Լևոն Բարսեղյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. «Թող ինքն իրեն անտեղյակի տեղ չդնի և չհամարձակվի վախեցնել գյումրեցիներին, բան դուրս չի գա»
«Ոստիկանապետը փորձում է վախեցնել գյումրեցիներին և շատ վատ է անում, գյումրեցիներն իրենից չեն վախենում»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարության մասին, ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքերին, ասել էր. «Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»:
Լ. Բարսեղյանը հիշեցրեց, որ Գյումրիում տեղի ունեցած ցույցերը եղել են ինքնաբուխ, և ըստ նրա՝ ոստիկանությունը կոպիտ սխալ է արել՝ այս օրը Գյումրու գլխավոր մայրուղին՝ Գարեգին Նժդեհի փողոցը, փակելով. «Ոստիկանությունը չի պաշտպանել որևէ շենք, որևէ կառույց, որևէ մարդու որևէ հարձակումից, ուղղակի փակել են փողոցը: Եթե ոստիկանապետը տեղյակ չէ, կարող է գալ, տանենք՝ ցույց տանք, թե իր ոստիկանները որտեղ են կանգնած եղել: Այսինքն՝ ինքը շատ կոնկրետ խախտել է և՛ Սահմանադրությունը, և՛ մարդու իրավունքները, մարդկանց տեղաշարժման ազատությունը սահմանափակել է հրամայական կերպով: Կա՛մ ինքը պետք է պատասխան տա, կա՛մ այն ոստիկանը, կա՛մ այն տեղակալը, որը հրամայել է խոչընդոտել մարդկանց տեղաշարժը»:
Լ. Բարսեղյանի խոսքով՝ ցուցարարները որևէ շենքի, որևէ մարդու վրա չեն հարձակվել. «Թող վիդեոները դնի՝ նայի, եթե չունի՝ կարող ենք ուղարկել, նստի ու նայի: Ցուցարարները երթ են արել՝ Գյումրու կենտրոնական փողոցներով, հանդիպել են ոստիկանական ապօրինի պատնեշի, ոստիկանները փակել են փողոցը՝ մայթից մայթ, որևէ մեկին, կամ ավտոմեքենա չեն թողել անցնել, բացատրություն չեն տվել մարդկանց, թե ինչու են իրենք փակել փողոցը: Մի քիչ էլ, որ խորանանք, այսպես կհասկանանք՝ ոստիկանական համազգեստով, հատուկ միջոցներով ինչ-որ մարդիկ (գուցե հանցագործներ են եղել) փակել են Գյումրու կենտրոնական փողոցը ցուցարարների առաջ: Այսինքն՝ ոստիկանները հրահրել են և սադրել են պահը, մարդիկ զայրացել են ու ուզել են իրենց ճանապարհը շարունակել, ինչի հնարավորությունը չեն տվել: Ամբողջ պատասխանատվությունը այդ այլանդակության ընկնում է ոստիկանության, և անձամբ Վովա Գասպարյանի վրա: Եթե ինքն այս բաները չի հակսանում՝ կարող ենք բացատրել իրեն, որտեղ ուզում է՝ այնտեղ էլ կարող ենք բացատրել»:
Լ. Բարսեղյանը նկատեց նաև, որ Երևանում համանման դեպքերում ոստիկանները փակում և պաշտպանում են կոնկրետ շենքը, օրինակ, ՌԴ դեսպանատան շենքի դիմաց են պատնեշ կանգնում, իսկ Գյումրու դեպքում, նրա խոսքով՝ ՌԴ հյուպատոսարանը չեն փակել կամ պաշտպանել, և բախումն այդտեղ չի եղել. «Այսինքն՝ ինքը փոքրիկ Մարտի 1 էր ուզել սարքել այստեղ, չի հաջողվել իրեն:
Ընդհանրապես այս խնդիրները ծագել են Գևորգ Կոստանյանի անհեթեթ, անհիմն հայտարարությունների պատճառով, բոլորին դա հայտնի է, թող ինքն իրեն անտեղյակի տեղ չդնի և չհամարձակվի փորձել վախեցնել քաղաքացիներին, բան դուրս չի գա: Ինքը Գյումրիում տեսավ, որ բան դուրս չի գա»: