Պատգամավորները այցելել են Տավուշի մարզ. նրանք հանդպել են սպանված զինծառայող Արման Ուդումյանի ընտանիքին (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը հունվարի 30-ին այցելել են Տավուշի մարզ:

ԱԺ փոխնախագահի եւ պատգամավորների առաջին հանդիպումը Չորաթան գյուղի
բնակիչների հետ էր: Խորհդարանականները նախ ծաղիկներ են դրել գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, այնուհետեւ զրուցել են գյուղացիների հետ՝ փորձելով հասկանալ, թե 2015 թվականից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները որքանով են թեւթեւացրել սահմանամերձ համայնքների խնդիրները:

Խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ցանկացած
առաջարկ եւ միասին գտնելու դրանց լուծման ուղիները: Կարեւորելով սահմանամերձ
բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ պատգամավորներն իրենց խոսքում նշել են, որ առաջիկայում այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես ՌԴ-ից մի խումբ գործարարներ նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերում հիմնել նոր ձեռնարկություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատատեղեր:

Patgamavorner-Tavush4

Patgamavorner-Tavush8

Patgamavorner-Tavush3

Patgamavorner-Tavush5

Patgamavorner-Tavush

Patgamavorner-Tavush1

Patgamavorner-Tavush2

Չորաթանում խորհրդարանականներն այցելել են օրեր առաջ հայ-ադրբեջանական
սահմանին հակառակորդի կողմից սպանված պայմանագրային զինծառայող Արման
Ուդումյանի ընտանիքին, զրուցել երեխաների եւ հարազատների հետ:

Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը
եղել են նաեւ Չինարի գյուղում: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների
հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են սոցիալական,
առողջապահական, կենցաղային եւ իրավական ոլորտներին: Որպես սահմանապահ գյուղ՝ Չինարիի բնակիչները խնդրել են, որ պետությունն իրենց որոշակի լրացուցիչ
արտոնություններ տրամադրի: Անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ Էդուարդ
Շարմազանովը նշել է, որ պետք է առաջնահերթություն տալ հրատապ լուծում պահանջող հարցերին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սահմանամերձ գյուղերում առկա ցանկացած խնդիր պետք է լինի յուրաքանչյուր պատգամավորի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի կողմից Չինարիի գյուղապետ Սամվել
Սաղոյանին, Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանին եւ Բերդի հոսպիտալի
տնօրեն Էդիկ Գրիգորյանին պարգեւատրել է ԱԺ անվանական ժամացույցներով:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատգամավորները եղել են Տավուշի մարտական հենակետերում եւ Մեհրաբի գնդում, ուսումնասիրել դրանց պայմանները, ծանոթացել զինվորների առօրյային ու խնդիրներին: Պատգամավորները բարձր են գնահատել Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը, իսկ հայ սահմանապահներն էլ իրենց հերթին նշել են, որ գիտակցում են, որ մեր հայրենիքի անվտանգության պաշտպաններն են եւ վստահեցրել են, որ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է:

«Հայրենիքը սկսվում է սահմանից»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված
պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ
Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:

Խորհրդարանականները զինվորականներին նվիրել են հայրենասիրական գրականություն:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս