Ֆինանսական հաշտարարին ուղղված բողոքների մեծ մասը եղել է ապահովագրական ընկերությունների դեմ

Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից: 2015 թվականի հունվարի 24-ին լրացավ Հաշտարարի գրասենյակի գործունեության վեց տարին:

ՖՀՀ-ն ամփոփել է 2014 թվականի արդյունքները։ Ըստ այդմ՝ 2014թ. գրասենյակն արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ` նախորդ տարվա համեմատ, մասնավորապես` 2014թ.-ին հաճախորդների բողոքների թիվը 2013թ.-ի նկատմամբ աճել է 62%-ով, իսկ քննած պահանջները` 56%-ով:
2014թ.-ին գրասենյակ ներկայացված 3907 բողոքների գծով, որոնցից 3244-ն են վերաբերել ֆինանսական համակարգին, հաճախորդներից յուրաքանչյուրին գրասենյակի աշխատակիցները տրամադրել են խորհրդատվություն, բացատրել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգնել են լրացնել բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ:

Գրասենյակի կողմից 2014թ.-ի ընթացքում քննության են ընդունվել 1277 պահանջ: Պահանջների քննության արդյունքում գործերի 77.04%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (22.01.2015թ.-ի դրությամբ թվով 208 գործ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 61.1%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից 2014թ.-ին քննության ընդունված 1277 գործից՝ թվով 1069 գործի շրջանակներում (22.01.2015թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հատուցվել է 170,564,504 ՀՀ դրամ գումար:
Ավելացնենք նաև, որ քննության ընդունված 1277 դիմումներից 1021-ը եղել է ապահովագրական ընկերությունների դեմ, 230-ը՝ բանկերի, 14-ը՝ ապահովագրողների բյուրոյի, 5-ը՝ վարկային կազմակերպությունների դեմ։ Տարվա ընթացքում քննության է առնվել նաև դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների դեմ 4 և գրավատների դեմ 3 բողոք։

Տեսանյութեր

Լրահոս