև

Ա. Թավադյանի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամ լինելը, առաջին հերթին՝ հնարավորություն է տալիս գոնե հիմա օգտվել էժան ռեսուրսներից և որոշակի պայմաններ ստեղծել արտադրական խնդիրներ լուծելու համար, ինչպես նաև՝ լուծել մեր պաշտպանության համար անհրաժեշտ խնդիրները.

«Այնպես չէ, որ մենք վաղը պայմանագիր ստորագրենք զարգացած Նոր Զելանդիայի հետ՝ մեր վիճակը միանգամից կլավանա: Իրականությունն է միայն ցույց տալիս այն ուղղությունը, որով դու կարող ես շարժում անել: Եթե քո պատրաստի արտադրանքը արտահանվում է միայն Ռուսաստան, այնտեղ որոշակի դժավարություններ են առաջանում, հիմա ավելի՞ դժվարացնենք»:

Տնտեսագետը նկատեց, որ պետք չէ գերագնահատել այս կամ այն միության հնարավորությունները. «Աճ ունենալու համար այդ միությունն ընդամենը 2 տոկոսի հնարավորություն է տալիս, այն էլ՝ առաջին 2 տարիներին: Որպեսզի էական աճ ունենանք, մենք պետք է ճշգրտենք մեր տնտեսական, հատկապես՝ դրամավարկային քաղաքականությունը»:

Հարցին՝ որքանո՞վ ենք մենք պատրաստ այդ պայմաններից օգտվել, տնտեսագետը պատասխանեց. «Լավ պատրաստ չենք: Մենք հիմա պետք է մշակենք այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են մեզ մոտ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս