Արդյոք Գյումրիում սպանության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքեր հայտնաբերվե՞լ են. պարզաբանում է Քննչական կոմիտեն

168.am-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրում կամ դրա տարածքում հայտնաբերվե՞լ են տեսանկարահանող սարքեր: Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «Նախաքննական մարմինը հանձնարարություն է տվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը և այդպիսիք հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Պատասխանները ստացվել են, սակայն քննության շահերից ելնելով՝ դրանց բովանդակությունը ներկայացնելը նպատակահարմար չէ»:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մշակվել են մի շարք վարկածներ, որոնց ուղղությամբ քննություն է տարվում, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման համար, և ձեռք բերված ապացույցների հրապարակումը քննության շահերից չի բխում:

Քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցին հայտնել են նաև, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մազի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ նաև հայտնել էին, որ այսօրվա դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս