ՌԴ մուտքի արգելքի խնդրով միգրացիոն ծառայություն են դիմել մոտ 3500 միգրանտներ. ԱՌԿԱ
Այսօր Հայաստանի պետական միգրացիոն ծառայության դիտարկման փուլում են մոտ 3500 քաղաքացիների հայտարարություններ, որոնց նախորդ տարի մերժել են աշխատանքի նպատակով մուտք գործել ՌԴ: Ինչպես փոխանցում է ԱՌԿԱ-ն, այս մասին ասել է Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
ՌԴ կառավարության հունվարի 13-ի որոշման համաձայն` հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ աշխատանքի իրավունքի հարցում փաստացի հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին: Այդպիսով, գործատուներն իրավունք ունեն աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավել Հայաստանի քաղաքացիներին` առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու։
«Ցավոք, այն հայ քաղաքացիների համար, որոնց նկատմամբ այս կամ այն պատճառով ՌՄ մտնելու արգելք էր գործում, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո այն դեռևս ուժի մեջ է մնում»,– ասել է Դավթյանը Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում։
Ըստ նրա` Պետական միգրացիոն ծառայությունը փորձում է օգնել այդ քաղաքացիներին։
«Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Մենք հավաքում ենք այդ դիմումները և ուղարկում Ռուսաստանի միգրացիոն ծառայություն»,– ասել է նա՝ պարզաբանելով, որ պատասխանը սովորաբար գալիս է 2-3 ամիս անց, և գրեթե 30 տոկոս դեպքերում պատասխանը դրական է լինում։
ՊՄԾ–ի պետի տեղակալն ընդգծել է, որ պատասխանը դրական կարող է լինել մեղմացուցիչ հանգամանքների դեպքում։ Օրինակ, եթե ընտանիքի անդամներից մեկը կամ մտերիմ հարազատը ՌԴ քաղաքացի է։ Կամ այն դեպքում, երբ մարդը կրթություն է ստանում Ռուսաստանի Դաշնությունում։
«Եղել են դեպքեր, երբ դիմումատուն մերժվածների ցուցակում պատահական է հայտնվել։ Հաշվի են առնվում նաև ֆորսմաժորային իրավիճակները` հիվանդություն, բուժման կամ շտապ օգնության անհրաժեշտություն, ինչպես նաև թեթև խախտումների դեպքում, երբ մարդն ուշացրել է գրանցումը, կամ դուրս է եկել երկրից ոչ թե 90 օր անց, այլ, ասենք, 95 օր անց և ավելի»,– պարզաբանել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում