Ըստ ՀԳՄ նախագահի՝ Հայաստանում այս տարի գործազրկությունը կաճի
«Հակասություններ կան մոտեցումների մեջ. ասում էին՝ գուցե շրջանառությունն ավելի մեծ է, բայց թաքցնում են: Սակայն, իմ կարծիքով, այդպես չի, մարդիկ խնդիրներ ունեն: Տեսնենք, թե կառավարությունն ինչ մոդելի վրա կկանգնի: Սա կարևոր խնդիր է, որովհետև բոլոր բիզնեսների մեջ միկրոբիզնեսը կարևոր դեր ունի և ուղղակի վրայով անցնելը շատ սխալ կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, ի՞նչ լուծում կարող է լինել շրջանառության հարկի փոփոխությունների հետ կապված, քանի որ դժգոհությունները մնում են և մարդիկ կրկին բողոքի են ելել փետրվարից ուժի մեջ մտնող փոփոխությունների դեմ, որոնցով 3%-ի փոխարեն շրջհարկը սահմանվում է 1%, սակայն պարտադիր է դառնում փաստաթղթավորումը:
Ըստ նրա՝ լուրջ դժգոհություններ կարող են առաջանալ, քանի որ մարդիկ իսկապես շատ վատ են ապրում, վարկային տոկոսների տակ են, եթե լավ ապրեին, այդ ծանր վիճակում չէին լինի:
Գ.Մակարյանը խորամանկ ու կարևոր որոշում անվանեց մոտ 100 մլն դոլարի արտահանման դեպքում շահութահարկի կտրուկ նվազեցումը՝ 20%-ից 2%:
Անդրադառնալով տարվա սպասումներին՝ միության նախագահը նշեց, որ Հայաստանի համար կանխատեսում են զրոյական աճ, իսկ ՌԴ-ի համար՝ նվազում, որը կազդի տրանսֆերտների վրա: Ըստ նրա՝ սպասվում է գործազրկության մեծացում: Տնտեսական նման պայմաններում Գ.Մակարյանը լավագույն լուծումը տեսնում է ընտանեկան բիզնեսի խթանման մեջ, որի դեպքում մինչև 18 մլն դրամ շրջանառությունը չի հարկվում, միայն ֆիքսված 5000 դրամ եկամտահարկ է սահմանված:
«Հարկավոր է, որ պետական կառույցները շատ խոսեն այդ մասին: Պետք է մարդկանց մոտիվացնել ու հորդորել գնալ դրան»,- ասաց նա: